Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացավ հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը: Սակայն համաժողովի ընթացքն ամբողջությամբ փակ էր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Սակայն նկատենք՝ դեռ սեպտեմբերի 15-ին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը լրատվամիջոցներին համաժողովը լուսաբանելու հրավեր էր ուղարկել՝ ներկայացնելով հավատարմագրման կարգը: Սակայն դրանից երկու օր անց՝ սեպտեմբերի 17-ին, լրատվամիջոցներին այս անգամ իրազեկում են, թե որոշում է կայացվել համաժողովն ամբողջությամբ փակ անցկացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Ամեն դեպքում ArmLur.am-ի թղթակիցը որոշեց գնալ համաժողովի վայր եւ փորձել զրուցել ռուսական կողմի ներկայացուցիչների հետ: Ընդգծենք՝ սովորաբար նման համաժողովները միշտ էլ փակ ֆորմատով են անցկացվել եւ լրագրողները հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվել եւ հետեւել հենց դահլիճում, սակայն նախորդ դեպքերում օրինակ, օպերատորներն են կարողացել ներսում կադրեր անել կամ էլ տարբեր ճեպազրույցներ են կազմակերպված եղել: Այս անգամ երկու հնարավորությունն էլ բացակայում էր եւ մեր թղթակցին ի սկզբանե զգուշացվեց՝ համաժողովի սրահ այցելել չի կարելի:
Այս անգամ համաժողովի մասնակիցները, այդ թվում՝ մեր լրատվամիջոցի ներկայացուցիչները համալիր մուտք գործեցին այլ մուտքից, որտեղից հնարավորություն չունեցան հանդիպել ռուսական պատվիրակության առանցքային ներկայացուցիչներից որեւէ մեկին. նրանք այլ մուտքով էին մտել եւ դուրս եկել, ինչպես օրինակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւս: Այնինչ այս իրավիճակում, երբ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են, կարևոր կլիներ լսել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի տեսակետը, որը նաեւ հայ-ռուսական-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի անդամ է, սակայն նրան եւս առհասարակ տեսնել չհաջողվեց:
Ն.Հ.