ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի մոտ հրատապ կերպով բարձրացրել եմ նաև մեր հին ու նոր գերիների հարցը. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ իմ և գործընկերներիս հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Բնականաբար, ես առիթը չէի կարող բաց թողնել՝ հանդիպելու և ԱՄՆ ազդեցիկ պաշտոնյայի մոտ բարձրաձայնելու Ադրբեջանի հանցանքների մասին՝ սկսած պատերազմական հանցանքներից /զորամաս է թիրախավորել, խաղաղ բնակավայրերի է հարվածել, թիրախավորել է տասնյակ բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները/, վերջացրած մեր զինծառայողների, կանանց խոշտանգումներով, դիակների մերկացումներով, դիակապտության այլ դեպքերով… պատերա՞զմ է սա, թե՞ բարբարոսություն։ Աշխարհի լռությունը, երկակի չափանիշների կիրառումը մարդու իրավունքների ոլորտում անթույլատրելի է:

Պատվիրակության նախագահին ներկայացնելով կոնկրետ տեղեկություններ՝ հատուկ խնդրեցի, որ օգնի մեր այդ դիրքերում մնացած զինծառայողներին կամ նրանց դիերը վերադարձնելու հարցում, իր ազդեցությամբ ճնշի Ադրբեջանին՝ կատարելու միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները և վերադարձնի մեր բոլոր գերիներին:

Տիկին Փելոսիին միաժամանակ հայտնեցի, որ Ադրբեջանի հանցավոր վարչակազմը 2022թ․ հունվարից արգելել է Արցախի շրջաններում անհայտ կորած հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների որոնողական աշխատանքները, որոնք արդյունքում դադարեցվել են։ Ահազանգեցի, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով խախտվել է հայերի կյանքի, խաղաղ և երջանիկ կյանք վարելու, կրթության և մյուս իրավունքները, ունենք զոհեր և վիրավորներ ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում։

Ասացի, որ իր հանցավոր գործողություններով Ադրբեջանը զավթել է մեր ջրի ակունքները, պղծում է մեր պատմամշակութային հուշարձանները, քանդում՝ գերեզմանները և գործարան կառուցում… շատ այլ թեմաներ, որոնց կանդրադառնամ ըստ անհրաժեշտության:

Հիմա մեր խնդիրը մինչ այս վերջին պատերազմը գերեվարված և նոր գերիներն են, անհայտ կորածները, դիերը (իհարկե Կարմիր խաչի հետ մշտական կապի մեջ եմ) և Հայաստանի դեօկուպացիան քաղաքական կամ այլ ճնշումների գնով: Մնացածը՝ առաջիկայում»։




Լրահոս