Այս տարի Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» փոխարեն սեպտեմբերի 16-18-ը Շամոնիում (Ֆրանսիա) անցկացվել է «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds), որին մասնակցել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել գագաթնաժողովի երկու՝ «Աշխարհաքաղաքականություն» և «Ռուսաստանի ապագան» խորագրերով նիստերին:
«ՀՀ 4-րդ նախագահը հատուկ շեշտել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը և Թուրքիայի աճող բացասական դերակատարությունը:
Իր ելույթներում Արմեն Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, ինչպես նաև 44 –օրյա պատերազմի հետևանքներին, խոսել Եվրասիայում տեղի ունեցող զարգացումների ու դրանց հեռանկարների մասին:
Արմեն Սարգսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի պատմական, իրավական և աշխարհաքաղաքական հիմքերը, անդրադարձել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով առաջացած և մինչ օրս չլուծված մարդասիրական բազմաթիվ խնդիրներին, Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու մի շարք այլ հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ 4-րդ նախագահը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների քաղաքական և հասարակական գործիչների, գործարարների, լրագրողների հետ: