«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ զրուցել է պաշտպանության նախարարության կողմից շրջանառված ու աղմուկ հանած 24 մլն դրամի նախագծի շուրջ:
-Տիկի՛ն Գրիգորյան, պետությունը, ի դեմս պաշտպանության նախարարության, շրջանառել է օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է 24 միլիոն դրամ վճարել պետբյուջե եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Ի՞նչ գնահատական եք տալիս օրենքի այս նախագծին:
-Շնորհակալ եմ հարցի համար: Նախագիծը մեզ մոտ եւս անցել է փորձաքննություն, եւ մենք արդեն մեր մտահոգություններով մեր եզրակացությունը ուղարկել ենք պաշտպանության նախարարություն, ինչպես նաեւ պայմանավորվածություն ունենք, որ պետք է առանձին քննարկում լինի այս նախագծի վերաբերյալ: Մեր ընդհանուր մտահոգությունները ես բաժանում եմ 3 մեծ խմբերի՝ 1-ին՝ իրավական, 2-րդ՝ գաղափարախոսական եւ 3-րդ՝ գործառնական: Մեր մտահոգությունն ենք արտահայտել, որ եղած առաջարկվող ձեւակերպումը ու նաեւ օրենքում դրված տրամաբանությունը, պարտադիր ժամկետային զինծառայությունից վաղ ազատման այն հիմքերը, որ հիմա դրված են օրենսդրության մեջ ու նաեւ այդ առաջարկվող մոտեցումը մեզ համար խտրական կարգավորման տպավորություն եւ հիմքեր են ստեղծում: Մենք մեր Սահմանադրությամբ ունենք խտրականության արգելքի վերաբերյալ օրենքի 29-րդ հոդված, որով ասվում է, որ խտրականությունը, հիմնված ի թիվս այլի, անձի գույքային դրության վրա, արգելվում է: Հիմա վերլուծել ենք սահմանադրական դատարանի եւ եվրոպական մարդու իրավունքների դատարանի կողմից այս տեսակ հարցերի խտրականության որակավորումը: Խտրականություն կարող է չհամարվել այն դեպքում, երբ այդ տարբերակումը հետապնդում է իրավաչափ նպատակ։ Նախագծի հիմնավորումներում ինչ որ տեսել ենք, չի տվել մեզ այդ համոզմունքը, որ հետապնդում է այդ իրավաչափ նպատակը, որը կարող է տարբերակված քաղաքականության հիմք դառնալ:
-Իրավաչափ նպատակ ասելով ի՞նչ նկատի ունեք:
-Եթե պետության քաղաքականությունը միտված է, օրինակ, նույն ընտանիքից եղբայրների ծառայությունը հեշտացնելու համար, այդ անձանց համար նախատեսված է, որ համաժամանակյա ծառայության ժամանակ կարող են նույն զորամասում ծառայել, այս նպատակը իրավաչափ է: Այս օրինակի վրա կարող ենք հստակ պնդել, որ խտրական չէ, այլ որեւէ անձանց, եղբայրների, որոնք ծառայում են տարբեր ժամանակահատվածում, կամ եղբայրներ ունեցող զինծառայողների մասով խտրական չէ: Իրականում կառավարության ծրագրում, որը որ այս պահի դրությամբ գործող կառավարությունը հաստատել է ազգային ժողովի կողմից, այս ծրագրում բացի այն, որ նշված է, որ պաշտպանության ոլորտում պետությունը ձգտում է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, պետք է աստիճանաբար անցում կատարի պրոֆեսիոնալ զինծառայության: Ամենակարեւոր ուղղություններից մեկը նաեւ ֆիքսում է, որ այդ անցման նպատակը ինչպես զինծառայության նյութական դրթումն է, այնպես էլ բարոյահոգեբանական: Գաղափարախոսական առումով, հատկապես պատերազմից հետո, նոր եւ ավելի ամուր բանակ կառուցելու եւ զարգացնելու այս տրամաբանության հիմքում կառավարությունը դրել է հենց հասարակություն-բանակ միավորման չտարբերակման, այսինքն՝ զինծառայողի կարգավիճակի, հեղինակության բարձրացումը շարունակաբար ապահովելու, ինչպես նաեւ երաշխիքներ ընդլայնելու միջոցով: Զինծառայողի համազգեստի հեղինակությունը այստեղ ամենակարեւոր նպատակն է: Արդյո՞ք այս փոփոխությունը օգնելու է՝ այս գաղափարախոսությունը առաջ տանելուն, հասարակությանը բանակի շուրջ կոնսոլիդացնելուն եւ այլն: Սա է, որ մեզ համար մտահոգիչ է: Եւ 3-րդ՝ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը զինված ուժերում իրականացնում է քաղաքացիական իրավունքների հսկողություն: Մեր մշտադիտարկման այցերի, դիմում-բողոքների քննարկման շրջանակներում մենք գիտենք խնդիրներ: Խնդիրների միակ լուծումը կարգապահությունն է՝ պատշաճ իրականացվող կարգապահությունը: Սրա վերաբերյալ հիմնարկությունը տարբեր ժամանակներում ու հիմա էլ շարունակաբար տարբեր առաջարկություններ է իրականացնում: Հիմա՝ այս փխրուն շրջանում, արդյո՞ք նման տարբերակումը, թեկուզ այդ նույն կարճ ժամկետում՝ 4 ամսվա ընթացքում, արդյո՞ք օգնում է միջին սպայական, հրամանատարական, ավագ հրամանատարական կազմին եւ, ընդհանարապես, ամրապնդմանը օգնո՞ւմ է եւ չի՞ դառնա լրացուցիչ խտրական վերաբերմունքի պատճառ:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՇԱԲԱԹ ԱՆՑ
