ՉՄԱՍՆԱԿՑԵՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ՝ սեպտեմբերի 13-ին, 65 կողմ ձայնով միաձայն ընդունեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:

 

Նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնող իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախքան քվեարկությունն ասաց, որ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ չունեցան միասնականություն։

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին ներկայացրել էին առանձին առաջարկությունների փաթեթներ։ ««Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկների փաթեթն ուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծված ագրեսիվ գործողություններին։ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված վիճակին, եւ մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել առջարկները նշված հայտարարության մեջ։ Ընդ որում, ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար չափազանց կարեւոր էր ունենալ միասնականություն՝ խորհրդարանական բոլոր խմբակցությունների միջեւ։ Ցավոք դա չհաջողվեց», – հայտարարեց Վարդանյանը։

Նախագծում նշվում է, որ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետների ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ»:

Ստեղծված իրավիճակում պատգամավորները «իրենց լիակատար աջակցությունն են հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում՝ կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին, բոլոր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, պահպանել հանգստություն եւ համախմբվել Զինված ուժերի շուրջ:

Միջազգային հանրությանը կոչ են անում խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված՝ տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում են ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում:

ՀԱՊԿ-ից պահանջում են Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնված պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը:

Դիմում են Ռուսաստանի Դաշնությանը՝ շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված համապատասխան պայմանագրերով ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»:

Նախագծի հեղինակներն են իշխող խմբակցության պատգամավորներ Վիլեն Գալստյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը։

 

 

 

ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ուղեւորվում է Հայաստան եւ Ադրբեջան՝ երկու երկրների ղեկավարների հետ բանակցելու՝ սահմանին իրավիճակի դեէսկալացիայի շուրջ, նշված է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

«Վերջին ժամերին հայ-ադրբեջանական սահմանին լուրջ մարտեր են տեղի ունեցել, ինչի հետեւանքով մարդիկ են զոհվել։ Չափազանց կարեւոր է դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Բոլոր ուժերը պետք է վերադառնան այն դիրքերը, որոնք զբաղեցրել են՝ մինչեւ էսկալացիան, հարկավոր է ամբողջությամբ պահպանել կրակի դադարեցման ռեժիմը», – նշված է Բորելի հայտարարությունում։

«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհապաղ կուղեւորվի երկու երկրներ, որպեսզի աջակցի դեէսկալացիային ու քննարկի Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ տեղի ունեցած երկխոսության գործընթացի հետագա քայլերը», – նշել է Բորելը։

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին:

Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային եւ ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարեւորվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը:

Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:

 

 

ԱՊԱԷՍԿԱԼԱՑՄԱՆ ԿՈՉ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիային:

«Շատ անհանգստացած եմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումներից, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների դեպքերից: ՆԱՏՕ-ն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման եւ շտապ ապաէսկալացման կոչ է անում»,- համացանցում գրառում է կատարել Կոլոմինան:

 

 

 

 

 

ՀՐԱՀԱՆԳՎԵԼ Է ՏՈՒՆ ՉԳՆԱԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, սահմանային իրավիճակով պայմանավորված, իրավապահ համակարգի, ուժային կառույցների  ղեկավար կազմին  հրահանգվել է  տուն չգնալ եւ մնալ կառույցներում: Մեզ  հասած  տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգին սեպտեմբերի 13-ի գիշերը ժամը 01-ից  կանչել  են  աշխատանքի, եւ, դեռ  ավելին, արձակուրդի մեջ գտնվող բոլոր աշխատակիցներին հրահանգել են  վերադառնալ  աշխատանքի: Իսկ  թե  ուժային ու իրավապահ համակարգի   աշխատակիցները երբ կկարողանան գնալ տուն, դեռ անորոշ է: Մեծ մասը գիշերում է կառույցի  շենքում, ժամկետ  չի  նշվել։

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ ձեռնարկել: Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանը նախ ընդգծեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանի Զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների, եւ Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական զինված ուժերի գործողությունների՝ բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում:

«Վերջին օրերին հետեւել եք, որ ադրբեջանական կողմը անընդհատ տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում՝ իբր Հայաստանի Զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը, բնականաբար, հերքում էր այդ ամենը, որովհետեւ դա իրականության հետ աղերս չուներ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ ստեղծված իրավիճակը առաջին հերթին  կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ: Հաջորդ կարեւոր կետը, ըստ վարչապետի, վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին եւ դրանից բխող կարգավիճակին:

«Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որը արտահայտվում է եւ արտահայտվել է բանակցային գործընթացում, հետեւյալն է, որ նրանք չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետեւ իրենց դիրքորոշումը այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ, առնվազն դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, եւ իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության հետ»,- ասաց վարչապետը:

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի եւ ՊՆ մյուս պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան: Երեկ Հակակոռուպցիոն դատարանում առաջին դատական նիստն էր: ArmLur.am-ը դատարանում էր եւ արձանագրեց, թե ինչպես նախկին նախարարին Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխեցին Հակակառուպցիոն դատարան, եւ ինչպես էին նախարարի հարազատները դիմավորում նրան դատարանի մուտքի մոտ:

 




Լրահոս