2022 թվականին տեղի ունեցած «Ինֆորմատիկա» եւ «Աստղագիտություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները եւ եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ:
Ինչպես հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւսպորտի նախարարությունից, նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից եւ եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը:
Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կտրամադրվի 5 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաեւ՝ 4 մասնակիցների:
Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետեւյալ կրթաթոշակները.
Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։
Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեեւյան միջազգային օլիմպիադա եւ այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ.
առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։
ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ).
առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։
ՀԵՏՎՃԱՐՆԵՐ ԱԿԲԱ ԲԱՆԿՈՎ
Անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճարի ծրագրին, ՎՏԲ Հայաստան, Արդշին եւ Հայբիզնես բանկերից բացի, միացել է նաեւ ԱԿԲԱ բանկը։ Ինչպես հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, ըստ այդմ, կենսաթոշակը կամ նպաստն ԱԿԲԱ բանկի կողմից թողարկված քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքների դեպքում կհաշվարկվի հետվճար։
Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, որոնք ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5,000 դրամը։
Հետվճարը գործում է նաեւ կոմունալ վճարումների դեպքում. մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլեւ բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
Այն քաղաքացիները, որոնք սեպտեմբեր ամսին կկատարեն անկանխիկ գործարքներ, հետվճարը կստանան մինչեւ հոկտեմբերի 25-ը։
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓ
ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացրեց՝ սահմանելով 31 հազար 600 դրամ. սա թույլ կտա ապահովել, որ Հայաստանում բացառապես բոլորի թոշակները առնվազն 3000 դրամով բարձրանան: Կառավարության երեկվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին խնդրեց ներկայացնել չզեկուցվող եւ ընդունված հարցը:
«Ինչպես նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետը ներկայացրեց, նախատեսում ենք թոշակների բարձրացում մինչեւ առնվազն 3000 դրամով: Սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ: Գործող բանաձ??ով եւ օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան 3000 դրամը, եւ մենք որոշեցինք բարձրացնել՝ նվազագույն կենսաթոշակի չափը հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները ստանան մեր խոստացած 3000 դրամը: Նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների եւ 5186 զինկենսաթոշակառուների ու շուրջ 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները»,-ասաց Մկրտչյանը:
Այսինքն՝ այն խումբը, որոնց թոշակը մինչեւ այս որոշումը սահմանված օրենքով եւ բանաձեւով բարձրացել էր 1900 կամ 2500 դրամով, հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանա մնացած հատվածը:
Իսկ ինչ վերաբերում է 75 հազար նպաստառուներին՝ նախարարը պարզաբանեց, որ նրանք ծերության նպաստ ստացողներն են, որոնց մոտ բարձրացումը տեղի է ունենում ոչ թե Կենսաթոշակառուների մասին օրենքով, այլ Նպաստառուների մասին օրենքով:
«Հետեւաբար մենք որոշեցինք, որ նաեւ պետք է իրենց նպաստը բարձրացնենք, որպեսզի նվազագույն կենսաթոշակի չափին համահունչ լինի: Ընդհանուր առմամբ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ին կավելանան կենսաթոշակն ու նպաստները, որը նրանք կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին»,-ներկայացրեց նախարարը:
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Նախկինում՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք, ընտրություններից առաջ կազմակերպվում էին Երեւանից Տավուշի մարզ բժիշկների այցեր։ Բարեգործական կոչվող այդ այցերը իրականում բժշկական օգնության ձեւով ընտրակաշառք էին ընտրողներին, որպեսզի նրանք ձայն տային իշխող քաղաքական ուժին։ Այդ ավանդույթը հիմա շարունակվում է։ Սեպտեմբերի 25-ին տեղի կունենան Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրություններ, եւ ոչ պատահական կերպով մայրաքաղաքից Բերդ բժիշկների այցը կայանալու է այդ ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Տավուշի մարզպետերանի ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղվել, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը Տավուշի մարզպետարանի աջակցությամբ սեպտեմբերի 10-11-ը կազմակերպելու է բարեգործական բուժայց Բերդի բժշկական կենտրոն, որտեղ մի շարք մասնագետների կողմից կիրականացվեն խորհրդատվություն, բուժզննում, բուժման նշանակում, անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքի ապահովում, հետագայում նաեւ՝ վիրահատությունների կազմակերպում «Շենգավիթ» ԲԿ-ում։ Այդ բուժայցին կմասնակցեն անոթային վիրաբույժ, ընդհանուր վիրաբույժ, նյարդաբան, դուպլեքս մասնագետ, ժառագայթաբան, էնդոկրինոլոգ, մաշկաբան, ուրոլոգ։ Բուժայցի շրջանակներում ակնաբուժական շարժական կլինիկայում իրականացվելու են մասնագիտական ակնաբուժական խորհրդատվություններ, հետազոտություններ եւ ամբուլատոր վիրահատություններ, իրականացվելու են նաեւ դուպլեքս, սոնոգրաֆիկ հետազոտություններ՝ ԲԿ-ի կողմից տրամադրված շարժական սոնոգրաֆիկ սարքավորումով։ «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինության կողմից Բերդի ԲԿ-ին տրամադրվելու են անհրաժեշտ դեղորայք եւ բուժպարագաներ։ Բերդի ԲԿ-ն ակտիվ կերպով ներգրավված է սեպտեմբերի 25-ի ընտրություններում ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործընթացում, այդ ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Զվարդ Ծատուրյանը, որը Բերդի ԲԿ-ի տնօրեն Արմեն Մարդանյանի զոքանչն է, սեպտեմբերի 25-ի ընտրություններում ՔՊ կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակում է։ ՔՊ ավագանիների ցուցակում են նաեւ «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր Թամար Ոսկանյանը, «Ներքին Կարմիրաղբյուրի առողջության պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Մելինե Խաչատրյանը։
ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ
2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին մարզպետարանի աշխատողները ավելի քան 68 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում չեն հրապարակվում մարզպետարանի պաշտոնյաների պարգեւատրումների մասին տեղեկություններ, որպեսզի սոցիալապես անապահով տավուշցիները չիմանան եւ չվրդովվեն այդ տեղեկություններից։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