Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական ագրեսիան հայկական հողի վրա: Հիմնադրամն իր միջազգային գործընկերների շրջանակում տարածել է կարեւոր ուղերձներ պարունակող հայտարարություն։ Ավելի մանրամասն տեղեկատվության համար կից ներկայացնում ենք հայտարարության տեքստը։
«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի արեւելյան հատվածում՝ Վարդենիս, Սոթք, Արտանիշ, Ջերմուկ, Գորիս եւ Կապան բնակավայրերում թիրախավորելով ոչ միայն ռազմական ենթակառացվուծքները, այլեւ խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը խախտել է Հայաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին եւ խախտելով Ժնեւի կոնվենցիան։
Հայաստանը Կովկասի կենսաբազմազանության թեժ կետերից է. կենդանական աշխարհի ավելի քան 500 տեսակ եւ բուսական աշխարհի 144 տեսակ համարվում են էնդեմիկ: Հայաստանի միջազգայնորեն կարեւոր հարուստ կենսաբազմազանությունը ներառում է 377 թռչունների տեսակներ, համաշխարհայնորեն վտանգված 14 թռչուն, 18 Կարեւորագույն թռչնաբանական տարածքներ (IBA), «Էմերալդ» համաշխարհային էկոլոգիական ցանցում ներառված 9 բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, Թիթեռների ապրելավայրի կարեւորագույն 12 տարածք (PMA) եւ 32 Կարեւոր բուսաբանական տարածք (IPA), որոնք ընդհանուր առմամբ ընդգրկում են Հայաստանի շուրջ 15%-ը:
Ադրբեջանի ռազմական ագրեսիան ուղղակի ազդեցությամբ ծայրահեղ վտանգում է Սեւանա լճի, Ջերմուկի, Նորավանքի, Գորայքի, Մեղրիի եւ Զանգեզուրի ԿԹՏ-ները։ Սեւանա լճի ԿԹՏ-ում է տեղակայված Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը. Հայաստանում է գտնվում հայկական որորի եվրոպական պոպուլյացիայի շուրջ 40%-ը:
Հայաստանի արեւելք-հարավ սահմանագծի երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, դրանց արդյունքում բռնկված անտառային հրդեհները սպառնում են համաշխարհային եւ ազգային կարմիրգրքային տեսակների՝ ինչպիսիք են Կովկասյան հովազը (Panthera pardus tulliana), հայկական մուֆլոնը (Ovis gmelini gmelini), բեզոարյան այծը (Capra aegagrus aegagrus), գորշ արջը (Ursus arctos syriacus), կովկասյան լուսանն (Lynx lynx dinniki) ու եվրասիական ջրասամույրը (Lutra lutra):
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին դատապարտել ադրբեջանական ագրեսիան հայկական հողի վրա»։
ԷՋՄԻԱԾՆԻ 2707-ԱՄՅԱԿ
Էջմիածնի հիմնադրման 2707-ամյակին նվիրված միջոցառումները չեղարկված են: Այս մասին հաղորդում է Էջմիածնի քաղաքապետարանը:
Պայմանավորված վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված պաշտոնական, մշակութային, տոնական բոլոր միջոցառումները, քաղաքային գրադարանի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը եւ քուֆթայի փառատոնը չեղարկված կամ անժամկետ հետաձգված են:
Դեռեւս շարունակվում են միայն «Բարեկամության ներկապնակ» միջազգային սիմպոզիումի նախապատրաստական աշխատանքները. սիմպոզիումին մասնակցում են ինչպես հայ, այնպես եւ այլազգի արվեստագետներ, ովքեր շուրջ մեկ շաբաթ կգտնվեն Էջմիածնում: Հարկ ենք համարում արվեստի միջոցով անդրադարձ կատարել մեր քաղաքի հիմնադրման օրվան եւ միջազգային հանրության ու մամուլի արձագանքը եւս մեկ առիթով բեկել Հայաստանի ուղղությամբ: Սիմպոզիումը նախատեսված է հոկտեմբերի 1-7-ը:
ՀԱՏՈՒԿ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակորեն եւ տարբեր մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների եւ երկու հարեւան երկրների՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ՀՀ-ում Իրանի դեսպանության՝ «Լուրերին» տված մեկնաբանության մեջ:
«Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի եւ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջեւ կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես եղանք, Իրանը դեմ է հարեւան երկրների տարածքային ամբողջականության եւ սահմանների խախտմանը եւ հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարեւան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին:
ԻԻՀ նախագահի եւ ՀՀ մեծարգո վարչապետի, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում մեր այս սկզբունքային դիրքորոշումը կրկնվել է:
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն էր հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած ընդհարումների նոր փուլի կապակցությամբ եւ խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորմանը աջակցելու ուղղությամբ պատրաստակամություն հայտնելու հետ մեկտեղ հստակորեն ընդգծել է, որ Իրանի համար կարեւոր է երկու հարեւան երկրների տարածքային ամբողջականության պահպանումը եւ այն, որ Իրան-Հայաստան սահմանը պատմական հաղորդակցության ուղի է, եւ պետք է մնա առանց փոփոխության»,- ասված է դեսպանության մեկնաբանությունում:
ՎՆԱՍՎԵԼ Է 192 ՏՈՒՆ
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ տեղեկացնելով, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է:
«Վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության գույք, վարչական շենքեր, հյուրատներ եւ այլն: Վնասվել են նաեւ ավտոմեքենաներ, այդ թվում՝ շտապօգնության ծառայության: Որոշ տեղերում ունեցել ենք հոսանքազրկումներ, որոնք շատ արագ վերականգնվել են: Այս պահին էլեկտրականության հետ կապված խնդիր ունենք Ներքին Շորժայի հատվածում: Հասկանալի պատճառով էլեկտրականության, կապի մատակարարումը այդ հատվածում դեռ չի վերականգնվել, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում կվերականգնվի»,-ասաց Վաչե Տերտերյանը:
Այլ կարգի ենթակառուցվածքային խնդիրներ՝ ճանապարհների փլուզում, ջրամատակարարման խափանումներ չկան: Կան տարբեր խնդիրներ, որոնք ընթացքում շատ արագ կարգավորվում են: Վաչե Տերտերյանը նշեց, որ երեք մարզերում էլ ղեկավարությունը հետեւում է իրավիճակին, համակարգում են աշխատանքները շուրջօրյա ռեժիմով: Որոշակի հնարավորության դեպքում ամբողջական գույքագրումը կիրականացվի շատ արագ:
«Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի մանրակրկիտ կհաշվառեն վնասները: Մեր քաղաքացիներն այդ առումով կարող են հանգիստ լինել: Եթե նույնիսկ որեւէ բան բաց է մնացել, ապա համայնքների աշխատակազմերի միջոցով պատշաճ կարվի այդ աշխատանքը»,-ասաց Վաչե Տերտերյանը:
Նա վստահեցրեց, որ ռազմական գործողությունների հետեւանքով տուժած յուրաքանչյուր քաղաքացի լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
ԿԱՐՄԻՐ ԽԱՉ
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետեւանքով՝ ադրբեջանական կողմում հայտնված հնարավոր հայ գերիների ընտանիքների հետ:
Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին զինծառայողների դիերը Հայաստանին վերադարձնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ Զառա Ամատունին ասաց, որ իրենք տեղյակ են դրա մասին. «Այս պահին մենք այդ հարցերով երկխոսության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ: Երբ լինի տեղեկություն, մենք արդեն կկարողանանք հաստատել»: Գերիների թվի մասին էլ վերջինս ոչինչ չհայտնեց՝ նշելով, որ այժմ հավաքագրման փուլում են: