ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ՝ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտենք սեպտեմբերի 12-ից՝ կեսգիշերից, Ադրբեջանը հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության վրա: Սահմանային լարված իրավիճակի մասին իրենց մտահոգություններով են կիսվել նաեւ հայ հայտնիները:

 

ArmLur.am-ը, այսպիսով, ներկայացնում է նրանցից մի քանիսին:

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, անդրադառնալով սահմանային իրավիճակի մասին, իր միկրոբլոգում գրել է.

«2 տարում լավ կազմակերպված վերջնական կոտրեցին մեզ՝ ոգով, հոգով, զենքի բացակայությամբ, գոյություն չունեցող «խաղաղության» քարոզով ու արժանապատվությունն իսպառ տրորելով: Թշնամին ռեւանշիզմի իրավունք ունի, իսկ հայը՝ իր ԵՐԿԻՐԸ պաշտպանելու իրավունք՝ չունի:

Արծրունը չի գրել՞, որ հաղթում ենք…

դեռ կոչ չեն արել՞ տանն ով ինչ կասկա ունի վերցնի գնա..

Հիմա հիմնադրամ կ՞ա , ներսի ու դրսի հայերը էլ ո՞նց հավատան..

էն զինվորների մայրերը ի՞նչ լինեն…

էս ոնց քանդեցիք ախր, Աստծո անեծքը ձեզ վրա ու ձեր սերնդների:

Երիցս»:

Դերասնուհի Տաթեւ Հովակիմյան. «Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, եւ Հայաստանում պատերազմ է…: Իմ էջերում բացի պաշտոնական տեղեկություններից չեք տեսնելու այլ գրառում… Մուսի-պուսի, հաղթելու ենք ու նմանօրինակ գրառումներ,նկարներ՝ տղերքի, ում հերոսացնում ենք, քարտեզներ, ոչ մի բան…Ու նույնը խորհուրդ կտամ ձեզ կամ անգամ կխնդրեմ ձեզ… Հաղթում է զուսպը, ու հաճախ նա, ով լռում է… 2020-ին աղմուկը կարեւոր բաներ էր կոծկում ու լղոզում…»:

Աղաս Մանուկյան. «Զոհվել չկա տղերք…»:

Դերասան Լեվս Դավթյան. «Մանիպուլացրեց, բժժացրեց, հանգստացրեց ժեխին, իրար գովացին, համոզեց որ մեռնելը լավա հայրենիքի համար, բայց սգալը սխալ, ու իրան խանգարող չկար…»:

Երգչուհի Սիրուշոն այս օրերին Նյու Յորքում է. մասնակցում է նորաձեւության շաբաթին:

Երգչուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է իրավիճակին՝ հայտնելով վերադարձի մասին:

«Հայաստանում սկսվել է պատերազմ, եւ ես վերադառնում եմ Երեւան: Խնդրում եմ՝ աղոթեք հայրենիքիս համար»,- գրել է երգչուհին:

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ  ժամը 08:00-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականենտներով եւ խոշոր տրամաչափի զինատեսակներով կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով:

 

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

4 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում օգոստոսի 20-28-ը «Թանգարանների ուժը» խորագրի ներքո անցկացվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) 26-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ գերատեսչության փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի պատվիրակության անդամներին՝ քննարկելու վեհաժողովի արդյունքները եւ ձեռք բերված համագործակցության հեռանկարները: Փոխնախարարը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարեւորելով նմանօրինակ միջազգային հարթակին Հայաստանի մասնակցությունը:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանների 18 ներկայացուցիչներ (Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Ռուսական արվեստի թանգարան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Մատենադարան, Երեւանի պատմության թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան):

Պատվիրակության անդամների տեղեկացմամբ՝ քննարկվել են առնվազն 4 միջազգային կոմիտեների տարեկան վեհաժողովները Հայաստանում հյուրընկալելու հեռանկարները: Դրանք են՝ գրական եւ կոմպոզիտորների թանգարանների, ցուցադրությունների փոխանակման, երաժշտական գործիքների եւ երաժշտական թանգարանների, ինչպես նաեւ անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեները:

Վեհաժողովի հայաստանյան ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ԻԿՕՄ-ի վտանգների կառավարման եւ ռազմական թանգարանների միջազգային կոմիտեների կազմակերպած համատեղ նիստին ԻԿՕՄ Ադրբեջանի նախագահը ներկայացրել է հակահայ զեկույց, ինչին ի պատասխան՝ ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Հայկ Մկրտչյանը կազմակերպիչ կոմիտեներին հանձնել է Հայաստանի պատվիրակների պատրաստած եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցրած բողոք-նամակը՝ ընդգծելով, որ պրոֆեսիոնալ հարթակը չպետք է վերածվի քաղաքականի: Ներկայացվել է նաեւ Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների՝ մշակութային ժառանգության ոչնչացման  վերաբերյալ զեկույցը:

ԻԿՕՄ-ի վեհաժողովներն անցկացվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ եւ համարվում են թանգարանային ոլորտի ամենակարեւոր մասնագիտական իրադարձությունները: Գլխավոր համաժողովները փորձի փոխանակման, ոլորտի նորարար գաղափարներն ու հեռանկարները քննարկելու, ինչպես նաեւ նոր կապերի հաստատման համար եզակի հնարավորություն են: Վեհաժողովին մասնակցել են 115 երկրների թանգարանային ոլորտի շուրջ 3000 ներկայացուցիչներ:

Այս առումով վեհաժողովի հայաստանյան ներկայացուցիչներն այցը գնահատել են դրական. ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Վեհաժողովի ընթացքում ԻԿՕՄ-ի կողմից հաստատվել է «թանգարան» եզրույթի նոր սահմանումը, որի օգտին քվեարկել են նաեւ հայ պատվիրակները:

 

 

 

 

ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ ՀԱՄԵՐԳԸ

Հայաստանում պատերազմական լարված դրության պատճառով՝ երգիչներ Գոռ Հակոբյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը  անորոշ ժամանակով հետաձգել են համատեղ համերգը: Այս մասին հայտնում է երգիչ Գոռ Հակոբյանը:

«Ելնելով երկրում աստեղծված իրավիճակից սեպտեմբերի 30-ին կայանալիք իմ եւ Գեւորգ Մարտիրոսյանի համերգը հետաձգվում է անորոշ ժամանակով»,-նշել է երգիչը:

Ավելի վաղ  ArmLur.am-ը գրել էր, որ երգիչների համատեղ համերգային ծրագրի խորագիրը «Ինադու» է, այն  պետք է կայանար սեպտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ սեպտմբերի 12-ին լույս 13-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանային ողջ երկյանքով:

 

 

 

 

ԳՅՈՒՂՈՒՄ ԵՆ

«Սյունիքի մարզի սահմանային Ներքին Հանդում այս պահին  ամեն ինչ նորմալ է, կրակոցներ գրեթե չկան»: Երեկ այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում  ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:

«Ամեն ինչ նորմալ է, մի սուտկա կլինի չեն կրակել, հանգիստ է: Բնակիչները գյուղում են՝ մարտական տրամադրված»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Նյութերը՝ Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

 

ԱՂՈԹԵՔ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:

Քարդաշյանը իր գրառման մեջ ասում է, որ մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը. համբուրել երեխաներին եւ կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալուց հետո, ստիպված լինեն վերցնել ընտանիքի անդամներին եւ հեռանալ՝  նրանց եւ սեփական կյանքը փրկելու համար:

«Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների եւ որեւէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում  ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար»,-ասվում է գրառման մեջ:

 

 

 




Լրահոս