Ինչպես են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները մեկնաբանում Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում այսօր տեղի է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Պետքարտուղարը լրագրողների համար ասված իր խոսքում  գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ և ասել է, թե և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հետ հեռախոսազրույցներում փոխանցել են, որ պատրաստ են խաղաղության:

Նշենք, որ սա Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական կողմի սանձազերծած գործողություններից հետո: Այսպիսով, ներկայացնում ենք, թե այս հանդիպումների մասին ինչպես են արձագանքել հայկական եւ ադրբեջանական կողմերը:

Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից: Նա հայտարարել է, որ ուժի կիրառումը, ինչպես նաև դրա սպառնալիքն անընդունելի են:Միրզոյանի խոսքով՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար անհրաժեշտ է գործադրել միջազգային մեխանիզմներ։

Իսկ ահա ըստ «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության, Ջեյհուն Բայրամովը վերջին բախումների համար մեղադրել է հայերին, ասելով, թե հայկական կողմը դիմել է սադրանքների, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է անցկացրել: Բայրամովը նաեւ նշել է, որ տարածաշրջանում վերականգնողական լայնածավալ ծրագրեր իրականացնող և նախկին փախստականներին վերաբնակեցնող Ադրբեջանին իրավիճակի սրումը ձեռնտու չէ:

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է լուծել հումանիտար հարցերը, սահմանազատման ու սահմանագծման աշխատանք իրագործել, սակայն Հայաստանն, իբր, խոչընդոտում է այդ գործընթացները և կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները:

Ադրբեջանի ԱԳ նախարարը Նյու Յորքում ընդգծել է եռակողմ հայտարարություններին և բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքներին համապատասխան կայուն խաղաղություն ապահովելու նպատակով երկու երկրների ղեկավարների միջև հրատապ բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը:

Իսկ ահա ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները «քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղար Բլինքենը կողմերին խրախուսել է՝ կրկին հանդիպելու մինչև ամսվա վերջ»: Այլ մանրամասներ չի հաղորդվում՝ նշելով միայն, որ սրանք կողմերի միջև առաջին ուղղակի բանակցություններն էին վերջին մարտերից հետո:

Ն. Հ.




Լրահոս