ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի ասուլիսը շարունակում է քննադատությունների եւ քննարկումների առիթ հանդիսանալ: Ինչ էլ որ ասելու լինենք, այս հարցում թերակատարումն ակնհայտորեն ԱԺ արարողակարգի վարչությանն է: Այդ վարչությունը պետք է կազմակերպի ով որտեղ կանգնի, երբ խոսի, ինչից հետո ինչն է սկսվելու եւ այլն:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ ունեցած բարձրաստիճան ճեպազրույցի ընթացքում թարգմանության հետ կապված խնդիր առաջացավ։ Նախ կեսից սկսեց չաշխատել հենց Նենսի Փելոսիին տրամադրված թարգմանության սարքը, այն փոխելուց հետո դարձյալ խնդիրը չլուծվեց՝ թարգմանությունը ինչ որ մի պահից սկսած այլևս չէր լսվում նաեւ լրագրողների համար։
Իսկ ինչից սկսվեց այս ամենը. նախ ֆիքսենք. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ սկսեց իր բացման խոսքը, ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչները դեռ շարունակում էին աստիճանների վրա քայլել, տեղավորվել: Արարողակարգը չէր կազմակերպվել, թե ով որտեղ պետք է կանգնի, ով ում կողքին կամ թիկունքին: Հետեւաբար նաեւ տեխնիկապես հնարավոր չեղավ նախապես ստուգել սարքերը. Աշխատո՞ւմ են թարգմանչական ականջակալներ, թե ոչ: Սակայն ֆիքսենք՝ ասուլիսից ժամեր առաջ ԱԺ նախագահի աշխատակազմի եւ հենց խորհրդարանի աշխատակազմի ներկայցուցիչներն այս ու այն կողմ էին վազում, անընդհատ ստուգումներ իրականացնում. մեկ-մեկ, երկու-երկու:
Այսպիսով, վայրկյաններ անց, երբ պարզվեց, որ թարգմանությունը չի լսվում, ԱՄՆ դեսպանության աշխատակիցները դուրս բերեցին թարգմանչուհուն եւ կանգնեցրեցին Փելոսիի կողքին, որպեսզի տեղում թարգմանություն իրականացնի: Սակայն նկատենք, որ Տիգրանուհուն ոչ ոք այդ պահին անգամ թուղթ ու գրիչ չտվեց, որպեսզի կարողանար աշխատել: Հետեւաբար սպասելի էր, որ անգամ ԱՄՆ դեսպանատան երկարամյա թարգմանիչը, որը հենց ԱՄՆ դեսպանի անձնական թարգմանիչն է, կարող էր սխալվել եւ չմտապահել երկար նախադասությունները:
Այսպիսով, ստացվում է՝ սխալը սկսվեց առաջին հերթին ԱԺ արարողակարգի խախտումներով, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առանց սպասելու, սկսեց իր խոսքը, ինչից հետո էլ սկսվեցին տեխնիկական խնդիրները: