ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄ՝ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում մշակվել եւ պաշտոնապես գրանցվել է սննդի «Նարարգին»` կենսաբանորեն ակտիվ հավելումը։ Ինչպես հայտնում են Գիտությունների ազգային ակադեմիայից, այն օգտագործվում է դիսբակտերիոզի, 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելման համար, աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը պահպանելու եւ վերականգնելու նպատակով հակաբիոտիկներով բուժման ընթացքում, նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը:

 

««Նարարգին» կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումն ունի կիրառական նշանակություն` բժշկության մեջ որոշակի հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար: Նպաստում է ինսուլին արտադրող B-բջիջների վերականգնմանը եւ ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիայի խթանմանը, ինչը 2-րդ տիպի շաքարախտի բուժման հիմնական նպատակներից մեկն է: Կարգավորում եւ վերականգնում է աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը հակաբիոտիկներով թերապիայի կիրառման, ինչպես նաեւ դիսբակտերիոզի դեպքում։ Բերում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը»,- ասել է «Նարարգին» սննդային հավելման մշակման հեղինակ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆլորա Տխրունին:

«Նարարգին»-ը մշակվել է թիրախային բազմաֆունկցիոնալ հատկություններով օժտված Lactobacillus acidophilus MDC 9602 (Ep. 317/402) եւ Lactobacillus rhamnosus ըՁԽ 20-12 MDC 9631 պրոբիոտիկ կաթնաթթվային բակտերիաների կոնսորցիումի հիման վրա: Այդ կաթնաթթվային բակտերիաները սինթեզում են նյութափոխանակության կենսաբանորեն ակտիվ արգասիքներ՝ արգինին ամինաթթուն, արտաբջջային բազմաշաքարներ եւ հակամանրէային միացություններ՝ բակտերիոցիններ, որոնք ճնշում են սննդի փչացմանը հանգեցնող միկրոօրգանիզմների, հակաբիոտիկների հանդեպ բազմակի կայուն մանրէների աճը։

Ֆլորա Տխրունու խոսքով՝ կոնսորցիումի կազմի մեջ մտնող կաթնաթթվային բակտերիաների կողմից արգինինի սինթեզման եզակի հատկությունը նպաստում է ինսուլին արտադրող B-բջիջների վերականգնմանը եւ ենթաստամոքսային գեղձի՝ արտազատիչ ֆունկցիայի խթանմանը, քանի որ L- արգինինը խթանում է ինսուլինի արտանետումը եւ մեծացնում B-բջիջների զգայունությունը գլյուկոզի նկատմամբ, ինչը շաքարախտի բուժման հիմնական նպատակներից մեկն է»,- ասաց Ֆլորա Տխրունին:

«Նարարգին»-ը ստեղծվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Որոշակի հիվանդությունների կանխարգելման համար նոր պրոբիոտիկ շտամների հատկությունների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում։

«Նարարգին»-ն արտադրված է համաձայն ՀՀ ՏՊ 39377614.8805-2021։

2022թ-ին «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը պաշտոնապես գրանցվել է եւ ստացել պետական գրանցման վկայական՝ թիվ ԱՄ.01.01.01.003.R000016.01.22։

«Ներկայում տարվում են աշխատանքներ մարքեթինգի՝ «Նարարգին»-ի ներքին, ինչպես նաեւ արտաքին շուկայում իրացման ուղղությամբ։ Ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ Ռուսաստանի Դաշնությունում, Չեխիայի Հանրապետությունում «Նարարգին»-ի ներդրման ուղղությամբ»,- ասել է Ֆլորա Տխրունին։

«Նարարգին»-ի հետազոտությունն արժանացել է դրական գնահատականի գիտական հանրության շրջանում, այդ թվում՝ միջազգային:

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ

Ուսումնական այս տարվա սկիզբը քրեակատարողական համակարգում առանձնահատուկ է նրանով, որ այսուհետ պետական աջակցության միջոցով 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները կկարողանան ստանալ միջնակարգ կրթություն, ինչն աննախադեպ երևույթ է համակարգի պատմության մեջ: ԱՆ-ից հայտնում են, որ պետական օժանդակությամբ դատապարտյալները կանցնեն խտացված եւ անհատական ուսումնական ծրագիր՝ պատրաստվելով միջնակարգ կրթության վկայական ստանալու համար պահանջվող քննություններին:

 

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու դասապրոցեսին:

Փոխնախարար Սարգսյանը մասնակցել է 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթության իրականացման գործընթացին, զրուցել դատապարտյալների եւ ուսուցչական անձնակազմի հետ:

Սարգսյանը շնորհավորել է կրթական գործընթացի մասնակիցներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ փաստել, որ Արդարադատության նախարարության ջանքերով կրթությունն այլեւս հասանելի է այն դատապարտյալներին, որոնք տարբեր պատճառներից ելնելով չեն ստացել միջնակարգ կրթություն:

«Կրթությունն է թե՛ ինքնազարգացման, թե՛ վերափոխվելու, թե՛ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտացմամբ աշխատելու հենքը: Պետական այսպիսի աջակցությունն իրապես աննախադեպ հնարավորություն է ձեզնից յուրաքանչյուրի համար, որից պետք է միանշանակ օգտվել: Այսպիսի հնարավորություն անգամ շատ ու շատ առաջադեմ երկրներում չկա, ուստի մեր ուսուցչական անձնակազմի օժանդակությամբ պետք է մոտիվացված կերպով շարունակեք կրթվել, լցնել ձեր առօրյան օգտակար զբաղվածությամբ:»,- նշել է Սարգսյանը:

Նա հորդորել է դատապարտյալներին իրենց օրինակով մոտիվացնել նաեւ մյուս դատապարտյալներին, չհուսահատվել կրթական գործընթացի շրջանակներում հնարավոր տարբեր բարդություններից, բարձրաձայնել կարիքները, որոնք թույլ կտան ըստ անհրաժեշտության փոփոխել ուսման կազմակերպման մեթոդները, եւ գիտելիքների պաշարն ամրապնդել:

Փոխնախարար Սարգսյանը նաեւ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, զրուցել է դատապարտյալների հետ, ծանոթացել հիմնարկի օդափոխության համակարգի ներդրման աշխատանքներին, որոնք, ըստ նախնական պլանավորման, տարեվերջին ավարտին կհասցվեն:

Այցին մասնակցել են նաեւ Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ձոնիկ Մարգարյանն ու աշխատակիցները:

 

 

 

 

ԿՐԿԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Արման Սպարտակի Եգանյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղի եւ  խնդրել է անվավեր ճանաչել կարգապահական տույժի ենթարկելու մասին «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան  Մակարյանի 2022թ. հունիսի 14-ի   թիվ 108/2 հրամանը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր   Աշոտ Ջավախյանը հայցադիմումը ընդունել  է վարույթ, նախնական դատական նիստ  նշանակել  սեպտեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  Իջեւանի նստավայրում։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դեմ այդ մասնաճյուղի  աշխատակցի կողմից ներկայացված հայցով այլ քաղաքացիական գործ է  քննվում։ Անուշավան Մակարյանը ԵՊՀ  Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն է  շուրջ  4 տարի՝ 2018թվականից։

 

 

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Սեպտեմբերի 25-ին կկայանան  Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Այդ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  թեկնածուների  թիվը 58 է, «Արդարություն» կուսակցության  եւ «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծած դաշինքը՝ «Արժանապատիվ սերունդն»  ունի   27 թեկնածու,   «Իմ հզոր համայնք» եւ  Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցությունների կազմած դաշինքը՝ «Զորավոր համայնքը» ներկայացրել է 62 հոգանոց նախընտրական ցուցակ։ Բերդ խոշորացված համայնքի ավագանու 21 տեղի համար գրանցված է  ընդհանուր թվով 147 թեկնածուով։ Ավագանու ՔՊ կուսակցության 58 թեկնածուների ցանկում  23-ը թիվ 38 ընտրածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած  իրենց հայտարարագրերում նշել են, որ աշխատանք չունեն։ ՔՊ-ի նախընտրական ցուցակում շատ են պետական աշխատողները։ Ցուցակի առաջին համարը միասնական սոցիալական ծառայությունների Բերդի կենտրոնի տնօրեն Վահրամ Սուքիասյանն է, 3-րդ համարը՝ Բերդի բազմագործառնութային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը։ ՔՊ-ի թեկնածուների ցանկում ներառված են պետական հանրակրթական դպրոցի 4 տնօրեն, այդ դպրոցների 5 մանկավարժ, Արծվաբերդի անտառտնտեսության անտառապետ, տեղամասի պետ,  անտառտնտեսության 5 անտառապահ,  ՀՀ պաշտպանության նախարարության տրանսպորտի պատասխանատու, Բերդի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, պետական բժշկական հիմնարկների 2 աշխատող, տարբեր հիմնարկների երկու վարորդ եւ այլն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս