Անընդմեջ շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։ Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն երեկվա՝ 16:00-ի դրությամբ, 4-ն է. նրանցից երկուսին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։
Ըստ պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից՝ Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։
Նշված համայնքների երեխաները, բացի տեղահանման ու հոգեբանական դժվար իրավիճակից, զրկված են նաեւ կրթության իրավունքի իրացման հնարավորությունից։
Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել էին շտապօգնության տրանսպորտային միջոցների թիրախավորման դեպքեր։
Մեծաթիվ են ապացույցները նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքների՝ անձանց տների, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ հրետակոծելու, գնդակոծելու եւ խափանելու վերաբերյալ։ Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաեւ Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։
Բազմաթիվ են շարունակաբար հարձակման ենթարկվող անձանց նյութական վնասները, մասնավորապես՝ շարժական ու այլ գույքի եւ ընտանի կենդանիների տեսքով։
Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում եւ Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք։
Փրկարարների աշխատանքն առավելապես բարդացնում է փաստը, որ հրդեհի որոշ օջախներ գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության գոտում, իսկ որոշ դեպքերում՝ այդ հատվածներն ակտիվ հրետակոծվում են։
Ադրբեջանական մեդիա տիրույթում արձանագրված հայատյացության մակարդակը, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կողմից, շատ վտանգավոր է, եւ ըստ նախորդիվ փորձի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների կատարման մեծ ռիսկ է գեներացնում։ Պաշտպանի աշխատակազմում ինտենսիվորեն ստացվող ու վերլուծվող տվյալներն ու ապացույցները՝ միջազգային իրավական հիմնավորումներով գրավոր կերպով ուղարկվում են միջազգային կազմակերպություններին եւ այլ դերակատարներին։
ԴԱՎԹՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մերժել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի ազատման դիմումը ստորագրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դիմումը մերժելը պայմանավորված է եղել երկրում պատերազմական իրավիճակով, մինչեւ հասկանան, թե երբ ամեն ինչ կավարտվի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ զինվորական դատախազն այս օրերին պատրաստում է իր ազատման դիմումը։ Ավելին՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունն այս պաշտոնի համար արդեն թեկնածու ունի, ում մասին առաջիկայում կխոսվի։ Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է: Զինդատախազությունը, նկատենք, Գրիգորյանի համար անծանոթ կառույց չէ, քանի որ նա նախկինում աշխատել է Զինվորական քննչականում ու այնտեղ տարբեր պաշտոններ զբաղեցրել:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունում արշալույսները արդեն խաղաղ չեն: Չնայած Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի աթոռը կզբաղեցնի սեպտեմբերի 15-ից, սակայն մինչ նրա գալը դատախազությունում արդեն որոշ պաշտոնյաներ տրամադրված են հեռանալ:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը: Ասել է թե՝ նրանք չեն սպասի, որ իրենց ազատեն, այլ իրենք առաջ կընկնեն եւ ազատման դիմում կգրեն:
Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանի հարցը մի քիչ այլ է. դատախազությունում վստահ են, որ Աննա Վարդապետյանը նրա հետ չի աշխատի, ուստի, այսպես, թե այնպես, նա եւս կազատվի պաշտոնից: Միակ տեղակալը, որը դատախազությունը չի լքի, Գեւորգ Բաղդասարյանն է:
Բանն այն է, որ նա թեեւ դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաեւ «Մարտի 1-ի» գործով մեղադրող դատախազներից մեկն է եւ ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՍԵՑ ԵՎ ՄԱՀԱՑԱՎ
Երեկ առավոտյան մահացել է 44-օրյա պատերազմի հերոս Մանվել Գեւորգյանի հայրը՝ Ռուդիկ Գեւորգյանը: Փաստաբան Գոռ Գեւորգյանը հայտնեց, որ երեկ՝ պատերազմի մասին լսելուց հետո, ոչ հաց է կերել, ոչ արձագանքել. «Առավոտյան չարթնացավ, գնաց հասավ հերոս որդուն՝ Մանվելիս»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երեւան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին 60-ամյա Սանասար Միքաելյանը հիվանդանոցում մահացել է:
ԳԼՈՐՎԵԼ Է ԴԵՊԻ ՁՈՐԸ
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 94-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվելով հայտնվել ձորակում: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 28-ամյա Մ. Ասատրյանը, մահացել է:
ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը՝ 64-ամյա Զորիկ Բաբայանը, մահացել է:
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵՊՔ
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որոնք Կոտայքի բաժնի քրեական հետախույզներն իրացրին՝ համագործակցելով մարզային վարչության եւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ։ Արդյունքում՝ Սեւանի թերակղզում հայտնաբերեցին եւ ձերբակալեցին 2019 թվականի հուլիսից սպանության եւ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդուն։ Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 15-ին Աբովյան քաղաքի 7-րդ դպրոցի խաղահրապարակում հայտնաբերվել էր նույն քաղաքի բնակիչ Վահե Գեւորգյանի դին՝ հրազենային եւ այլ վնասվածքներով։