ՖՈՏՈ. Ո՞վ ուներ Նենսի Փելոսիին հարցեր տալու իրավունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞վ ուներ Նենսի Փելոսիին հարցեր տալու իրավունք. իհարկե ու միանշանակ ես։ Ոչ թե որովհետև իմ արյունն ավելի կապույտ է, քան այսօր հարցեր հնչեցրած իմ գործընկերներինը, այլ որովհետև իմ արյունը կարող էր շատ ավելի բանի մասին խոսել, քան սոսկ հարցերն էին։ Այդ մասին քիչ անց։

Տիկին Փելոսիին հարց չտալով, անխոս, մեր լրատվամիջոցի ո՛չ վարկանիշն ընկավ, ո՛չ էլ իմ՝ դաշտում ու հասարակության մեջ ունեցած հեղինակությունը։ Երիցս սակայն ապացուցվեց, ժողովրդավարությունը բրենդավորած իշխանությունները տգեղ որոշումներ են կայացնում: Նախքան ասուլիսի մեկնարկը թե՛ ԱԺ լրատվական ծառայության պետ Լաուրա Անտոնյանին, թե՛ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին խնդրել եմ՝ հարց տալու հնարավորություն տալ։ Առաջինի կողմից մերժում չեմ ստացել (չնայած հաստատում էլ չի եղել), երկրորդը գխի խիստ տարուբերանքով մերժել է։ Ասուլիսի ավարտին երկուսին էլ խնդրել եմ պարզաբանել՝ ո՞վ ու ինչպե՞ս է որոշել, թե ո՞վ պետք է հարցեր տա, և ի պատասխան լսել եմ, թե այդպես է որոշված եղել։ Ով է որոշել. Ալեն Սիմոնյա՞նը:

Լրագրողներին հարց տալու հնարավորությունը նախապես որոշելու փոխարեն, իհարկե, լավ կլիներ՝ նախապես քննարկվեր հարցերի բովանդակությունը, որ դրանք որևէ կերպ, իմաստային որևէ թելով ինչ-որ տեղ չհատվեին իրար։ Այնպես էլ 4 հարցի հնարավորություն կար, հետևաբար պետք էր փորձել դրանց մեջ շատ ավելի ասելիք ու մտահոգություններ տեղավորել և բարձրաձայնել։ Ասուլիսի կազմակերպիչներն ու անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է հոգային, որ թարգմանության համար նախատեսված սարքերը դրված լինեին բանախոսների ամբիոնների մոտ։ Ստուգեին՝ դրանք արդյո՞ք աշխատում են, թե՞ ոչ։ Այդպես գոնե աշխարհով մեկ խայտառակ չէին լինի ու ստիպված չէին լինի ամբողջ մեղքը թարգմանչի վրա բարդել (Այս թեմային դեռ առանձին կանդրադառնանք)։ Եվ չնայած որ, մինչև մամուլի ասուլիսի մեկնարկն ԱԺ նախագահի ամբողջ աշխատակազմն այսուայնկողմ էր գնում, դրոշ էր դնում, ձայն էր ստուգում, տեսախցիկ էր տեղադրում և այլն, բայց այդ ամենի անդուլ ու տխրահռչակ արդյունքը, ցավոք, աշխարհը տեսավ։ Կարճ ասած՝ կազմակերպչական առումով՝ սա չտեսնված, չլսված ասուլիս էր՝ միանշանակ վատագույն առումով։

Իսկ հիմա այն մասին, թե ինչու հենց ես՝ 44-օրյա պատերազմի մասնակից, բեկորային վիրավորում ստացած Սևակ Վարդումյանս, պետք է հարց հնչեցնեի։ Գործընկերներիս գրեթե բոլորի հարցերն այս կամ այն կերպ կապված էին 2020-ից վեր Ադրբեջանի կողմից իրականցվող հարձակումների, սադրանքների ու լայնածավալ պատերազմի հետ, ու շատ ավելի ազդու կլիներ, երբ միջազգային պատվիրակության ներկայացուցիչներին կոնկրետ ու այդ պահի համար դիպուկ օրինակով ներկայացվեր Ադրբեջանի կողմից անգամ լրագրողներին թիրախավորելու դեպքերի մասին։ Պատերազմից հետո մտածում էի, թե տարատեսակ պատվիրակությունների՝ Հայաստան այցերի ժամանակ (իշխանությունների նախաձեռնությամբ) հարց տվողներից մեկը պարտադիր ես՝ պատերազմի պատճառով տուժած լրագրողս, պետք է լինեմ՝ որպես նախաբան ներկայացնելով, թե ինչպես են ադրբեջանցիները թիրախավորել ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ու դրա պատճառով Հայաստանից միայն ես, իսկ արտերկրից ևս մի քանի լրագրող բեկորային վիրավորում ենք ստացել։

Համաձայնեք՝ մասնագիտական պարտականությունների ժամանակ հակառակորդի կողմից լրագրողների թիրախավորումն իսկապես ազդու փաստարկ է՝ ժողովրդավարական արժեքներ դավանող ու դրա մասին բարձրաձայնող պաշտոնյաների ականջների համար։ Ու նման փաստը, հանգամանքը ճիշտ պահին չօգտգագործելը, կրկին համաձայնեք, քթածակ չունենալու մասին է վկայում։ Անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է պնդեր, որ որպես հակառակորդի հրթիռակոծությունից ու պատերազմից տուժած՝ հենց ես պետք է հարց տամ, անգամ պնդեր ու հորդորեր՝ հրետակոծության ու իմ վիրավորում ստանալու պահի լուսանկարներով գալ ու հարց տալ։ Հետևաբար՝ իմ՝ պատերազմ տեսած արյունը շատ ավելիի մասին կարող էր խոսել, քան սոսկ հարցերն էին։

44-օրյա պատերազմի ժամանակ մասնագիտական պարտականությունները, անխոս, միայն ես չէ, որ կատարել եմ․ այսօր հարց տված կամ ասուլիսին ներկա լրագրողների մի մասը պատերազմի օրերին եղել է Արցախում՝ ինձ հետ ու իմ կողքին։ Բայց պայթյունի ալիքից ես եմ մի քանի մետր այն կողմ շպրտվել, «կանտուզիա» կոչվածը ես եմ տարել, էլ չասած, որ «Գրադի» բեկորներն իմ մարմնի մեջ են մխրճվել ու տգեղ նկարչություն արել թիկունքիս։ Բայց ում եմ ինչ բացատրում…

Սևակ Վարդումյան




Լրահոս