ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավորները դուրս են եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  դեմ, քանի որ, ըստ նրանց, հանձնաժողովը սեւ գիծ է քաշել իրենց մասնագիտական առաջխաղացման եւ կարիերայի վրա: Ինչ է կատարվում: Բանն այն է, որ  Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 5-ին որոշում էր կայացրել 10 դատավորի հանել առաջխաղացման եւ հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին եւ օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել: Իսկ ովքե՞ր էին  զրկվել  Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու հնարավորությունից: Վերջիններս  Կարեն  Գրիգորյանը եւ Ռիմա Առաքելյանն էին, որոնց անունները հանվել են  հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից, ինչպես նաեւ՝ դատավոր Նաիրա Ավետիսյանը եւ Սյուզաննա Վարդանյանը, որոնց անուններն էլ հանվել են հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից:

 

Իսկ ինչո՞ւ էր նախագահը դեմ եղել, որ այս դատավորները կարողանային իրենց ցանկալի դատարանում դատավոր աշխատեին: Բանն այն է, որ հակակոռուպցիոն դատարանում աշխատելու համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքության մասով կարծիք է հայտնում, եւ այս դատավորների մասով հանձնաժողովը  բասացական կարծիք է հայտնել, ինչի համար Էլ նախագահը մերժել էր այս դատավորների՝  հակակառուպցիոն դատարանում դատավոր նշանակելու դիմումները բավարարել: Արդյունքում՝ դատավորները ահազանգում են, որ չեն լռելու եւ դատի են տալու  հանձնաժողովին, քանի որ այն օբյեկտիվ չի քննել եւ իրենց կարիերայի վրա սեւ գիծ է քաշել: Դատավորների ահազանգի եւ դժգոհության մասով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ, որը նշեց. «Ես վստահ եմ, որ միակ փաստարկը կամ  միակ պատճառը եզրակացությունը չէ, դա մեկ, եւ հետո՝ եզրակացությունը հիմնված է փաստերի վրա, իսկ թե ինչքանով է այդ փաստերի առկայությունը համատեղելի դատավորի պաշտոնին հավակնող  անձի վարքագծի հետ, կարծում եմ՝ ոչ միայն հանձնաժողովը, ոչ միայն նախագահը, այլ նաեւ պետական մարմինները, այդ թվում եւ քաղաքացիները իրավունք ունեն այդ հարցը բարձրացնելու: Ինչպես իրենք են նշում, թե դա սեւ գիծ է, չեմ կարծում, որ դա վերջնական որոշում է, եթե անձը փոխի իր վարքագիծը, կամ այն խնդիրները, որոնք արձանագրվել են, վերանան, չեմ կարծում, որ անձը դատապարտված է լինելու այդ ճակատագրին, որը փորձում են ներկայացնել»:

Անդրադառնալով այն կարծիքին, որ հանձնաժողովում միգուցե օբյեկտի չի ուսումնասիրել դատավորների բարեվարքությունը եւ բացասական գնահատական է տալիս, Հայկուհի Հարությունյանը  հայտնեց. «Կասկածի տակ դնելու փաստարկ այս պահին չունեմ եւ ավելին՝ ասեմ, որ արդեն 400 գերազանցող եզրակացություն է տրվել հանձնաժողովի կողմից, ինչպես դատավորների, այնպես էլ դատախազների, քննիչների մասով եւ որեւէ  այլ սուբյեկտներ,  բայց այդ դատավորներից որեւէ մեկը ոչ օբյեկտիվության խնդիր հանձնաժողովի եզրակացության մասով չի բարձրացրել այսքան ժամանակ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

1.6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Կառավարությունը երեկվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում հաստատեց ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2021 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը հավանություն տալու մասին որոշումը:

 

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը 2021 թվականի ընթացքում իրականացրել է ընդամենը 19 ստուգում, որոնցից 4-ը գտնվում է ամփոփման փուլում, իսկ 1-ը կասեցված է՝ ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտության հիմքով: Ստուգման արդյունքում հայտնաբերվել են 1.6 մլրդ դրամի խախտումներ:

Հաշվետվության մեջ ասվում է. «Այսպիսով՝ 2021 թվականի ընթացքում վարչության կողմից իրականացվել են ընդամենը թվով 19 ստուգումներ, որոնցից թվով 4-ը գտնվում է ամփոփման փուլում, իսկ 1-ը կասեցված է՝ պայմանավորված ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտությամբ:

2021 թվականին, ինչպես եւ 2020 թվականին, պետական կառավարման մի շարք մարմիններում (ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն) ստուգումներն իրականացվել են ծրագրային բյուջետավորմանը համապատասխան ստուգումներ իրականացնելու սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս հսկողություն սահմանել ծրագրի կամ միջոցառման ողջ գործընթացի նկատմամբ՝ ներառելով բյուջետային հայտերի կազմման աշխատանքներից մինչեւ ծրագիր կամ միջոցառում իրականացնողների կողմից աշխատանքների ավարտման ամբողջական շղթան: Մասնավորապես, նշված սկզբունքի կիրառմամբ վերոհիշյալ թվով 2 պետական մարմիններում ընտրվել են թվով 12 բյուջետային ծրագրեր (միջոցառումներ):

2021 թվականի ընթացքում վարչության կողմից իրականացված եւ ավարտված ստուգումներով արձանագրվել են ընդամենը 1,630.7 մլն դրամի խախտման փաստեր, որոնցից վերականգնման (վերաձեւակերպման) է առաջադրված 766.4 մլն դրամը: Վերականգնման չառաջադրված 864.3 մլն դրամի խախտումներից 818.0 մլն դրամն արձանագրվել է իրավապահ մարմինների պահանջով իրականացված ստուգումների արդյունքում, իսկ մնացած 46.3 մլն դրամի խախտումներն իրենցից ներկայացնում են ոչ նպատակային, ոչ արդյունավետ ծախսեր, «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ եւ այլն: Վերականգնման (վերաձեւակերպման) ենթակա 766.4 մլն դրամից 535.9 մլն դրամն առաջադրվել է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 1.9 մլն դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 228.6 մլն դրամը` հաշվառմամբ վերաձեւակերպման:

Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված գումարներից վերականգնվել է ընդամենը 247.2 մլն դրամ (այդ թվում 87.1 մլն դրամը` 2021 թվականին կատարված ստուգումներով արձանագրված գումարներից, 160.1 մլն դրամը` նախորդ ժամանակաշրջաններում կատարված ստուգումներով արձանագրված գումարներից)»:

 

 

ՄՈԽՐԱՑԱԾ ԴԻ

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, եւ կան կասկածներ, որ ներսում քաղաքացի կա։

Հրշեջները տան խոհանոցում հայտնաբերել են 84-ամյա Վարսենիկ Տ.-ի մոխրացած դին։

 

 

 

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական շահերի, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք դուրս են եկել իր լիազորությունների շրջանակներից, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսեւորելով՝ պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Մասնավորապես.

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին), ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):

Քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:

 

 




Լրահոս