ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նենսի Փելոսիի ջերմ խոսքերն ուղղված Հայաստանին և կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետ Փաշինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է.

«Տիկին խոսնակ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ջերմորեն ողջունել ձեզ մեր երկրում, մեր կառավարությունում։ Սա իսկապես աննախադեպ այց է ԱՄՆ-ից Հայաստան, և մենք գնահատում ենք դա: Կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել անձնապես Ձեզ, տիկին խոսնակ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Ձեր անձնական ջանքերի և ներդրման համար, ինչպես նաև Ձեր պատվիրակության ջանքերի համար։

Դա իսկապես բարձր է գնահատվում, և նույնիսկ միայն այդ փաստը հաշվի առնելով, բոլոր հայերը Ձեզ համարում են Հայաստանի վստահելի ընկեր: Բայց ես ցանկանում եմ շարունակել երախտագիտության խոսքերը, որովհետև ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել հայկական ժողովրդավարությանն ուղղված ԱՄՆ-ի աջակցության համար, քանի որ դա նույնպես շատ կարևոր է մեզ համար։

Մենք տեսնում ենք ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու մեր երկրում ժողովրդավարական օրակարգին։ Ցանկանում եմ հայտնել մեր նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, չնայած այն հանգամանքին, որ, ինչպես տեսնում եք, դա այնքան էլ հեշտ ճանապարհ չէ։

Եվս մեկ փաստ, որ կցանկանայի նշել. մենք գնահատում ենք ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հետ։ Իհարկե, ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձևակերպումները գնահատելի են, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար։

Տեղյակ եք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ներկա իրավիճակը, և մենք հույս ունենք, ու դա մեր դիրքորոշումն է, որ այս իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում և այս առումով, իհարկե, մենք ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը։

Տիկին խոսնակ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը։ Վստահ եմ, որ այսօր կկարողանանք արդյունավետ բանակցություններ վարել։

Շատ ուրախ եմ այս հնարավորության համար»։

Իր հերթին Նենսի Փելոսին նշել է. «Շատ շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ողջույնի ջերմ խոսքերի և այս պատվիրակության անդամ իմ գործընկերների կողմից կատարված հսկայական աշխատանքի գնահատման համար: Աջակցությունը ժողովրդավարությանը Հայաստանում, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հակազդեցությունը Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում, և բոլոր մնացած առումներով մենք Հայաստանի ընկերն ենք։ Մենք այստեղ ենք՝ հարգելով Ձեր կառավարությունը։

Անցած տարի տեղի ունեցան ընտրություններ, որոնք գնահատվեցին ազատ և արդար, և Ձեր հրաշալի հաղթանակը պատերազմի և այլ հանգամանքների պայմաններում։ Եվ բանը նրանում է, որ երբ մենք սովորաբար այցելում ենք որևէ երկիր, դա հարգանք դրսևորելու, լսելու և սովորելու նպատակ է ունենում, բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ ԱՄՆ-ից Հայաստան եկած այս պատվիրակությունն իր հետ բերել է Ամերիկայի ժողովրդի սերը, հարգանք՝ Ձեր կառավարության և սեր՝ Հայաստանի ժողովրդի հանդեպ։

Շնորհակալություն հյուրընկալության համար»:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը, տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը ժողովրդավարության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը՝ ՀՀ կառավարության բարեփոխումների հարուստ օրակարգի առաջմղման գործում:

Նիկոլ Փաշինյանը և Նենսի Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է ակտիվորեն նպաստել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերին:




Լրահոս