Սեպտեմբերի 11-ին Կամերային թատրոնում տեղի ունեցավ թատրոնի կազմավորման 50, եւ պետական կագավիճակ ստանալու 40 ամյակների տոնական միջոցառումը: Կամերային թատրոնի համար հոբելյանական տարին հագեցած է եղել պրեմիերաներով, հետաքրքիր հանդիպումներով ու տպավորիչ իրադարձություններով:
ArmLur.am-ը շքեղ երեկոյի անակնկալների եւ հյուրերի մասին զրուցել է Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեի հետ:
Դերասանուհու խոսքով՝ այս տարի եւ առավելապես սեպտեմբերի 11-ը առանձնահատուկ էր կամերայինցիների համար:
«Շատ գեղեցիկ եւ շքեղ էր կազմակերպված, եւ այս տարի առանձնացավ նրանով, որ մեր օրը բոլորինը դարձրեցինք, ավելի մեծ մասշտաբով նշեցինք: Կամերային թատրոնի հարակից տարածքում էլ բացվեց «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը նվիրվեցին թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային եւ Գեորգի Ամիրագյանին»,-նշեց դերասանուհին:
Անի Լուպեի խոսքով՝ Երեկոյին թատրոնի ցուցասրահում ներկայացվեց յուրօրինակ էքսպոզիցիա, որը պատմական էքսկուրս է՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը. «Բացի դա, հյուրերին բացառիկ հնարավորություն էր ընձեռվել դիտել «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմը, մասնակցել Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսին: Թե՛ կինոնկարը, թե՛ գիրքը պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների եւ ընկերների մասին»:
Իսկ ահա թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, հիշելով թատրոնի ստեղծման սկզբնական փուլը, խոստովանեց, որ թատրոն չի սիրել. հայրը կարծել է՝ տղամարդը չպետք է զբաղվի թատրոնով: Երնջակյանների ընտանիքում մաթեմատիկայի պաշտամունք է եղել, իսկ Արա Երնջակյանը սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետում, սակայն «Ուրախների եւ հնարամիտների ակումբ»-ը ուսանող Երնջակյանին շեղել է՝ տանելով այլ ուղղությամբ:
Երեւանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին: Կամերային թատրոնի ստեղծման առաջին իսկ տարիներից Արա Երնջակյանի եւ ստեղծագործական կոլեկտիվի նպատակն էր դուրս գալ զուտ թատերական գործունեության շրջանակներից, ձեւավորել մշակութային համալիր։ Բավական է նշել կինոսրահը, Fe-Պատկերասրահը (1994), «Միսս Հայաստան» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթը (1996-2000), «ԵրԿաթ TV», «ՅԱՆ TV» հեռուստաընկերությունները, «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբը եւ շատ այլ ստեղծագործական նախագծեր։ Կամերային թատրոնի ուժերով նկարահանվել են մի քանի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎԵՆԵՏԻԿԻ 79-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Ավարտվել է Վենետիկի 79-րդ կինոփառատոնը, ու բոլոր հաղթողները ստացել են իրենց մրցանակները: Միջազգային ժյուրին, որն այս տարի գլխավորում էր oսկարակիր Ջուլիանա Մուրը, ամփոփել է արդյունքները: Ժյուրիի կազմում էին նաեւ ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոն, ռեժիսորներ Մարիանո Կոնը, Լեոնարդո դի Կոստանզոն, Ռոդրիգո Սորոգոյենը եւ փառատոնի նախորդ տարվա հաղթող Օդրի Դիվանը, իրանցի դերասանուհի Լեյլա Հաթամին:
«Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակը ստացել է Լորա Փոյթրասի «Ողջ գեղեցկությունն ու արյունահեղությունը» (All the Beauty and the Bloodshed) աշխատանքը:
Հիմնական մրցույթին մասնակցած 23 ֆիլմերից միայն այդ մեկն է վավերագրական եղել: Ֆիլմը պատմում է Նյու Յորքից լուսանկարիչ Նան Գոլդինի մասին, որը փորձում է Purdue Pharma ընկերությանը պատասխանատվության ենթարկել օփիոիդներ արտադրելու համար:
Իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի «Ոսկորները եւ ամբողջը» (Bones & All) ֆիլմն էլ «Արծաթե առյուծի» է արժանացել: Գլխավորում դերերում են Տիմոտի Շալամեն եւ Թեյլոր Ռասելը: Վերջինս լավագույն նորամուտի համար ստացել է Մարչելո Մաստրոյանիի անվան մրցանակը:
Գրան պրիի հաղթողը ֆրանսիացի Էլիս Դիոպի «Սուրբ Օմեր» (Saint Omer) ֆիլմն է: Այն մի կնոջ դատական գործի մասին է, որը մակընթացության ժամանակ իր 1,5 տարեկան դստերը թողել է ծովափին, ինչի արդյունքում փոքրիկը մահացել է:
Վոլպիի գավաթը լավագույն դերասանուհու ու դերասանի կոչման համար ստացել են Քեյթ Բլանշետը եւ Քոլին Ֆարելը: Բլանշետը «Թար» (Tոr) ֆիլմում մարմնավորել է առաջին կնոջը՝ Լիդիա Թարին, որը գլխավորել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆարելն էլ տիտղոսին արժանացել է «Ինիշերինի բանշիները» (The Banshees of Inisherin) ֆիլմում դերի համար, որը պատմում է Իռլանդիայի հեռավոր կղզիներից մեկում գժտված 2 ընկերների մասին: Ֆիլմի ռեժիսոր Մարտին Մաքդոնահը ստացել է նաեւ լավագույն սցենարի մրցանակը:
Ժյուրիի հատուկ մրցանակն իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահի «Առանց արջերի» (No Bears) ֆիլմինն է, որի գլխավոր հերոսը բանտարկված է «հակակառավարական քարոզչության» համար:
Մրցանակներից բացի, փառատոնն աչքի է ընկել մի շարք ֆիլմերի պրեմիերաներով ու բազմաթիվ գեղեցիկ հագուստներով, որոնցից առանձնացրել ենք ամենայուրահատուկները:
ԲԱՑ ԿԹՈՂՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Իտալիայի չեմպիոն, «Միլանի» նորեկ 27-ամյա բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին բաց կթողնի առաջիկա հանդիպումները մկանային վնասվածքի պատճառով։
Դիվոկ Օրիգին բաց էր թողել նաեւ նախորդ հանդիպումը «Սամպդորիայի» հետ Իտալիայի առաջնության 6-րդ տուրում։ «Միլանը» հաղթել էր 2:1 հաշվով։
Դիվոկ Օրիգին կմեկնի Բելգիա եւ բուժզննում կանցնի նաեւ ազգային հավաքականում։ Նա չի օգնի «Միլանին» Զագրեբի «Դինամոյի» եւ «Նապոլիի» հետ առաջիկա խաղերում։
Դիվոկ Օրիգին ամռանը Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակում էր հեռացել եւ 4 տարվա պայմանագիր կնքել «Միլանի» հետ։
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» համաձայնության է հասել թիմի կիսապաշտպան Գավիի հետ՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ 18-ամյա իսպանացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2026թ. հունիս։
Գավիի հրաժարագինը կսահմանվի 1 միլիարդ եվրո։ Նրա աշխատավարձը զգալիորեն կբարձրանա։ Ընթացիկ մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման։
ԺԱՆ-ԼՅՈՒԿ ԳՈԴԱՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի հարազատները պատմել են, որ նա մահացել է էվթանազիայի միջոցով։
«Նա առողջական խնդիրներ չուներ, պարզապես հոգնած էր, ուստի որոշեց վերջ տալ հոգնածությանը: Դա իր որոշումն էր, եւ իր համար կարեւոր էր այդ մասին իմանալ»,- պատմել է Գոդարի ծանոթներից մեկը:
Հարազատները պնդում են, որ Գոդարը հաճախ է մտածել ինքնասպանության մասին։ Երիտասարդ տարիներին ռեժիսորը նույնիսկ ինքնասպանության փորձ է արել, իսկ ավելի ուշ ասել է, որ ուզում է նման քայլի գնալ՝ ուշադրության արժանանալու համար։
Բացի այդ, այս թեման արտացոլվել է նրա ստեղծագործություններում։ 2004 թվականին նկարահանված «Մեր երաժշտությունը» ֆիլմում Ալբեր Քամյուի «Սիզիփոսի առասպել»-ից կա հետեւյալ արտահայտությունը՝ «Կա միայն մեկ իսկապես լուրջ փիլիսոփայական խնդիր՝ ինքնասպանությունը»:
91-ամյա Գոդարի մահվան մասին հայտնի է դարձել այսօր ավելի վաղ։ Նրա աշխատանքները կազմում են 130 ֆիլմ, այդ թվում՝ «Արհամարհանք» (1963), «Օտարների բանդա» (1964), «Խելագար Պիերոտ» (1965) եւ բազմաթիվ այլ ժապավեններ։