2022 թվականի սեպտեմբերի 13-ին կեսգիշերից՝ 2020թ. նոյեմբերին 9-ին ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության, ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից, այլ պետության տարածք ներխուժումից կամ հարձակումից զերծ մնալու վերաբերյալ միջազգային մի շարք պայմանագրերի կոպտագույն խախտումներով՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ագրեսիա իրականացնելու փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ագրեսիայի, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի հանցավոր խախտումների եւ պատերազմական հանցագործությունների կատարման վերաբերյալ:
Մասնավորապես, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռահրետանային միջոցների, ԱԹՍ-ների, ինչպես նաեւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառությամբ, տարբեր զորամիավորումների ներգրավմամբ կանխամտածված գրոհների թիրախ են դարձել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում մարտական հենակետերը, զորամասերը, զինտեխնիկան, որը հանգեցրել է մարդկային եւ նյութական կորուստների:
Բացի այդ, նպատակաուղղված, առանձին դեպքերում ուղիղ նշանառությամբ, մեկից ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ եւ ազգային ատելության շարժառիթներով հարվածներ են հասցվել թիկունքում գտնվող եւ մարտական գործողություններին չմասնակցող բազմաթիվ բնակավայրերի՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, բնակելի տները, քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված հրետակոծության հետեւանքով մի քանի քաղաքացիական անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:
Ըստ արդեն իսկ ձեռք բերված տվյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ սանձազերծված ագրեսիայի ակտը Ադրբեջանի ռազմաքաղաքաան ղեկավարության եւ զինված ուժերի կողմից պատրաստվել եւ պլանավորվել է նախապես. այդ նպատակով տեւական ժամանակահատվածում միջոցներ են ձեռնարկվել՝ նախահարձակ ռազմական գործողությունների համար արհեստական հիմքեր ստեղծելու ուղղությամբ:
Քրեական վարույթի շրջանակներում դատախազական հետեւողական հսկողության ներքո իրականացվում են գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային անձեռնմխելիության դեմ հերթական հանցավոր ոտնձգությունների, ագրեսիայի նախապես պլանավորման եւ իրականացման, դրանց ընթացքում գործված պատերազմական հանցագործությունների, միջազգային հումանիտար իրավունքների կոպիտ խախտումների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման ուղղությամբ՝ տեղի ունեցածին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելու, ինչպես նաեւ միջազգային իրավական համապատասխան մեխանիզմների գործադրման նպատակով:
Ագրեսիայի ակտի հանգամանքների, այդպիսիք հիմնավորող փաստերի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազը իրազեկել է նաեւ գործընկեր պետությունների գլխավոր դատախազներին:
ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Ադրբեջանական ստորաբաժանումները կեսգիշերից սկսած մինչեւ այժմ շարունակում են թիրախավորել սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Այս ակնհայտ իրողության ֆոնին առավել քան անհեթեթ են դառնում ադրբեջանական կողմի պնդումները, թե իրենք խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում: Կան բավարար ապացույցներ,որոնք հաստատում են Ադրբեջանի ԶՈւ հանցավոր գործողությունները՝ խաղաղ բնակչության դեմ»,-ասաց խոսնակը:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում երեկվա՝ ժամը 18:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Երեկվա՝ 18:00-ի դրությամբ, հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:
ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ
2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թվականի Ժնեւի կոնվենցիաների Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված եւ նպատակաուղղված հարձակման թիրախ են դարձրել խոր թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները եւ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը։
Մասնավորապես՝ հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել եւ խոցվել է շտապօգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ԳՈՒՄԱՐ
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 1:41-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված 58-ամյա տղամարդը հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին ժամը 15:00-ին Իսակովի պողոտայում ոմն Արսեն՝ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել է 35.000 դրամ, ՀՀ եւ ՌԴ անձնագրերը եւ բջջային հեռախոսը:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: 43-ամյա տղամարդը Իսակովի պողոտայի շենքերից մեկի հարակից վագոն-տնակում հայտնաբերվել, ձերբակալվել եւ բերվել է բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:
ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՆՑԱՆՔ Է
Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների եւ առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։
Ըստ հաղորդագրության՝ արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի եւ կստանա համարժեք գնահատական:
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Սեպտեմբերի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի շենքերից մեկի բնակարան, որտեղ տան նկուղում հայտնաբերել են տղամարդու կախված դի: Ոստիկաններն ու քննիչները նշված նկուղային հարկում հակի թելից գործված պարանով կոյուղու խողովակից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 72-ամյա Մ. Մ.-ի դին: Բժիշկները արձանագրել են կենսաբանական մահ: Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մ. Մ.-ի տղան ծառայում է Ջերմուկի զորամասում, ու քանի որ երեկվանից հայրը որդուց տեղեկություններ չունի, դիմել է ծայրահեղ այդ քայլին՝ կատարելով ինքնասպանություն: