2020 թվականի իր ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացնելիս նշում էր. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների թիվը 2017 թվականին կազմել է 10000, 2018 թվականին՝ 12400, իսկ 2019 թվականին՝ 14900։ Նույն տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել համապատասխանաբար 8100, 9100 եւ 13000 անձի»։ Նա կարեւոր փաստ էր համարում այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումները ավելացել են, սակայն 2019 թվականից հետո այլ պատկեր ունենք։ Մասնավորապես, 2019 թվականի 13 000 դիմումի փոխարեն՝ 2020 թվականին քաղաքացիություն է ստացել 11456 մարդ, իսկ, ահա, 2021 թվականին այս թիվն ավելի է իջել եւ ստացվել է 8521 դիմում, որից հաստատվել է 7379-ը։ Ստացվում է` Փաշինյանը հերթական անգամ հայտարարություն է արել եւ փաստ ներկայացրել մի բան, որը հետո հերքվել է եւ բացասական միտում գրանցել. նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։
Մինչ երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը շարունակվում է, հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի զինատեսակներով սադրանքների դիմել ու ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, հայ հասարակությանը շարունակում է կարեւորագույն մեկ հարց տանջել ու հուզել՝ ՀՀ օդն ինչո՞ւ է բաց: Նույն այս հարցը նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ էինք տալիս, հարցը, սակայն, օդում կախված էր մնում, ինչպես այսօր: Անօդաչու թռչող սարքերից մեկն անգամ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Գորիսում տեղակայված ՀՕՊ համակարգին է հարվածել ու, ըստ երեւույթին, այն շարքից հանել: Հիշեցնենք, սակայն, որ դեռեւս 2016-ի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիր են ստորագրել, ինչը «օդը պաշտպանելու» փոխօգնություն է նշանակում: Թե ինչ փոխօգնություն է եղել այս ընթացքում մեր ռազմավարական գործընկերոջից, միայն ենթադրել կարելի է: Փաստն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո արդեն ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի օդն է անպաշտպան։ ՀՀ իշխանավորներից ու պատկան մարմիններից, իհարկե, դեռ այսօր, վաղը, մյուս օրը դարակազմիկ մտքեր կհնչեն, թե ինչ է կատարվել ու կատարվում, իրականությունը, սակայն, այն է, որ պատերազմից երկու տարի անց ադրբեջանական հրթիռներն ու ԱԹՍ-ները դեռ շարունակում են «սավառնել» Հայաստանի երկնքում։
Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու: Հայաստանի կենտրոնական բանկն առաջարկում է վերանայել «Բոնուս-Մալուս» համակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշվի կառնվի նաեւ ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց պատկանող ավտոմեքենաների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը եւ դրանց համար վարորդներից հանված բալերի քանակը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ սկսած 2023 թվականից՝ ավտոապահովագրողների բյուրոն նախատեսում է սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի եւ նրանց կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառում դրսեւորվող կարգապահության միջեւ։ ՀՀ ոստիկանության տեղեկատվական-փնտրողական համակարգից ԱՊՊԱ-ի համակարգ կփոխանցվի վարորդների կողմից ավտոմեքենաներով կատարվող ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների կամ այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկությունը:
Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հայաստանում ապաստան հայցող քաղաքացիների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում արդեն Հայաստանում ապաստանի հայց են ներկայացրել 320 անձինք, որոնցից 213-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Մեզ հայտնի դարձավ, որ գործադիրը մտադիր է ժամանակավոր կացարանով ապահովելու խնդրի լուծման նպատակով փոխհատուցում տրամադրել նրանց 6 ամիս ժամկետով: Խոսքը 60 հազար դրամի մասին է, այսինքն՝ 6 ամիսների ընթացքում նրանք պետք է սովորեն լեզու, լուծեն իրենց զբաղվածության հետ կապված հարցերը, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո կացարանի խնդիրը պետք է ինքնուրույն լուծեն։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր հանրապետությունում ապաստան հայցող անձանց թիվը տարեկան միջինում կազմում է շուրջ 270 անձ։ Նշենք, որ սիրիական ճգնաժամի հետեւանքով 2012 թվականին ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը հասել է 579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի։