ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ՑԵՄԵՆՏԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջարկվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով՝ մեկ տոննայի համար սահմանելով 9.000 դրամ՝ 14.000 դրամի փոխարեն, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել: Աժ կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի հերթական նիստում, երբ քննարկվում էր իր եւ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Բաբկեն Թունյանի պարզաբանմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: «Մեր նպատակը ոչ թե այն է, որ մենք տեղական արտադրողների համար գերարտոնյալ պայմաններ սահմանենք ու թույլ տանք, որ իրենք թանկ ցեմենտի հաշվին կարողանան շահույթ ունենալ, այլ ստեղծել մրցակցային վիճակ, որտեղ իրենք կունենան նաեւ մրցակիցներ, եւ դա որոշակի առումով կզսպի իրենց գերախորժակները, եթե այդպիսիք կլինեն, եւ նաեւ շուկայում կկարգավորվեն ե՛ւ որակը, ե՛ւ ծավալները, ե՛ւ գները»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Նախագծի ընդունման արդյունքում կճշգրտվի 2019թ. գործող կարգավորումը՝ համապատասխանեցնելով ցեմենտի շուկայում վերջին զարգացումներին եւ փոփոխված ելակետային պայմաններին: Կվերանականգնվի ցեմենտի շուկայի հավասարակշիռ մրցակային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճը:

Տեղական ընկերությունների համար խթաններ ստեղծելով՝ քայլեր կձեռնարկվեն արտադրողականության բարձրացման եւ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ:

Հարակից զեկույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովն ԱԺ խորհրդին կառաջարկի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

 

 




Լրահոս