«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ տարբեր աղմկահարույց քրեական գործերով՝ փաստաբանները կապ են հաստատում նախաքննական մարմինների հետ եւ հետաքրքրվում են, թե, օրինակ, իրենց պաշտպանյալի գործով երբ են պատրաստվում նախաքննության ավարտ տալ կամ գործը կարճել, եւ նմանօրինակ այլ հարցեր:
Ի պատասխան նրանց, նախաքննական մարմինների քննիչները հայտնում են, որ այս պահի դրությամբ որեւէ բան չեն կարող ասել, քանի որ Գլխավոր դատախազ է փոխվել, եւ տարբեր քրեական գործերով կարող են նոր փոփոխություններ լինել, ուստի այս պահին քրեական գործերով որեւէ հստակություն կամ որոշում չեն կարող կայացնել: Ասել է թե՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն նաեւ ազդելու է աղմկահարույց քրեական գործերի ընթացքի վրա, իսկ թե ինչ փոփոխություններ են սպասվում, կհետեւենք զարգացումներին:
Նշենք, որ անգամ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունն էր պաշտոնական հաղորդագրություն տարածել, նշելով՝ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել եւ ընդգծել է, որ կարեւորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը։ «Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում աշխատանքի կազմակերպվածության ձեւը, ժամանակի կառավարումը, վարույթների քանակը, դրանց կառավարումը: Կարեւոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաեւ դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում