«ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ոչ այլ ինչ, քան կոռուպցիոն դրսեւորում է համարում Պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված՝ 24 մլն դրամի նախագիծը, ըստ որի՝ ժամկետային զինծառայողը մոտ 60 հազար ամերիկյան դոլար կարող է վճարել պետբյուջե, մի քանի ամիս զինծառայություն անցնել ու ազատվել բանակից: «Ժողովուրդ» օրաթերթը Նահապետյանի հետ զրուցել է այս եւ այլ հարցերի շուրջ:

 

-Այս օրերին հայ հասարակությունը քննարկում է ՊՆ-ի կողմից առաջ քաշած նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է 24 մլն դրամ վճարել պետությանն ու ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ի՞նչ կասեք այս նախագծի մասին:

-Ես նախագիծը գնահատում եմ մի կողմից հիմար, մյուս կողմից անարդար, թե ինչո՞ւ անարդար, արդեն հասկանալի է, իսկ ինչո՞ւ հիմար,  քանի որ իրատեսական չէ: Իսկ այն իրատեսական չէ մի քանի պատճառներով. առաջին՝ 50 հազար դոլարը քիչ գումար է Հայաստանի Հանրապետության ճնշող մեծամասնության համար, երկրորդ՝ այս օրենքը, որ հնարել են, շատ էժան է, եւ երրորդը, եթե ամեն ինչ գնա ըստ  այս մարդկանց նախատեսածի՝ այս նախագծից օգտվելու են 50 կամ 100 անձ:  Սա իրական կյանքում  այնքան մեծ կիրառություն չի ունենալու,  ինչքան որ «մատի փաթաթան» է դառնալու բազմահազար մարդկանց համար, եւ սա մեծ խնդիր է: Իսկ ընդհանուր առմամբ, հիմա իրենք ներկայացնում են, թե սա  կոռուպցիայի դեմ ուղղված նախագիծ է: Հասկանանք՝ կոռուպցիան նյութական գործունեությամբ չունեցած իրավունքներ նվաճելն է: Իմ գնահատականն այն է, որ սա օրինական կոռուպցիա է, եւ այս նախագիծը հակահայկական նախագիծ է եւ ուղղված է պետություն դեմ:

-Մի շարք բարձրաստիճան զինվորականներ այս օրերին պատասխանատվության են կանչվում, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում: Ի՞նչ գործընթաց է սա՝ ըստ Ձեզ:

-Ինչ վերաբերում է գեներալներին, ես չէի ուզի խախտել պարոն Ջալալ Հարությունյանի  եւ պարոն Միքայել Արզումանյանի  անմեղության կանխավարկածը: Մի բան ակնհայտ է՝ որպես երեւույթ՝ իրենց մեղսագրվող արարքները տեղի են ունեցել,  թե ում կողմից կամ ում մեղքով, եւ ինչ պայմաններում, դա պետք է պարզվի: Այն, որ մեր բանակը գտնվել է  այնպիսի վիճակում, որպիսին մասամբ գրված է քրեական գործի շրջանակներում, փաստ է: Մեղքի օբյեկտիվ կողմի տակ պետք է գրվի նաեւ՝ ովքեր են դա արել: Չեմ կարծում, որ նմանատիպ խնդիրներ միայն բանակի հրամանատարական կազմն է ունեցել: Ցավալի է, որ դու ամենից շատ վստահում ես երկուսին, եւ նշանակումից հետո չեն կարողանում համակարգել: Հրամանատարից թե՛ վերեւ, թե՛ ներքեւ կարող են հանցավոր անփութություն կատարել, եւ ցավալին այն է, որ սա եղել է, կա եւ կշարունակի լինել, քանի որ չկա քաղաքական կամք:

-Սրան զուգահեռ նախկին բարձրաստիճան զինվորականներն ասում են, թե «բանակին քննադատել պետք չէ, դրա թալանի մասին խոսել պետք չէ», ու հարցաքննությունների շարքը պետք է Նիկոլ Փաշինյանից սկսել:

-Ես համաձայն  չեմ այն դիրքորոշման հետ, որ սպաներին պետք չէ դիպչել եւ կամ միայն քաղաքական ղեկավարության հարցն է պետք բարձրացնել պատասխանատվության ենթարկելիս: Կարծում եմ, որ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն: Քաղաքական ղեկավարության պատասխանատվությունն այն է, որ իրենք չեն փոխել գոյություն ունեցող  համակարգը: Զինվորականների պատասխանատվությունն այն է, որ իրենք գործող համակարգը չեն կարողացել կիրառել: Այս երկու խնդիրներն էլ հանցավոր են, եւ երկուսն էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ես «կամ սա, կամ նա»-ի նշաններ չեմ ուզում շարել. բոլորը պետք է պատասխան տան: Բոլոր նրանք, ովքեր մտածում են՝ կարող են իրենց գործած մեղքը բարդել մեկ այլ անձի ուսերին, միեւնույն է, գալու է ժամանակ, որ իրենք էլ են պատասխան տալու:

-Այս ամենի համատեքստում էլ ՊՆ Սուրեն Պապիկյանը լիահույս է, որ «Մեր երազած բանակը սարերի հետեւում չէ»: Ըստ Ձեզ՝ որտեղի՞ց նման հույս նրան: Դուք պատերազմից հետո բանակի վերազինում տեսե՞լ եք, նկատե՞լ եք:

-Պարոն Պապիկյանը ճիշտ է, որ մեր երազած բանակը սարերի հետեւում չէ, եւ սարերի հետեւում ադրբեջանական բանակն է: Սա այն խնդիրն է, որի մասին պետք է մտածեն: Այդ մտածելը պետք է դրսեւորվի  աշխատանքներով, որոնք այսօր չկան: Ես երաշխավորոմ եմ, որ այդ աշխատանքները չկան: Հայաստանը փոքր երկիր է,  եւ շատերիս հարազատները ծառայում են Հայաստանի տարբեր դիրքերում եւ տարբեր պաշտոններ են զբաղեցնում,  եւ մեր երկրում հնարավոր չէ համապարփակ ռեֆորմներ անել: Մեծածավալ որեւէ գործ չի արվում բանակում,  այն ողբերգական իրավիճակում է թե՛ բարոյահոգեբանական, թե՛ նյութատեխնիկական եւ թե՛ ինժեներատեխնիկական առումով. բոլոր ասպեկտներում մենք   մեծագույն խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Պաշտպանության նախարարությունը դեռ շարունակում է մի քանի ադրբեջանցիների դեմ-հանդիման միայնակ դուրս եկած, բայց նրանց չհանձնված, գերի չընկած հայ տղամարդու նույնականացման աշխատանքները: Օրերս, նշենք, համացանցում տեսանյութ էր տարածվել, որ հայ տղամարդը, հայտնվելով ադրբեջանցիների շրջափակման մեջ, չի լսում, չի համաձայնում նրանց՝ գերի հանձնվելու, ու, ըստ երևույթին, հերոսաբար ընկնում է:

 

Ըստ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի՝ համադրելով ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաեւ երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները, կարելի է 95 տոկոսով եզրակացնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։

Պաշտպանության նախարարությունը սակայն դեռեւս չի շտապում ասել, որ տեսանյութում պատկերվածը Տարոն Անդրեասյանն է: «Նույնականացման աշխատանքները չեն ավարտվել: Չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում հարցին, սխալվելու իրավունք չունենք: Նույնականացման աշխատանքների ավարտից հետո միայն լիարժեք, ճշգրիտ եզրակացություն կլինի»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նա նաեւ նշեց, որ մի քանի գործողություն է մնացել, ինչի ավարտից հետո նոր միայն ՊՆ հայտարարություն կտարածի: Այդ գործողություննները, ըստ Թորոսյանի, հիշյալ տարածքում գտնված ստորաբաժանումների անձնակազմերից անհետ կորած համարվող զինծառայողների տվյալների համեմատություններն են, հրամանատարի ու ծնողների նկարագրությունների, հրամանատարի ու ծնողների նկարագրությունների համադրումը, ինչպես նաեւ հեռախոսազրույցների վերծանումն ու այլն:

Թորոսյանը փոխանցեց՝ այդ ամենի ավարտից հետո միայն նախարարությունը կհայտնի, թե ինչպես, ինչ եղանակով է հետմահու գնահատելու ու արժեւորելու քաջ հայորդուն:

 

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների՝ ավտոմեքենաներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստան ներմուծման ժամանակ առաջացել են բազմաթիվ խնդիրներ՝ կապված ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցների հետ: Պարզվում է, որ այդ խնդիրների մի մասը լուծվել է միջպետական մակարդակով` թույլատրելով համապատասխանության գնահատման ժամանակ բացի Ռուսաստանի հայտատուից՝ որպես հայտատու հանդես գալ նաեւ այլ անդամ-պետություններում արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին:

Ի դեպ, թույլ է տրվել նաեւ ֆիզիկական անձանց կողմից եզակի տրանսպորտային միջոցների ներմուծում՝ առանց օպերատիվ ազդարարման համակարգերի առկայության:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես՝ մինչեւ 2023 թվականի փետրվարի 1-ը, ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ավտոմեքենաներ արտադրողներին ներմուծել, որոնք համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, բացառությամբ՝ համապատասխանության գնահատման։ Արդյունքում՝ կտրվի եզրակացություն տեխնիկական պահանջներին համապատասխան՝ պարզեցված ընթացակարգով, որը, որպես համապատասխանության գնահատման փաստաթուղթ, կներառվի ազգային ռեեստրում: Այսինքն, կթույլատրվի ոչ ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ավտոմեքենաներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծում եւ իրացում:

 

 

 

ԲԱՔՎԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Այսօր Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ միջոցառում՝ նվիրված Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին։

Այս մասին հայտարարություններ են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տրանսպորտային միջանցքի զարգացմանն առնչվող առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով՝ միջոցառմանը ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։ Նշվում է, որ հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմին եւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Հռչակագրի համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ենթակառուցվածքների եւ տրանսպորտային հնարավորությունների գնահատման եւ վերլուծության ոլորտում՝ միջանցքի լիարժեք օգտագործման համար։

Բացի դրանից, կողմերը հայտարարել են մեկ ամսվա ընթացքում՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ պատրաստելու եւ մինչեւ 2022 թվականի վերջ բանակցությունները սկսելու մտադրության մասին։




Լրահոս