ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՉԵՆ ԹՌՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք մինչ այս Հայաստանի երկնքով էին իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ավիահաղորդակցությունը, երեկվանից սկսել են բոլոր թռիչքները կատարել Իրանի տարածքով:

 

Մինչեւ սեպտեմբերի 12-ը ներառյալ Հայաստանի օդային տարածքով են իրականացվել «AZAL»-ի Բաքու-Նախիջեւան-Բաքու 3 չվերթներ՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան։

Հիշեցնենք, որ այդ թռիչքները վերսկսվել էին 2021-ի հոկտեմբերից, իսկ մինչ այդ թշնամու քաղաքացիական օդանավերը չէին մտնում ՀՀ երկինք, ինչն իր պատճառներն ուներ։ 2014-ի նոյեմբերից ադրբեջանցիները խուսափում էին թռչել Հայաստանի երկնքով, որովհետեւ այդ տարվա նոյեմբերի 12-ին ակնհայտ ագրեսիա իրականացնելով՝ խոցել էին շփման գոտուց այս կողմ՝ Արցախի երկնքում ուսումնամարզական թռիչք կատարող «Մի-24» ռազմական ուղղաթիռը, որը զինված չէր։ Դրանից հետո ադրբեջանցիները վախենում էին հայկական կողմի պատասխան գործողություններից եւ 7 տարի շարունակ Բաքվից Նախիջեւան էին թռչում միայն Իրանի տարածքով։

Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ AZAL-ը վերսկսեց թռիչքները ՀՀ երկնքով, Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը հայտարարել էր, թե այդ երթուղու շնորհիվ կկրճատվի թռիչքի ժամանակն ու վառելիքի ծախսը: Այսինքն՝ Հայաստանի երկնքով թռիչքները ձեռնտու տարբերակ էին ադրբեջանցիներին։

Նկատենք, որ Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթ կատարելիս ադրբեջանական օդանավերը ՀՀ տարածքում անցնում են Վարդենիսի, Մարտունու, Վայոց Ձորի, երբեմն էլ՝ Արարատի մարզի երկնքով։ Մինչ այս պահը շարունակվող ռազմական գործողությունների ամենաթեժ ուղղություններից մեկը հենց Վարդենիսի տարածաշրջանն է։

Մինչեւ այսօր Հայաստանի երկնքով էր իրականացվում նաեւ Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Turkish Airlines»-ի Ստամբուլ-Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ չվերթի՝ Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ հատվածը։ Սակայն այսօր արդեն թուրքական օդանավը Նախիջեւանից Գյանջա մեկնելու համար մտել է Իրանի օդային տարածք, իսկ Գյանջայից Ստամբուլ մեկնելիս՝ Վրաստանի երկինք։

 

 

 

 

ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ Ֆրանսուա-Քսավիե Բելամին սեպտեմբերի 13-ին ԵԽ-ում ելույթ է ունեցել՝ խստորեն դատապարտելով Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր հարձակումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատգամավորը արձանագրել է, որ Հայաստանի դեմ ռազմական լայնածավալ հարձակման ընթացքում Ադրբեջանը ակտիվ հրետակոծել է Հայաստանի տարբեր քաղաքներ ու գյուղեր, ընդ որում՝ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական օբյեկտներ, որը հայկական կողմում հանգեցրել է մի քանի տասնյակ զոհերի։

«Ոչի՛նչ, ոչի՛նչ չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Երկու տարի առաջ, կրկին խախտելով միջազգային իրավունքի բոլոր օրենքները, Ադրբեջանը՝  Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս անգամ Ադրբեջանը հարձակվում է արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»,- նշել է նա։

Բելամին հիշեցրել է, որ երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց՝ ընդդեմ Ուկրաինայի, ԵԽ-ն առանց վարանելու շատ պարզ ձեւով դատապարտեց դա՝ արձանագրելով՝ «պետք է նույնը անենք երեկ երեկոյան պարոն Ալիեւի ռեժիմի կողմից կազմակերպված հարձակման վերաբերյալ»։

«Տիկին նախագահող, խնդրում ենք հարգել մեր պառլամենտի ձայնն այս արտակարգ իրավիճակում։ Մեր վճռական դիրքորոշումը կարող է կանխել այս պատերազմը եւ կանգնեցնել Ադրբեջանին իր ծրագրերը կյանքի կոչելու հարցում։ Եկեք դադարեցնենք գործակցությունն այս հանցավոր վարչակազմի հետ եւ ձեռնարկենք համապատասխան միջոցներ, սահմանենք արդյունավետ պատժամիջոցներ։ Եկեք անմիջապես հրավիրենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ…

