Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ամերիկահայ համայնքի լայն համախմբմամբ, աշխատում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու ուղղությամբ՝ ողջունելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան եւ Սենատի ութ անդամների կողմից հասցեական դատապարտող հայտարարությունները՝ Ալիեւին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կոչը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի կողմից՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:
Սեպտեմբերի 13-ին տարածված հայտարարությամբ՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դավիդ Վալադաոն եւ Ադամ Շիֆը մասնավորապես ընդգծել են. «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունները Հայաստանի հարավում։ Նախագահ Ալիեւը դեռեւս շարունակում է նույն մահացու հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ արդարացում փնտրելով 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո իր շարունակական թշնամանքի համար եւ փորձելով ստիպել Հայաստանին ենթարկվել կապիտուլյացիայի՝ ընդունել անհիմն տարածքային պահանջներ: Համաշխարհային առաջնորդները չպետք է ձեռքերը ծալած մնան եւ կեղծ հավասարություն դնեն երկու կողմերի միջեւ։ Այս հակամարտությունում կա միայն մեկ ագրեսոր, որին պետք է կանգնեցնել։ Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան, եւ վերջապես Ալիեւին, իր ապակայունացնող գործողությունների համար, ենթարկել պատասխանատվության»:
Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահների հայտարարությունից կարճ ժամանակ անց Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ նպատակ ունենալով դադարեցնել ամերիկյան օժանդակությունն Ադրբեջանին ու դատապարտել Ալիեւի ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանն այս առիթով նկատել է. «Մենք շնորհակալ ենք կոնգրեսմեն Շիֆին եւ Կոնգրեսի հայկական հարցերով խմբին իրենց առաջնորդության համար եւ երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն համաձայնել են աջակցել այս երկկուսակցական բանաձեւին։ Մենք աշխատում ենք, որ այս բանաձեւը ժամանակին ընդունվի եւ, որպես ամենահրատապ օրենսդրական առաջնահերթություն, անհապաղ դադարեցվի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը»:
Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահները, համատեղ անդրադառնալով ներկայացված բանաձեւին, նշել են. «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ադրբեջանական այս աղաղակող էսկալացիան ցույց է տալիս, թե որքան համարձակ է դարձել Ալիեւի ռեժիմը, երբ նրա չհրահրված ագրեսիան ուղեկցվում է միջազգային հանրության խուլ լռությամբ եւ կեղծ ու անհասկանալի փաստարկներով՝ Ադրբեջանին քաջալերելով՝ շարունակելու եւ ընդլայնելու իր հարձակումները: Մենք Բայդենի վարչակազմին եւ Պետդեպարտամենտին կոչ ենք անում միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ անհապաղ դադարեցնել օժանդակությունը Ալիեւի ռեժիմին։ Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն նրանց տարածքային ամբողջականության, խաղաղության եւ ազատության իրավունքի»:
Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձեւում մասնավորապես ասվում է.
Դատապարտում ենք Ադրբեջանին՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա կատարած ռազմական հարձակման համար եւ անհապաղ ու անվերապահ հրադադարի կոչ անում:
Կոչ ենք անում նախագահ Բայդենին՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օժանդակությունը՝ համաձայն «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջների, եւ Ալիեւի վարչակազմի համար պարզ դարձնել, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների կամ այլ գործողությունների։
Վերահաստատում ենք Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ նրա վճռական հակազդեցությանն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի եւ միջազգային օրենքների ու նորմերի բացահայտ խախտումների դեմ։
Աջակցում ենք ԱՄՆ-ի եւ միջազգային մարդասիրական օգնության ծրագրերին` բավարարելու ադրբեջանական ագրեսիայի զոհերի հրատապ կարիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամերիկահայ համայնքի մոբիլիզացիայի արդյունքում նախաձեռնել է նաեւ համագաղութային չորս ուղղություններով արշավ՝ ամերիկյան իշխանություններից պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել ամերիկյան ցանկացած տեսակի օժանդակություն Ադրբեջանին, օրենսդրորորեն սահմանափակել Բաքվին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը եւ վերականգնել «907-րդ հոդվածի» պահանջների կատարումը։
ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ԵՐԴՎԵՑ
Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:
ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ:
Աննա Վարդապետյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»:
ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏ
Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի խոսք է հղել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա հրաժեշտի խոսքում, մասնավորապես, ասված է.
«Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը:
Այս կարգավիճակին յուրաքանչյուր օր վերաբերել եմ՝ իբրեւ պատասխանատվության ահռելի բեռով պատվաբեր առաքելության՝ իմ մասնագիտական կարողությունների եւ ուժերի ներածին չափով, Աստծո օգնությամբ, պետությանս, ժողովրդիս ծառայելու գիտակցությամբ, մեր երկրում անվտանգությանն ու կայունությանը, իրավակարգի պաշտպանությանը, դատախազության իմ հարազատ համակարգի զարգացմանը նպաստելու մեծ նվիրումով: Նոր գլխավոր դատախազին մաղթում եմ արդյունավետ գործունեություն իրավական պետության կերտման ճանապարհին՝ հանուն մեր հայրենիքի լուսավոր վաղվա օրվա»:
ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն առաջարկում է սահմանել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 2022 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՊՆ-ն նախատեսում է հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Նշենք, որ 2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ կզորացրվեն շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները՝ օրենքով սահմանված ժամկետում :
Ի դեպ, տեղեկացնենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ՔԱՀԼԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի՝ քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։
Սուրեն Պապիկյանը Քոլին Քահլին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը՝ դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Քոլին Քահլին՝ իրավիճակին արագ արձագանքելու համար:
Քոլին Քահլը իր հերթին, կարեւորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու եւ առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Քոլին Քահլը հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն: