ԲԻԶՆԵՍ ԳՐԱՆՑԵԼԻՍ ԿՎԵՐԱՆԱ ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր գրանցվող բիզնեսները, իրավական հակասությունների հետեւանքով առաջացող խնդիրներով պայմանավորված, հաճախ ունենում են հարկման՝ իրենց համար նախընտրելի համակարգն ընտրելու հետ կապված դժվարություններ: Առաջարկվում է խնդիրը կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակարգի մասին նշման իրավասություն վերապահող նորմի վերացման միջոցով:

 

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի լրատվության բաժնից:

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում:

Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ նախագծի ընդունմամբ` բիզնես գրանցելիս կվերանա հարկման համակարգ ընտրելու հետ կապված տեխնիկական անհստակությունը, ինչպես նաեւ կխնայվի ՊԵԿ-ի եւ դատարանների կողմից խնդրի առարկա գործերի վրա ծախսվող ժամանակը:

Միաժամանակ առաջարկվում է Պետական ռեգիստրի գործակալությունում ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցողներին տեղեկացնել փոխկապակցվածության հետ կապված հարկման համակարգերի ընտրության սահմանափակումների վերաբերյալ հետագա խնդիրները կանխարգելելու նպատակով:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում տեղ գտած որոշ, մասնավորապես՝ հսկողության եւ վերահսկողության հետ կապված դրույթները հստակեցնելու, ինչպես նաեւ «աշխարհագրական նշում» հասկացության սահմանումը վերանայելու անհրաժեշտությամբ:

«Միգուցե մենք «Գավառի փախլավա» աշխարհագրական տեղանուն կունենանք, եւ դա կօգնի, որպեսզի այդ տարածքի փոքր եւ միջին ձեռնարկություններն ունենան իրենց արժանի մրցակցային առավելությունը եւ այդ աշխարհագրական տեղանվան անվանումով ապրանք վաճառեն, եւ միայն իրենք վաճառեն»,-պարզաբանել է նախարարը՝ նշելով, որ առաջարկվող կարգավորումները քննարկվել են համապատասխան մարմինների հետ:

Նշվել է, որ նախագիծը համահունչ է Եվրամիության օրենսդրությանը, որն արձանագրվել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 231-րդ հոդվածի 1-ին մասում:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախաձեռնության նպատակը Հայաստանի Հանրապետությունում սերմերի եւ տնկանյութի հավաստագրման պետական տուրքի եւ դրույքաչափի սահմանումն է: Ըստ այդմ՝ առաջարկվում է սերմերի եւ տնկանյութի հավաստագրման համար սահմանել 5.000 դրամ պետական տուրք:

 

 

 

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ՉԶԱԳՍԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, հրավիրվել էր ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Քննարկվել է 2 օրենքի նախագիծ, որոնք ներկայացրել են Պաշտպանության նախարարության  եւ ոստիկանության պատասխանատուները:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մարտական գործողությունների ժամանակ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շրջանակում ընդգրկել նաեւ զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող եւ համատեղ զավակ ունեցող անձը, իսկ զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձը չի համարվում շահառու:

Նախագծի ընդունման դեպքում շահառու կհամարվեն նաեւ զինծառայողի եղբայրը եւ քույրը, եթե տվյալ զինծառայողների մասով նախկինում որեւէ այլ շահառու գումար չի ստացել: Շահառուների բացակայություն առաջարկվում է համարել համապատասխան շահառուի ֆիզիկապես գոյություն չունենալը՝ ներառյալ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ ծնողական իրավունքներից զրկված լինելը կամ համապատասխան կարգավիճակ չունենալը:

««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով նախատեսվում է ոստիկանությունում ծառայության անցնելու առավելագույն տարիք սահմանել 35 տարին՝ նախկին 30-ի փոխարեն:

Օրինագծի ընդունման արդյունքում կբարձրանա ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման եւ ոստիկանությունում ծառայության կազմակերպման արդյունավետությունը:

ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կներկայացվեն խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

 

 

ԵՂԱՆԱԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 08-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում 08-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ:

Սեպտեմբերի 09-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 07-ին կնվազի 4-6, այնուհետեւ 09-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

 

 

 

 

ԿԱԼԱՆՔԸ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ Է ԳՐԱՎՈՎ 

Սեպտեմբերի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում 2020թ. մարտի 18-ին Արծվաբերդ գյուղում դանակահարության հետեւանքով մահացած, Բերդ համայնքի Այգեձոր գյուղի 22-ամյա բնակիչ Բորիս Ալիփյանի մայրը լացելով հայտնեց, որ իր որդու մահվան գործով դատավարության սեպտեմբերի 6-ի նիստը Բերդ քաղաքում չի կայացել։ Այն չի կայացել, քանի որ քրեական գործով մեղադրվող, Արծվաբերդ գյուղի բնակիչ Արտակ Մխիթարյանին եռամսյա վարժական  հավաքի են տարել։ «Դատալեքս» դատական կայքից տեղեկացա, որ Արտակ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 19:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան բնակավայր տանող հանդամիջյան ավտոճանապարհի 0,1 կիլոմետրում միջամտել է Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի բնակիչներ Դավիթ Ծաղկյանի, Սարգիս Բաբայանի, Զոհրաբ Եղիազարյանի, Արթուր Եղիազարյանի, Ազատ Օրդյանի, Բորիս Ալիփյանի եւ իր եղբայրների՝ Անդրանիկ եւ Արմեն Մխիթարյանների միջեւ տեղի ունեցող վիճաբանությանը եւ ծեծկռտուքին, որի ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով երկու անգամ հարվածել է Դավիթ Ծաղկյանին՝ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, նույն դանակով մեկ անգամ հարվածել է Բորիս Ալիփյանի ձախ ազդրի վերին երրորդականի առաջամիջնային մակերեսին, որի հետեւանքով առաջացած արյան առատ արյունահոսությունից րոպեներ հետո անզգուշությամբ առաջացրել է Բորիս Ալիփյանի մահը։ Ա. Մխիթարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով, 113 հոդվածի 1-ին մասով եւ 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով։ Նա 2020թ. մարտի 21-ից մինչեւ 2021թ. սեպտեմբերի 13-ը եղել է կալանքի տակ: 2021թ. սեպտեմբերի 13-ին բավարարելով Արտակ Մխիթարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Մխիթարյանի  խափանման միջոց կալանքը փոխարինել է 5 միլիոն դրամ գրավով։

 

 

 

ԴԻՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:44-ին, տեղեկություն է ստացվել, որ Ջողազի ջրամբարում ջրահեղձված քաղաքացի կա.  փրկարարները ջրամբարից դուրս են բերել տղամարդու դիակ։ Դիակը գտնվել է ոչ թե ջրամբարում, այլ Քարահան գետը ջրամբար լցվելու վայրում, ուր ձկնորսը նկատել է ջրից դուրս եկած ձեռք։ Տղամարդու դիակը շատ ուռած է եղել, այն չեն կարողացել ճանաչել։ Կիրանց գյուղից, որի որոշ բնակիչներ տեսել են դին, հայտնեցին, որ չի բացառվում, որ տղամարդը ոչ թե խեղդվել է ջրամբարում, այլ նրա մահը վրա է հասել բռնություն գործադրելու հետեւանքով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս