ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության եւ լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված վարույթներից մեկով կազմվել է եզրափակիչ դատավարական ակտ եւ կալանքի տակ գտնվող անձի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։

 

Քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի քննությամբ՝ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հավաքագրված լինելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից, վերջիններին փոխանցել է ծառայության բերումով իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի տեղեկություններ, որից հետո պարտավորագիր է գրել հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համագործակցության վերաբերյալ,  ստացել համապատասխան ծածկանուն եւ յուրաքանչյուր ամսվա համագործակցության դիմաց 500 ԱՄՆ դոլար վարձատրության խոստում:

Դրանից հետո հիշյալ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի կազմով ընդգրկված լինելով պաշտպանության տարբեր տեղամասերում մարտական գործողությունների իրականացմանը՝ հակառակորդի  կողմն անցնելով եւ նպատակ ունենալով գործել ի վնաս Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ տարածքային անձեռնմխելիության, ունենալով հրթիռավորի մասնագիտությամբ բարձրագույն զինվորական կրթություն, տիրապետելով ռեակտիվ համակարգից մարտական արձակումների հմտություններին եւ ղեկավարելով զորամասի հաշվեկշռում գտնվող ռեակտիվ համակարգերից մեկը, ՀՀ ՊՆ համար N զորամասի համապատասխան ծառայության կողմից տրված եւ վերստուգված ճշգրիտ կոորդինատների առկայության պայմաններում իր ղեկավարած մարտական ռեակտիվ համակարգից դիտավորությամբ կատարել է ոչ նպատակային կրակային արձակումներ եւ չի խոցել հակառակորդի կրակային նշանակետերը, ինչի արդյունքում՝ հնարավոր չի եղել կատարել հաշվարկի առջեւ դրված մարտական առաջադրանքը։

Արդյունքում, քրեական հետապնդման ենթակա անձը հավաքել եւ քողարկված ինտերնետային կապի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին տեղեկություններ է տրամադրել հայրենիքի կողմից ձեռքբերված  ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, պատերազմի ընթացքում ունեցած զինտեխնիկայի կորստի վերաբերյալ՝ տրամադրելով նաեւ իր ծառայության զորամասի դիվիզիոնի զինծառայողների՝ անձնակազմի քանակի, զբաղեցրած հաստիքների, ամրակցված զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաստիքացուցակը, զինծառայության անցնելու պայմանների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթերը:

Բացի այդ, հիշյալ անձը խոստացել է հավաքել ու 4.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններին հանձնել պետական գաղտնիք հանդիսացող ՀՀ ՊՆ համար N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական պատրաստվածության պլանը, քարտեզները եւ մարտական կարգադրությունները, սակայն չի կարողացել հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել,  քանի որ  բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից:

Քրեական վարույթի ընթացքում ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել նաեւ առ այն, որ նույն անձը պատերազմի ընթացքում վարելով ՀՀ ՊՆ համար N զորամասին ամրակցված, ռազմական տեխնիկա հանդիսացող  ռեակտիվ համակարգի ավտոմեքենան՝ նպատակ ունենալով դիտավորությամբ վնասել այն եւ նույն զորամասի մեկ այլ ռազմական տեխնիկա հանդիսացող տրանսպորտալիցքավորման ավտոմեքենան ու դրա վրա տեղադրված ռազմամթերք հանդիսացող ռեակտիվ արկերը, տեսնելով իր վարած տրասնպորտային միջոցի հետնամասում կայանված հիշյալ ավտոմեքենան, կտրուկ հետընթաց է կատարել եւ հետնամասով բախվել է հիշյալ ավտոմեքենային՝ վնասելով այն եւ դրա վրա բեռնված ռեակտիվ արկերը, որի արդյունքում  հիշյալ ռազմական տեխնիկան 44-օրյա պատերազմի ընթացքում տեւական ժամանակ չի օգտագործվել մարտական խնդիրների լուծման նպատակով։

Այսպիսով, գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը  հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն՝ հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի եւ միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի եւ միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաեւ կանխորոշել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ կարգավիճակի զորամասերի կողմից իրենց առջեւ դրված մարտական խնդիրների բնույթը, նրանց կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալները, եւ արդյունքում խոչընդոտել զինված ուժերի ստորաբաժանումների առջեւ դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր 8 քրեական վարույթներ՝ 15 անձանց վերաբերյալ։

 

 

 

ԳՈՐԾԸ՝ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից ընդդատության կարգով տեղափոխվել է հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

 

Հիշեցնենք՝ Գասպարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նրանից բացի այս գործով անցնում են նաեւ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի հոդվածով, ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար, իսկ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար:

Բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։

 

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ

Սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտա 75 հասցեում գործող «Մաքուր երկաթ» գործարանի տարածքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։

Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երեւանի բնակիչ 48-ամյա Կամո Մ.-ն է։

Մինչ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ Կամո Մ.-ն նույն օրը՝ ժամը 10։00 սահմաններում, գտնվել է «Մաքուր երկաթ» գործարանում, որտեղ բազմահատակային վառարանի վրա աշխատանքներ կատարելիս՝ մոտ 5-6 մետր բարձրության վրա, ըստ նախնական տեղեկությունների, անզգույշ քայլ անելիս կորցրել է հավասարակշռությունը եւ վայր ընկել, ինչի հետեւանքով էլ ստացել է մարմնական վնասվածք։

 

 

 

 

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում մի քանի անգամ հարվածել են խանութի աշխատակցին, այնուհետեւ նրա մոտից հափշտակել գումար եւ դիմել փախուստի։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22։00-ից 22։30-ն ընկած ժամանակահատվածում, Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի բնակիչ ոմն գյումրեցի Գարեգինը նշված փողոցում գործող խանութում հարձակվել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 70-ամյա աշխատակցուհու վրա, մի քանի անգամ հարվածել դեմքին եւ աչքին, ապա վերնաշապիկի գրպանից հափշտակել մոտ 250 հազար դրամ եւ դիմել փախուստի։ «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աչքի փափուկ հյուսվածքների սալջարդ, հեմատոմա» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը բուժօգնություն է ցուցաբերել 70-ամյա կնոջը։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, թե որտեղ է գտնվում նշված հանցագործությունը կատարած անձը եւ նրան Երեւան-Սեւան ավտոմայրուղու Աճառյան փողոցի վրա գտնվող «Համով տնակ» հացատան մոտից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին։ Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գարեգին Բ-ն է։

 

 




Լրահոս