ՄԻՇՏ ԱՅԴ ՕՐԸ ՏԽՐՈՒՄ ԵՄ. ԱՆՆԱ ԷԼԲԱԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր դերասանուհի Աննա Էլբակյանը սեպտեմբերի 5-ին նշել է ծննդյան 59-րդ ամյակը: Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է օրվա, գեղեցիկ ապրելու, իր տեսլականի, սիրո եւ երազանքի մասին:

 

«Որպես այդպիսին մեծ խնջույք չի եղել: Օրս շատ լավ է անցել, չնայած, որ ես միշտ այդ օրը տխուր եմ լինում, եւ բացի ինձանից՝ բոլորը ուրախանում են: Ես էլ ուրախանում եմ, որ իրենք ուրախ են: Թոռնիկներս շատ գեղեցիկ նկարներ, քանդակներ էին պատրաստել ինձ համար: Ուզում եմ, որ մարդիկ թատրոնը տեղափոխեն կյանք՝ հարսանիքներին, սգո սրահներերում: Թե՛ բեմում, թե՛ կյանքում, ես անում եմ այնպիսի բաներ, որ մարդիկ չեն անում, վախենում են»,-ասաց նա:

Նշենք, որ դերասանուհին 1982 թվականին ավարտել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից դրամատիկական ստուդիան եւ աշխատանքի է ընդունվել նույն թատրոնում որպես դերասանուհի։ 1986 թվականին ավարտել է ԵՊՀ արվեստագիտական ֆակուլտետը։ Առաջին քայլերը բեմում արել է տասնյոթ տարեկանում՝ խաղալով Վ. Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» Էլզիի դերը, հետագայում խաղում է Յ. Ռայնիսի «Փչիր քամիում» Բայբա, Գ. Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» Վալյա, Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունում» Ֆանշեթ, Լ. Ռազումովսկայի «Սիրելի Ելենա Սերգեեվնա» Լյալյա։

Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում եւ մի շարք գեղարվեստական կինոնկարներում, այդ թվում Զորայր Խալափյանի համանուն վեպի հիման վրա «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» բազմասերիանոց ֆիլմում, «Սպիտակ ոսկոր», «Գողը», «Դեմքով դեպի պատը», «Ուրվագիծ» եւ այլ ֆիլմերում։

Աննա Էլբակյանն աշխատել է որպես դերասանուհի «Մետրո» թատրոնում, Համազգային թատրոնում, ինչպես նաեւ Էդգար Էլբակյանի անվան դրամայի եւ կոմեդիայի թատրոնում։ 2000թ.-ից Երեւանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր ռեժիսորն է։

Մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների, ինչպես նաեւ հանդես է եկել սփյուռքում։ Աննա Էլբակյանը բազմերանգ է, իմպրովիզացիոն տարերքի դերասանուհի է եւ ունի մեծ դիապազոն, ինչը վկայում եւ նրա խաղացած դերերը՝ Ու. Շեքսպիրի «Արքա Լիր» Կորդելիա, Վ. Սարոյանի, Թ. Ուիլյամսի, Է. Հեմինգուեյի ստեղծագործությունների հիման վրա «Ուիլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ» Ուիլի, Թիթի, Ջիգ, Մոլիերի «Տարտյուֆ» կոմսուհի, Կ. Մանեի «Օսկար» Հելեն, Յու. Օ՝ Նիլի «Սերը ծփիների տակ» Աբբի, Վ. Սարոյանի «Քարանձավի բնակիչները» Թագուհի, Թ. Ուիլյամսի «Անսպասելիորեն անցյալ ամառը» Կետրին, Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» Ժուլիետ։

 

 

 

 

Queen-Ի «ՇՈՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ» STARMUS-Ի ԲԵՄՈՒՄ

Լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը մի խումբ անվանի երաժիշտների հետ Երեւանում իսկական երաժշտական տոն պարգեւեց հանդիսատեսին:

 

STARMUS VI փառատոնի շրջանակում տեղի ունեցավ AnotherWorld («Ուրիշ աշխարհը») խորագրով համերգը։

Համերգի ընթացքում Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը ներկայացրեց Queen խմբի հանրահայտ երգերը:

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելել հետեւյալ կատարումները՝ We Will Rock You, We Are the Champions, Bohemian Rhapsody, Another One Bites The Dust:

Ի հիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի՝ Բրայան Մեյը հատուկ կատարմամբ հանդես եկավ նրա թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ:

«Տարիներ առաջ պատիվ եմ ունեցել Ջիվան Գասպարյանի հետ նույն բեմում ելույթ ունենալու, ցավոք, նա հիմա մեզ հետ չէ, բայց այսօր շատ ուրախ եմ հանդես գալ նրա թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ»,- ասաց Մեյը:

Երեկոյի ընթացքում մարզահամերգային համալիրի բեմում կատարումներով հանդես եկան նաեւ Դերեկ Շերինյանը` Սայմըն Ֆիլիպսի, Ռիք Ֆիերաբրաչիի եւ Ռոն Թալ Բամբլֆութի հետ, անգլիացի երաժիշտ Գրեհեմ Գոուլդմանը,  System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Նեմրա» հայկական ռոք խումբը եւ Գոռ Սուջյանը:

Համերգը եզրափակվեց «The Show Must Go On» երգով, որից հետո երկար՝ չդադարող ծափերով հանդիսատեսը շնորհակալություն էր հայտնում երաժիշտներին:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

ԴՈՒՍՏՐ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Նիկոլաս Քեյջը եւ կինը՝ Ռիկո Շիբատան, ծնողներ են դարձել. նրանք դուստր են ունեցել։

Աղջիկը Շիբատայի առաջին, իսկ հոր երրորդ զավակն է:

Քեյջը նախկին հարաբերությունների արդյունքում հայրն է 16-ամյա Քալ-Էլիի եւ 31-ամյա Ուեսթոնի: Նորածինն անվանվել է Ավգուստա Ֆրանչեսկա Կոպոլա Քեյջ: Շիբատայի հղիության մասին լուրը տարածվել էր հունվարին, իսկ ապրիլին արտիստը հայտարարել էր, որ աղջիկ են ունենալու։

58-ամյա Քեյջը եւ 27-ամյա Շիբատան ամուսնացել են 2021 թվականին։ Մեծ խնջույքի փոխարեն աստղերը շատ փոքրիկ ու մտերմիկ արարողություն են կազմակերպել Լաս Վեգասի Wynn հյուրանոցում։

 

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՏՈՒՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Ֆուտբոլի չեմպիոնների լիգայում կայացել են A, B, C, D խմբերի անդրանիկ տուրի հանդիպումները:

A խմբում «Այաքսը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեյնջերս»ի դարպասը, «Նապոլին» 4:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:

B խմբում «Բրյուգեն» նվազագույն հաշվով պարտության մատնեց Լեւերկուզենի «Բայերին», իսկ «Ատլետիկոն» 2:1 հաշվով գերազանցեց «Պորտուին»:

C խմբում «Ինտերը» 0:2 զիջեց «Բավարիաին», Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ խաղին: Այս խմբում «Բարսելոնան» 5:1 խոշոր հաշվով հաղթեց «Պլզենին»:

Եվ D խմբում «Սպորտինգն» արտագնա խաղում հաղթեց «Ֆրանկֆուրտին» (3:0), իսկ  «Տոտենհեմը» գերազանցեց Մարսելի «Օլիմպիկին» (3:0):

 

 

 

ԲԱՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի հանդիպումը «Բազելի» դեմ որակում է բարդ:

«Հանդիպումը կարեւոր է, եւ «Բազելն» էլ՝ դժվար հակառակորդ: Մենք խաղադաշտում պետք է շատ աշխատենք, եթե ուզում ենք հաջողության հասնել: «Բազելն» այժմ առաջատարներից մեկն է մեր խմբում: Վերլուծել ենք նրանց խաղը, եւ մենք ունենք մեր խաղային պլանը»,-նախախաղային հանդիպման ժամանակ ասել է Եղիշե Մելիքյանը:

Մարզչի խոսքով` «Բազելի» առավելությունը անհատական ֆուտբոլիստների որակներն են:

«Բազելն» ավելի ստեղծագործ ֆուտբոլ է ցուցադրում եւ շատ արագ է գործում: Մեզ թիմային խաղ է պետք եւ կենտրոնացվածություն»,-ասել է նա:

 

 

 

 




Լրահոս