Մենք պարտավոր ենք նախեւառաջ այդ քայլերը ձեռնարկել՝ կանգնելով հայ ժողովրդի կողքին, ում վշտակցություն ենք հայտնում իրենց զրկանքների ու կորուստների համար»,- ասվում է նրա ելույթի եզրափակիչ հատվածում։

 

 

 

 

 

ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, թե ինչու իրենց խմբակցությունը չի միացել ԱԺ հայտարարությանը՝ ադրբեջանական հարձակման վերաբերյալ: Մինասյանն իր ելույթում նախ շեշտեց, որ նախորդ ամբողջ գիշեր իրենց խմբակցությունն աշխատել եւ հայտարարություն է արել: Ըստ «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մշակած հայտարարության  նախագիծն ամբողջական չէր:

Խմբակցությունն առաջարկել էր 4 կետ՝ որպես կարեւորագույն ուղերձ՝ ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին, սակայն դրանք չէին ներառվել նախագծում: «Մենք այս հայտարարությանը դեմ չենք, ասում ենք, որ այն ամբողջական չէ: Եվ, հետեւաբար, ոչ մի լուծում չի պարունակում իր մեջ: Եթե ուզում ենք, որ լուծում պարունակի, ապա պետք է հստակ, թիրախավորված ասենք»,-կարծիք հայտնեց Մինասյանը:

Այսպիսով` նա ասաց, որ չեն մասնակցելու հարցի քվեարկությանը, քանի որ նախագիծը համարում են կիսատ: Արձագանքելով իշխանական պատգամավորներին՝ Մինասյանը շեշտեց՝ եթե իրենք շահագրգռված չլինեին պետականության պաշտպանության հարցով, այդ կարեւորագույն կետերը չէին ասի: Նիստին ընդդիմությունից մասնակցում էին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը խորհրդարանն ընդունեց 65 կողմ ձայնով:

 

 

 

 

ԱՆՏԱՌՆԵՐՆ ԱՅՐՎՈՒՄ ԵՆ

Ջերմուկի անտառներն այրվում են։ ArmLur.am-ի այս տեղեկությունը հաստատեց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հրդեհի չորս օջախ կա։

«Այն տարածքներում, որոնք վերահսկվում են հակառակորդի կողմից, հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվում։ Մյուս հատվածներում իրականացվում են, թե ինչ ծավալների մասին է խոսքը, այս պահին չենք կարող ասել», -նշեց նա։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Կառավարությունը  մտադիր է զինվորականների աշխատավարձը 240 տոկոսով բարձրացնել: Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ բարեփոխումների մասին հարցին:

«Զինված ուժերի բարեփոխումների ոլորտում մենք շատ լուրջ քայլեր ենք ձեռնարկում: Պատրաստվել է ծրագիր, մենք մեր զինվորականների աշխատավարձերն անգամներով պետք է բարձրացնենք, ոչ թե 25 կամ 30 տոկոսով, այլ՝ 3 անգամ: 240 տոկոսի մասին է խոսքը: Բայց այդ 240 տոկոսը շեմն է, բազան, որի վրա պետք է այլ գործակիցներ աշխատեն»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ նախորդ տարիներին կրկնապատկել է նաեւ ռազմաարդյունաբերության ֆինանսավորումը:

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի իր կանխատեսումը, այսպիսով` 4.9 տոկոսի փոխարեն կանխատեսվում է 12.9 տոկոս տնտեսական աճ: Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Մենք էապես փոխել ենք կանխատեսումը: Նախկին կանխատեսած 4.9 տոկոսի համեմատ 12.9 տոկոս է աճը կազմում»,-ասաց Գալստյանը:

Կենտրոնական բանկի նախագահը դա պայմանավորեց հիմնականում պահանջարկով: Ծառայությունների, շինարարության ոլորտներում հսկայական տարբերություններ կան, որոշակի տարբերություններ կան նաեւ արդյունաբերության ոլորտում: «Նաեւ սա է պատճառը, որ այսօր տեսնում ենք, որ ունենք իրավիճակ, երբ աճում են ոչ միայն ոչ պարենային ապրանքների գները, այլ նաեւ ծառայությունների գները»,-նշեց նա:

 

 

 




Լրահոս