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից անցել է ավելի քան 3 շաբաթ, սակայն տարածքն այդպես էլ չի մաքրվում փլատակների հետքերից: Ավելին՝ չի ապամոնտաժվում պայթունավտանգ վիճակում գտնվող շինությունը, ինչպես նաեւ շարունակվում է միակողմանի փակ մնալ «Սուրմալու»-ին հարակից փողոցը: Տարածքը մաքրելու գործը մի գերատեսչությունը մյուսի վրա է գցում:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը կապ հաստատեց պատասխանատու կառույցների հետ: Նախ զրուցեցինք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ: Սակայն Կոստանյանը փոխանցեց, որ իրենց լիազորություններից դուրս է, եւ հավելեց, որ դրանով սեփականատերը պետք է զբաղվի. «Մեր մասով գործողություններն այնտեղ ավարտված են»: Երեւանի քաղաքապետարանից եւս որեւէ հուսադրող պատասխան չտվեցին: Միայն նշեցին, որ քաղաքապետարանը որեւէ լծակ չունի մասնավոր տարածքում գործառույթներ իրականացնելու կամ միջամտելու: Փաստորեն, ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ դա հանրային տարածք չէ: Իսկ ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին փոխանցեցին, որ այդ տարածքում դեռ քննչական գործողությունները շարունակվում են: Բայց նկատենք, որ մեր այցելության պահին այնտեղ ոչ ոք ոչինչ չէր անում, որեւէ գործողություն չէր իրականացվում: Իսկ հարակից տարածքում բնակվող քաղաքացիները դժգոհում են ոչ միայն ճանապարհի միակողմանի փակ մնալուց, այլեւ փոշուց ու աղբից: Ի դեպ, փլատակի վերածված տարածքի դիմացի առեւտրկանները դժգոհում են՝ նշելով, որ փոշուց բացի՝ մեծ քանակի ճանճեր են հայտնվել:
ԱՂՏՈՏ ՏԱՐԱԾՔ
Սա Երեւանյան լճի հարակից տարածքն է՝ աղտոտված: Բնապահպաններն ու անհատ քաղաքացիները չեն դադարում ահազանգել Երեւանյան լճի աղտոտված լինելու մասին:
Կհիշեք՝ Երեւանի քաղաքապետարանն ամիսներ առաջ Երեւանյան լիճը մաքրեց շուրջ 50 տարվա աղբից: Բայց ինչպես տեսնում եք՝ լճի հարակից տարածքը աղտոտված է, ու որեւէ կառույցի կողմից ոչինչ չի արվում մաքրելու ուղղությամբ:
Սա, համաձայնեք, ոչ միայն փնթի քաղաքացու պատկերն է, այլեւ քաղաքապետարանի:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«Իրավիճակը մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգով է զարգանում»,- այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բրյուսելյան հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Խաղաղության պայմանագրի մասին, Ադրբեջանի նախագահի փոխանցմամբ, ադրբեջանական կողմը խոսում է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո: Այդ օրակարգով, ըստ Ալիեւի, հայկական կողմն համաձայնել է շարժվել պատերազմից երկու տարի անց միայն:
Թե ինչ բովանդակություն կունենան ու ինչ ժամկետներում տեղի կունենան բ?նակցությունները, Ալիեւի կարծիքով, ընթացքը ցույց կտա:
«Ես հավատում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում մենք կարող ենք խաղաղության պայմանագիր պատրաստել եւ ստորագրել։ Եթե հայկական կողմը նույն կամքը դրսեւորի, ապա կարծում եմ, որ դա առաջիկայում իրականություն կդառնա»,- ասում է Ադրբեջանի նախագահը: Պաշտոնական Բաքվի փոխանցմամբ՝ իրենք առաջ են քաշել հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնված լինի խաղաղության պայմանագիրը: Ի դեպ, վստահեցնում է Ալիեւը, Հայաստանն ընդունել է դրանք:
«Հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային պահանջներից փոխադարձորեն հրաժարվելը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների սահմանազատումը եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- նշել է Իլհամ Ալիեւը:
Նա նաեւ փոխանցել է, որ Ադրբեջանի կողմից առաջարկված վերոնշյալ սկզբունքներն Հայաստանի կառավարությունն ընդունել է, ու դա օրերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նաեւ Փաշինյանը վերահաստատել է: