«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի դարպասների առջեւ տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում են եղել: «Բացի այն, որ ուղիղ եթերով նայել են, թե ինչ է կատարվում ԱԺ դարպասների առջեւ, նաեւ որոշել են, թե որն է լինելու իրենց քայլերի հաջորդականությունը: Փաշինյանը նրանց փոխանցել է, որ թեեւ սահմանի վիճակը գնալով կայունանում է, բայց պետք է այնպես անել, որ հասարակությանը շեղեն այդ օրակարգից: Լավագույն տարբերակ է ընտրվել հերթական անգամ ընդդիմադիրներին թիրախ դարձնելը»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դա էր պատճառը, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ՔՊ-ականները խորհրդարանում, իրար հերթ չտալով, մեկը մյուսի մեջ մրցավազքի մեջ մտնելով, քննադատեցին ու դատափետեցին ընդդիմադիրներին գրեթե ամեն ինչի՝ թալանից մինչեւ բռնի ուժով իշխանազավթման եւ ընդդիմադիր դաշտը զավթելու համար: Իշխանականները մոռացան թերեւս ընդդիմադիր պատգամավորներին նաեւ Քենեդու սպանության համար մեղադրել, այդպես գուցե նաեւ ամերիկացիներին սիրաշահող նոտա հղեին: Զավեշտը՝ զավեշտ իհարկե, բայց փաստն այն է, որ հասարակությունը վաղո՜ւց հոգնել է «նախկիններն են մեղավոր» անդուլ ու ծեծված թեզից:
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանը (որին նաեւ Արցախից ժամանած պատվիրակությունն է ներկա եղել) կոնկրետ պատասխաններ ենթադրող հարցեր են հնչել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննարկման մասնակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե որեւէ փաստաթուղթ չի ստորագրել ու չի էլ պատրաստվում ստորագրել։ Փոխանցել է, որ խաղաղության պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում, երբ վստահ լինի ու երաշխավորված՝ Հայաստանի սուվերեն տարածքից միլիմետր անգամ չի պակասի, ադրբեջանական զորքն էլ ելման դիրքեր կվերադառնա։ Արցախյան կողմին, սակայն, այս հայտարարությունը ոչ թե հանգստացրել, այլ մտահոգվելու ու մի շարք հարցեր բարձրացնելու տեղիք է տվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արցախցիները հետաքրքրվել են, որ եթե ՀՀ սուվերեն տարածքը պահպանվի, ու Փաշինյանը ստորագրի այդ պայմանագիրը, ապա ինչ է լինելու Արցախի ու Արցախի կարգավիճակի հետ։ ՀՀ-ի հարցերը լուծելն ու մի կողմ քաշվելն Արցախից հրաժարվե՞լ է նշանակում. սա արցախցիների հիմնական խնդիրն է։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվել։ Ըստ էության, Արցախի պատվիրակության հարցն առկախված է մնում։ Դատելով հանգամանքից, որ արդեն օրեր շարունակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ են ընթանում, կարելի է ենթադրել, որ արցախցիներն, այնուամենայնիվ, մտահոգություն են տեսնում չարաբաստիկ այդ պայմանագրի մեջ այն մասով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Արցախը կարող է Ադրբեջանի ամբողջականության մեջ դիտարկվել, ինչը միանշանակ Արցախի կորուստ է նշանակում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի հարցով անհանգստացած արցախցիների երեւանյան հանդիպումները նաեւ այսօր կշարունակվեն. նրանք կհանդիպեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ եւս։
Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը, որը ձու է արտադրում, այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է տուգանվում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն օգոստոսի 30-ին որոշում է կայացրել «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը տուգանել 3 մլն 44 հազար 534 դրամի չափով։ Ի դեպ, եւս 3 մլն դրամով Նալբանդյանի ընկերությունը՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, տուգանվել է ապրիլի 26-ին։ Պարզվում է՝ այս ընկերության կողմից արտադրված ECO եւ ecoDemonstrator մակնշումներով հավկիթներն իրացվել են այն դեպքում, երբ դրանք չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, ինչը հանձնաժողովը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն: Նույն խախտումն ընկերությունն արել է նաեւ այս տարվա ապրիլին։ Հիշեցնենք՝ այս տարեսկզբին «Շիրակ» թռչնաֆաբրիկան մեծ անհանգստություն պատճառեց հավկիթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին. ընկերությունը ինքնարժեքից էժան ձու էր հանել վաճառքի: Այս ընկերությունը ձվի շուկայում գնային տատանումներ էր անում: Նշենք, որ Նարեկ Նալբանդյանը իշխանությունների շնորհիվ ձեռք է բերել Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով եւ «փակովի» տարբերակով: