Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն ահազանգում է՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ոստիկանները՝ կարմիր ու սև բերետավորները, իր հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, ապա բռնի ուժով ոստիկանական ավտոմեքենա նստեցրել ու բաժին տեղափոխել: ArmLur.am-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ այդ ամենը ոստիկաններն արել են իրենց «շեֆերին» գոհացնելու համար:
-Տիկի՛ն Պողոսյան, երեկ Ձեր եւ Ձեր լրագրողի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Դեմիրճյան փողոցում: Փաստացի՝ ոստիկանները մի քանի հոգով Ձեզ բերման են ենթարկել: Ի՞նչ է կատարվել. կխնդրեմ՝ ամփոփ ներկայացնեք:
-Երեկ տեղի ունեցածը նույնիսկ միջադեպ չէր. դա կոնկրետ հարձակում էր: Ես երբեք նման բան չեմ պատկերացրել որեւէ իշխանության ժամանակ: Երեկվա իմ ուղիղ եթերի ընթացքում ասել եմ՝ Դեմիրճյան փողոցի սահմանները չէ, որ բերետավորները պետք է պահեն՝ զինված-կահավորված, այլ հայրենիքի սահմանները. նրանք պիտի կանգնեն մեր մատղաշ տղաների կողքին: Երեւի, իմ այդ խոսքերից վիրավորված, վրեժից դրդված՝ կարմիր բերետավորները որոշեցին մեզ դաս տալ՝ կատարելով իրենց տերերի հրահանգները: Այդպես վարվեցին, որ մյուս լրագրողները եւ իրավապաշտպանները լռեն: Երբ երեկ տեսա, թե ինչ հրճված դեմքերով էին կանգնել կարմիր ու սեւ բերետավորները, նկատողություն արեցի բնականաբար, քանի որ հիմա մեր երկրում սուգ է, երկիր ենք կորցնում: Դեռ այդ պահին տեսա, որ սկսեցին ինչ-որ զանգեր անել: Նկատեցի, թե ինչպես մեկն իմ հասցեին վիրավորական խոսք հնչեցրեց, ի պատասխան ասացի՝ եթե համազգեստով չլիներ ապա կապտակեի: Հիմա զղջում եմ, որ նման բան չեմ արել: Երբ մենք հեռանում էինք, իմ եւ Արթուրի հասցեին հայհոյանքներ ուղղեցին, որոնք չեմ ներկայացնի բնականաբար, բայց կասեմ, որ ոչ պատշաճ բառեր էին: Կարմիր բերետավորներից մեկը մոտեցավ ինձ, հարցրեց՝ արդյո՞ք ես եմ ասել, որ կապտակեի, եւ «այո» պատասխանից հետո կրկին հայհոյանքներ հնչեցրեց: Այս ամենը նկարահանում էր իմ լրագրողը, ով նկարելու համար ծեծի ենթարկվեց. հաշվի չառան անգամ նրա բեյջը, իսկ ինձ ձերբակալեցին այնպես, ասես ահաբեկիչ էի: Ես միանշանակ հայտարարում եմ ի լուր աշխարհի (երեկ ինձ բազմաթիվ միջազգային կառույցներից են զանգահարել նաեւ)՝ ես այս հարցը լուծելու եմ իրավական դաշտում. դիմել եմ նաեւ ՀՀ նոր Գլխավոր դատախազին: Նա էլ է կին, եւ հուսով եմ՝ կհասկանա: Ես չեմ լռելու այս մասին:
-Ձեզ բերման ենթարկող ոստիկանները քանի՞սն էին:
-Հարձակվողները 10-ից 15-ն էին, ինձ ձերբակալողները՝ 3-4-ը: Ես իրականում թույլ մարդ չեմ, բայց պարանոցիս, ձեռքերիս իրենց ուժեղ սեղմումների պատճառով՝ զարկերակային ճնշումս իջել էր: Մեքենայում խնդրեցի՝ պատուհան բացեն, սակայն ասացին, թե դա ինձ չի հասնում: Շտապօգնությունն էլ բավականին ուշ հասավ՝ մոտ մեկ ժամ ուշացումով, երբ վաղուց հասել էինք ոստիկանական բաժանմունք:
-Քանի՞ ժամ եք մնացել ոստիկանական բաժանմունքում:
-Երեւի թե երկու ժամ այնտեղ էինք, հետո, բարեբախտաբար, եկան մեր ընկերները՝ Թագուհի Թովմասյանը, Ռուբեն Մելիքյանը, Տիգրան Ղազարյանը: Այս անտարբերությունն ու լռությունը ինձ համար նոր չեն:
-Ասում եք՝ տերերին պիտի ցույց տային ձեր հոլովակը. ու՞մ նկատի ունեք:
-Նկատի ունեմ ներկա իշխանություններին: Նիկոլ Փաշինյանը, ով զբաղեցնում է վերչապետի պաշտոնը, ինչ է չգիտի՞, որ լրագրողի հանդեպ չպետք է բռնի ուժ կիրառել, նա լրագրող է, ու եթե չեմ սխալվում, համալսարանը չի ավարտել: Եթե այն ժամանակ, երբ լրագրող էր, իր կնոջ հանդեպ նման կերպ վարվեին, երեւի կճանկռեր Ազգային ժողովի պատերը: Իսկ հիմա՞….Սա՞ է իրենց դեմոկրատիան:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը պաշտոնապես կմեկնարկի միայն այն ժամանակ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 18 պատգամավորներ կմիանան ընդդիմության հայտարարած ստորագրահավաքին։
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պաշտոնապես սկսված է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։
«Մենք ներկայացրեցինք 35 ստորագրություն։ Ամբողջական ձեւաթուղթը կլինի, երբ որ այդ 35-ին կավելանան նաեւ 18-ը, -ասաց Մանուկյանը, – մենք պաշտոնապես հայտարարություն արել ենք, մեր պատգամավորները ձեւաթղթի վրա դրել են ստորագրություններ, հիմա աշխատանքներ ենք տանում, ակնկալում ենք 18 պատգամավորի եւս միանալը։ Բնականաբար, քաղաքական համաձայնություններ կարող են լինել, տարատեսակ հոսքեր կարող են լինել, նաեւ, բնականաբար, ձեւաթղթում լինելու է վարչապետի թեկնածուի անունը»։
Մանուկյանը չցանկացավ ժամանակից շուտ հրապարակել հնարավոր թեկնածուի անունը` կարծիք հայտնելով, որ կարճ ժամանակ անց այդ մասին հայտարարություն կլինի։
Նշենք, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը սահմանվում է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով։
Դրա համաձայն` վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը եւ միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
Որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց 48-72 ժամվա ընթացքում։ Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` 50+1 տոկոս ձայներով։ Այդ քվեարկության արդյունքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Հակառակ դեպքում` գործընթացը դադարեցվում է, եւ նոր նախագիծ կարող է ներկայացվել միայն 6 ամիս հետ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քառ. կմ տարածքով տեւական խաղաղություն կստանա։
Ավելի ուշ, երբ այս հայտարարությունը լսած քաղաքացիներն արդեն բողոքի ակցիաներ էին կազմակերպել Երեւանի կենտրոնական փողոցներում, Փաշինյանը հանդես եկավ նոր հայտարարությամբ` «Ֆեյսբուքում» գրելով, որ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։
Վարչապետից հետո նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան նաեւ ԱԽ-ը, ԱԱԾ-ն, ԱԺ նախագահն ու իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչներ։
Այդ ընթացքում Փաշինյանի հայտարարությունից դժգոհ հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի դիմաց պահանջում էին նրա հրաժարականը։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները եւս միացան բողոքի ակցիաներին ու խոստացան` եթե ՔՊ 18 պատգամավորներ կմիանան իրենց, պատրաստ են սկսել վարչապետի ինպիչմենտի գործընթացը։ Այս հայտարարությունից հետո նրանք մտան ԱԺ` այն իրականացնելու խոստումով։
Նշենք, որ Վահագն Ալեքսանյանն այսօր իր ելույթում ակնարկեց, որ այդ հարցով ԱԺ-ում որեւէ ընդդիմադիր իրենց չի մոտեցել։
ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱԽԱԶԻ ՄՈՒՏՔԸ
ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի հրաժեշտի նիստը եւ նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը Գլխավոր դատախազություն բավականին ուշագրավ մթնոլորտում են անցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի ժամանակ որեւէ դատախազի հետ չի շփվել եւ որեւէ բառ չի ասել: Նա բացառապես խոսել է ՀՀ հեռացող Գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի հետ. նրան գիրք է նվիրել եւ հաջողություն մաղթել: Այս ամենից հետո Աննա Վարդապետյանը ամբիոնից դատախազներին պատմել է իր մասին ու հեռացել: Դատախազները նիստից հետո գնացել են իրենց աշխատասենյակներ՝ սպասելով, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Իսկ նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտից առաջ ասել է, որ շնորհակալություն է հայտնում բոլորին, այդ թվում՝ նաեւ քննադատողներին ու հեռացել է: Ի դեպ, Դավթյանը չի համբուրել դատախազության դուռը:
Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ նիստից անմիջապես հետո ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանը երկրորդ անգամ է ազատման դիմում գրել:
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գումար կստանա՝ կուսակցություններին աուդիտի ենթարկելու համար: Նշենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահված կուսակցությունների ընթացիկ՝ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների՝ աուդիտորական ծառայությունների ձեռքբերման գումարը կազմում է 10 մլն 84 հազար դրամ:
Իսկ պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետեւյալ կերպ. «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցություն՝ 4 մլն 800 հազար դրամ, «Հանրապետություն» կուսակցություն՝ 810 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 960 հազար դրամ, «Հայաստան դաշինք» 3 մլն 514 հազար դրամ (որում ներառված են՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 2 մլն 320 հազար դրամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ 1 մլն 194 հազար դրամ), իսկ մյուս կուսակցություններինը՝ 9 մլն 300 հազար դրամ, որից «Հայաստանի դեմոկրատական»՝ 1 մլն 170 հազար դրամ, «Մեր տունը Հայաստանն է»՝ 1 մլն 230 հազար դրամ, «Հայրենիք»՝ 1 մլն 455 հազար դրամ, «Ապրելու երկիր»՝ 1 մլն 485 հազար դրամ, «Հայաստանի Հանրապետական»՝ 3 մլն 120 հազար դրամ եւ «Լուսավոր Հայաստան»՝ 840 հազար դրամ:
Մեզ հայտնի դարձավ, որ այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի օրակարգում: