Հայաստանում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ իրենց մտահոգությունն են հայտնել եւ միջազգային կառույցներին կոչով դիմել աշխարհահռչակ հայեր:
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:
«Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների եւ որեւէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար»,-ասվում է գրառման մեջ:
Ամերիկահայ հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյան կրտսերը իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում արված հրապարակմամբ անդրադարձել է ՀՀ սահմանին առկա իրավիճակին:
«Պատկերացրեք ձեր օրը սկսում եք այլ օրերի պես. արթնանում եք, համբուրում եք ձեր կնոջն ու երեխաներին եւ գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերն ու ձեր կնոջ ու երեխաների հետ վազում որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին եւ ընկերներին: Թողնում եք ամենը՝ ինչ ստեղծել եք եւ ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի եւ ձեր կյանքը: Հիմա այս ամենը պատկերացրեք առանց կյանքի հարմարավետությունների, որոնք ունեք ԱՄՆ-ում: Պատկերացրեք, որ այս ամենը պիտի անեք առանց ֆինանսական միջոցների, առանց տրանսպորտի, առանց որեւէ մեկի օգնության: Ցավոք, Հայաստանում պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա իրականություն է, եւ միակ նախազգուշացումը հրթիռներն էին, որոնք ընկել են մարդկանց բակերում: Աղոթե՛ք Հայաստանի համար»:
Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմիի» մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին սկսած պատերազմին։
«Այն զգացողությունները, որոնք ունեի 2020-ին, վերադառնում են։ Արթնանալով վախենում էի վերցնել հեռախոսս ու տեսնել, թե ինչ է կատարվում… Չեմ ցանկանում կրկին հայտնվել այդ խավարի մեջ։ Մեզանից ոչ ոք չի ցանկանում։ Դրա մասին միտքն անգամ ֆիզիկական ցավ է պատճառում։ Ինձ միայն հետաքրքիր է՝ արդյոք մարդիկ ակտիվ կլինե՞ն, կբարձրացնե՞ն իրենց ձայնը, ինչպես անում էին վերջին միջազգային պատմությունների դեպքում։ Կխոսե՞ն, արդյոք, դրա մասին, կմտահոգվե՞ն, կկիսվե՞ն, կտարածե՞ն, կամ, գոնե, մի հեշթեգ կօգտագործե՞ն այդ թեմայով, թե՞ մենք կրկին միայնակ ենք մնալու։ Իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԱՆԱՅՔ»
«Դեմք շոու» կազմակերպությունը հայտնել է, որ Հայաստանում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ անժամկետ հետաձգվում է «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան:
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի առաջիկա օրերի ցուցադրությունները անորոշ ժամանակով հետաձգվում են:
Կինոթատրոններից նախապես գնված բոլոր օնլայն եւ օֆլայն տոմսերն ուժի մեջ կլինեն, կարող են օգտագործվել հետագա ցուցադրությունների համար:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- գրված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ «Սեւազգեստ կանայք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան պետք է կայանար սեպտեմբերի 16-ին:
ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է
Երգիչ Արկադի Դումիկյանը նույնպես՝ Հայաստանում պատերազմական իրավիճակով պայմանավորված, հետաձգել է սեպտեմբերի 18-ին կայանալիք մենահամերգը:
Այս մասին երգիչը հայտնել է իր երկրպագուներին՝ նշելով. «Սիրելի հայրենակիցներ, վերջին իրադարձություններով պայմանավորված, սեպտեմբերի 18-ի մենահամերգը տեղափոխվում է։ Համերգի նոր ժամկետի մասին կհայտարարեմ մոտ օրերին։ Բոլոր գնված տոմսերը մնում են ուժի մեջ»:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ նման հայտարարություններով են հանդես եկել ու նախատեսված համերգները հետաձգել երգիչներ Գոռ Հակոբյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտմբերի 12-ին լույս 13-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանային ողջ երկայնքով:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները:
Կայացել են E, F, G, H խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:
E խմբում «Միլան»-ը տանը 3:1 հաշվով հաղթել է Զագրեբի «Դինամո»-ին, «Չելսի»- «Զալցբուրգ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1:
F խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը եւ «Սելթիկ»-ը ոչ-ոքի են ավարտել հանդիպումը, իսկ «Ռեալ»-ը 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Լայպցիգ»-ի դարպասը: G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ին 2:1 հաշվով առավելության է հասել Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ, «Կոպենհագեն»-«Սեւիլիա» խաղն ավարտվել է զրոյական ոչ-ոքի հաշվով:
H խմբում «Յուվենտուս»-ը զիջել է «Բենֆիկա»-ին (1:2), ՊՍԺ-ն հաղթել է «Հայֆա»-ին` 3:1: Խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 5-6-ին:
ՀԱՂԹՈՂԸ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմից առաջինը մրցագորգ դուրս եկավ Մ23՝ աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը՝ Արման Ավագյանը: 70 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Ավագյանը մրցեց Կանադայի ներկայացուցիչ Ադամ Սքին Թոմսոնի հետ եւ ժամանակից շուտ 11:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ: Մրցումային առաջին օրը Հայաստանի թիմից պայքարի մեջ կմտնի նաեւ 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը: Մեկնարկային 1/8 եզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի որակավորման փուլի Էլի Ջեկունդակոմ Ջերայոմ (Չադի Հանրապետություն) – Ջանլուդա Տալամո (Իտալիա) զույգի հաղթողը:
OK ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳԻՐ
Շոումեն, OK ամսագրի գլխավոր խմբագիր, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Վադիմ Վերնիկը կորոնավիրուս ախտորոշումով տեղափոխվել է հիվանդանոց: Աղբյուրը պնդում է, որ սկզբում արտիստը փորձել է ինքնուրույն բուժվել, սակայն սրտի հետ կապված առողջական խնդիրների պատճառով նրա վիճակը ծանրացել է: Բժշկական օգնության դիմելուց հետո Վերնիկին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Արտիստի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տարեսկզբին տեղեկություններ էին տարածվել շոումենի եղբոր` Իգոր Վերնիկի՝ կորոնավիրուս ախտորոշումով հիվանդանոց տեղափոխվելու մասին, ինչը, սակայն, արտիստը հերքել էր: Այս շաբաթվա տվյալներով ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 336 հազար դեպք, ինչը 3,4 տոկոսով գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը։ Հիվանդության աճը գրանցվել է 50 մարզում եւ նվազել է 27-ում, այդ թվում` Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում: 8 մարզում հիվանդության տարածման հարցում էական դինամիկա չկա: