Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի հարակից սարերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրետանի են կիրառում, շատ հազվադեպ կրակում նաեւ հրազենից։ Պայթյունների ձայները լսվում են 15-20 րոպեն մեկ։
Պարբերաբար հրանոթային համազարկերի ձայներ են լսվում, քաղաքին հարող որոշ բլուրների վրա էլ ծխացող օջախներ կան` այրվել է անտառի մի հատվածը։ Քաղաքացիները հայտնել են, որ դրանք ադրբեջանական կողմի հարվածների հետքերն են։ Ջերմուկի հարակից սարերի վերեւում նաեւ անօդաչու թռչող սարք է կիրառվել:
Առողջարանային քաղաքում երեկ առավոտից սկսվել են ուժեղ համազարկերը դիրքերի ուղղությամբ, իսկ անմիջապես Ջերմուկի ուղղությամբ հրետանին չի հարվածել։ Ջերմուկում առողջարանային քաղաքին ոչ բնորոշ վիճակ է` հանգստացողներ չկան, կանայք ու երեխաները տարհանվել են։
Քաղաքապետ Վահագն Արսենյանը, նրա տեղակալները, ոստիկանապետը զինվել են, կազմել ինքնապաշտպանական ջոկատներ։
Վայք-Սիսիան մայրուղուց դեպի Ջերմուկ գնացող հատվածը հսկում են զինծառայողներն ու ոստիկանները. քաղաք մուտք գործել թույլ են տալիս միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ժամը 15:00-ից 17:00-ն ընկած հատվածում Սոթքից մինչեւ Գորիս ամբողջ սահմանագծով, թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաեւ խաղաղ բնակավայրերը:
Այս մասին հայտարարեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Նա նշեց, որ լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր:
«16:40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհը մարվել է: Ժամը 17:00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար:
Արամ Թորոսյանը հիշեցրեց, որ հայկական կողմի զոհերի՝ այս պահին հաստատված թիվը 105-ն է: Լուրը հրապարակվել է երեկ Ազգային ժողովի ամբիոնից՝ վարչապետի կողմից, իսկ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է պաշտպանության նախարարության թեժ գծի 1-28 հեռախոսահամարը:
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:
ՀՈՍՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԵՆ
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին՝ հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ եւ մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ եւ սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։
Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։
«Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։
Միեւնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է», – այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄ
Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ կոչ են արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին գազ չգնել Հայաստանի ինքնիշխան տարածքը գրոհող Ադրբեջանից եւ միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
«Մենք չենք կարող թույլ տալ Գերմանիային չփակել ատոմակայանները, բայց միեւնույն ժամանակ՝ գազ ներկրել Ադրբեջանից եւ կախված լինել մեկ այլ հանցավոր ռեժիմից։ Հուսով եմ, որ մենք բոլորս դեմ կլինենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիային Հայաստանի դեմ»,-ասել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։ «Հայաստանի բարեկամ ժողովրդին գազային շահերի անունից զերծ մնալը, ինչպես անում է ԵՄ-ն, դավաճանություն է»,-շեշտել է ֆրանսիացի մեկ այլ պատգամավոր Ջորդան Բարդելլան։
Բուլղարիայից պատգամավոր Անդրեյ Կովաչովն իր հերթին ԵՀ նախագահին կոչ է արել անել հնարավորը՝ մարդկանց սպանությունը դադարեցնելու համար։ «Եվրամիությունը պետք է միջնորդի դեր ստանձնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,-ասել է նա։
ՏԱՐԿԵՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ բուհերում սովորելու համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչեւ 27, այլ 28 տարեկանը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
«Առաջարկվում է նրանց համար, որոնք տարկետումը ստացել են սովորելու առնչությամբ, զորակոչի տարիք սահմանել 28 տարեկանը՝ 27-ի փոխարեն»,-ասաց Դումանյանը:
Նրա խոսքով՝ տարկետման տրամադրման պայմանները, բուհերի ցանկը, մասնագիտությունների ցանկը կսահմանի կառավարությունը: Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական ուղղությունների մասին է:
ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զենքի շրջանառության կարգավորման նոր օրինագիծը: ՔՊ խմբակցության պատգամավորների ներկայացրած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 67 կողմ ձայն:
«Նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը. ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը»,-ասաց համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը:
Նոր օրենքով նաեւ առաջարկվում է 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց: Օրենքը սահմանում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու եւ պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։
Նախագիծը նախատեսում է քաղաքացիական զենք ձեռք բերելու կանոնների խստացում այն անձանց համար, որոնք առաջին անգամ են նման հայտ ներկայացնում, միեւնույն ժամանակ այն ավելի շատ ու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորություն է բացելու զենքի սիրահարների համար, որոնք անցած տարիների ընթացքում անցել են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու անհրաժեշտ փուլերը եւ հավաքածուում ունեն որոշակի քանակի զենքեր։