ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի խորհրդարանի վերին եւ ստորին պալատների մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հակամարտության վերաբերյալ՝ կոչ անելով դադարեցնել զինված ագրեսիան՝ հստակ մատնանշելով, որ այն տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Այս մասին հաղորդում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ վկայակոչելով իտալացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը:

 

Իտալացի խորհրդարանականները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսոր կողմին:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բռնկված ողբերգական հակամարտության լույսի ներքո եւ վշտացած զոհերի ընտանիքներով, որոնց թիվը, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ցավոք, շարունակում է աճել, հույս ենք հայտնում, որ զինված ագրեսիան անմիջապես կդադարի, եւ որ միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսորին եւ ցանկացած գործողություն, որը խախտում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը», – հայտարարել են Իտալիայի խորհրդարանականները:

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնել հայտարարությունը ստորագրած բոլոր խորհրդարանականներին, մասնավորապես՝ Պաոլա Բինետտիին, Ստեֆանո Բորգեզիին, Ումբերտո Բուրատտիին, Լաուրա Կավանդոլիին, Ջուլիո Չենտեմերոյին, Վիտո Կոմենչինիին, Ջուզեպպե Դոնինային, Պաոլո Ֆորմենտինիին, Նիկոլո Ինվիդիային, Ելենա Մուրելլիին, Տուլիո Պատասինիին, Կատիա Պոլիդորիին, Ալբերտո Ռիբոլլային եւ Ջովաննի Տոմբոլատոյին՝ դավանած բարձր արժեքների եւ մշտապես արդարության կողքին կանգնելու համար:

Առանձին գրառումներ են արել նաեւ իտալական պառլամենտի վերին եւ ստորին պալատի մի շարք ներկայացուցիչներ: Ըստ Իտալիայում ՀՀ դեսպանության՝ Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Մասսիմիլիանո Կապիտանիոն դատապարտել է հարձակումը Հայաստանի վրա՝ հույս հայտնելով, որ հրադադարի մասին հայտարարությունը կհարգվի, եւ հայ ժողովուրդը կկարողանա վերջապես խաղաղ ապրել՝ առանց շարունակական եւ չարդարացված ագրեսիայի ենթարկվելու:

«Պետք է վերջ դնել պատերազմին», – շեշտել է իտալացի պատգամավորը:

Իտալիայի Սենատի անդամ Ալբերտո Աիրոլան խիստ մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 13-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ՝ նշելով, որ դա զինադադարի լուրջ խախտում է ադրբեջանական ուժերի ագրեսիայի հետեւանքով, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել հայկական կողմից:

«Բռնության գործողությունները պետք է դատապարտվեն: Էսկալացիա, որը սպառնում է նորից պայթեցնել հակամարտությունը, որը ներկայիս միջազգային լարվածության շրջանակներում կարող է նոր եւ շատ վտանգավոր հակամարտության ճակատ բացել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ՝ ամբողջությամբ բխում է Էրդողանի, Թուրքիայի շահերից, որն արդեն երկար ժամանակ թեժացնում է կրակը՝ հետապնդելով նեոօսմանյան հեգեմոնիայի իր ծրագրերը: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը կմոբիլիզացվի՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղությունը վերականգնելու եւ պահպանելու համար», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Աիրոլան:

Իտալիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Առաջ, Իտալիա» կուսակցության խմբի ղեկավար Էնրիկո Աիմին նշել է, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակման հետեւանքով 49 հայ զինվորների զոհվելու փաստը մեծ տագնապ է ստեղծել Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է իր ողջ վրդովմունքն արտահայտի՝ բացարձակապես դատապարտելի այդ արարքի համար:

«Մենք մեր աղոթքով մոտ ենք զոհվածների ընտանիքներին: Անհրաժեշտ է նաեւ, որ հակամարտությունը արագ դադարեցվի իր սկզբնական փուլում՝ խուսափելու ավելի լուրջ հետեւանքներից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը, ինչը փորձ է արվում դժվարությամբ պահպանելու այդպիսի խնդրահարույց տարածքում», – նշել է իտալացի սենատորը:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ԿԻՐԱՌԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:

 

Բարեկամական խմբի բոլոր անդամների անունից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել խմբի ղեկավար Թիմ Լոութենը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը նոր՝ դաժան հարձակումներ է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը ձգվում է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերով: Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլեւ քաղաքացիական համայնքներին եւ ենթակառուցվածքներին։ Այդ հարձակումներն ուղղված էին ոչ թե Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանին, այլ հենց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն սահմաններին եւ միանգամայն անհիմն էին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաեւ անօդաչու թռչող սարքեր:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական ռեժիմի բռնության այս վերջին գործողությունը եւ իր խորը մտահոգությունն է հայտնում զոհերի եւ նրանց ընտանիքների համար»,- նշված է հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը կարծում է, որ այս ագրեսիան հստակ հաշվարկված էր, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը շեղվել է Ուկրաինայի իրադարձությունների, իսկ վերջերս՝ թագուհի Եղիսաբեթի մահվան կապակցությամբ համատարած սգի վրա: Նշում են, որ նման ագրեսիվ օպորտունիզմը պետք է դատապարտվի ամենավճռական ձեւով եւ ստանա վճռական պատասխան:

«Շատ հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հանրությունը՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, դատապարտի Ադրբեջանին եւ պատասխանատվության կանչի նրան այդ վերջին ռազմական հանցագործությունների համար։ Մենք խնդրում ենք Մեծ Բրիտանիայի կառավարությանը միանալ մյուս երկրներին ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան եւ պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը շարունակում է իր չարդարացված գործողությունները։ Մենք նաեւ խնդրում ենք Մեծ Բրիտանիայի կառավարությանն աջակցել Միավորված ազգերի կազմակերպությանն ուղղված խնդրանքին՝ այս հարցը քննարկելու ԱԽ արտակարգ նիստում եւ աջակցելու ռազմական գործողությունների դադարեցմանը»,- նշված է հայտարարության մեջ:

 

 

 

ԱՆՋԱՏԵԼ ԵՆ ԼՈՒՅՍԵՐԸ

Տավուշի մարզի սահմանագոտում համեմատաբար խաղաղ է, սակայն, պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում  տիրող լարված իրավիճակով, ելնելով անվտանգության նկատառումներով՝ սեպտեմբերի 13-ին Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ Նոյեմբերյան  քաղաքի Կողբ եւ Բերդավան գյուղերի հանրակրթակյան դպրոցների 1-5 դասարանները դաս չեն արել, իսկ 6-12-րդ դասարանների դասերը տեւել են  2-3 ժամ։ Սեպտեմբերի 13-ի երեկոյան չեն միացրել սահմանամերձ Բերդավան գյուղի փողոցային լուսավորության համակարգը, որպեսզի գյուղը տեսանելի չլինի Բերդավանի դիմաց գտնվող ադրբեջանական  հենակետերից։

 

 

 

ԱՆՄԽԻԹԱՐ ՓՈՂՈՑՆԵՐ

Մի քանի օր առաջ տուրիստական  Դիլիջան քաղաքի կենտրոնում մեծ թվով սլավոնական արտաքինով զբոսաշրջիկներ կային, որոնց հանդիպել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը։ Նրանք հիանում էին Դիլիջանի շքեղ բնությամբ, նաեւ զարմանք արտահայտում  քաղաքի կենտրոնում՝ հայտնի «Միմինո» արձանախմբի հարեւանությամբ մեծ ջրափոսերի եւ թափառող շների առատությունից։ Այդ արձանախմբի հետեւի մասով ձգվող փողոցում ասֆալտի թարմ շերտ է փռված, սակայն բազում փոսերի առկայությունը վկայում է, որ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի ղեկավարած համայնքապետարանը ձախողել է Դիլիջանի  կենտրոնական փողոցների վերանորոգման գործը։ Դիլիջան քաղաքի ամենակենտրոնում՝ Աղստեւ գետի հունում, անտառ է աճել. համայնքապետարանը միջոցներ չի  ձեռնարկում այն մաքրելու համար։ Վարարումներից հետո գետը, բախվելով աճած բարձրացած ծառերին, մղվում է դեպի հունը եզրափակող, գետի աջ ափը պաշտպանող  պատը՝ քանդելով դրա հիմքը։ Հարց է ծագում՝ համայնքի ՔՊ-ական ղեկավարն  այդ հողերի վաճառքից գոյացած գումարներից ինչո՞ւ միջոցներ չի հատկացնում գետի հունը մաքրելու, այնտեղ աճած ծառերը կտրելու աշխատանքները ֆինանսավորելու համար:

 

 

 

 

ԽԻՍՏ ԱՆՀԱՐՄԱՐԱՎԵՏ

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ցանկություն է հայտնել, որ հայ գիտնականները մասնակցեն Մարս մոլորակի բնակեցման քաղաքակրթական մեգանախագծին։

Նիկոլ Փաշինյանը մինչեւ հեռավոր Մարսը մոլորակը բնակեցնելու անիրատեսական խնդրով զբաղվելը,  թող լուծի   Երեւանից իր  հայրենի Իջեւան, նաեւ՝ Դիլիջան մեկնող հասարակական տրանսպորտի արդիականացման հարցը,  քանզի բարոյապես եւ ֆիզիկապես մաշված «Գազելները» վթարների դեպքում շատ վտանգավոր են ուղեւորների կյանքի համար։ Բացի դրանից, այդ միկրոավտոբուսները ուղեւորների համար խիստ անհարմարավետ են։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս