Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով:

***

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Ինքնիշխան զարգացման տարիների ընթացքում Ձեր երկիրը զգալի հաջողությունների է հասել պետականության ամրապնդման, քաղաքական և սոցիալ-տնտեսական արդիականացման, ինչպես նաև քաղաքացիների բարեկեցության ապահովման գործում:

Ղազախստանում անկեղծորեն ուրախ են եղբայրական Հայաստանի ձեռքբերումների առթիվ և մեծ նշանակություն են տալիս բարեկամական ամուր կապերի, փոխվստահության և աջակցության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք որակական խթան հաղորդել մեր բազմաբնույթ համագործակցության դինամիկ զարգացմանը՝ նոր հորիզոններ բացելով ղազախ-հայկական փոխշահավետ համագործակցության համար։

Այս հանդիսավոր օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովուրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

***

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Մեր երկրներն ունեն բարեկամական հարաբերություններ, և ես հավատացած եմ, որ մեր համատեղ ջանքերով մենք կկարողանանք լավագույնս զարգացնել դրանք։

Ես բարձր եմ գնահատում Հայաստանի կառավարության կողմից բարեփոխումների և վերափոխումների հավակնոտ ծրագրի իրականացումը և ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ Չեխիան կշարունակի մնալ Հայաստանի հավատարիմ գործընկերը՝ դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհին և աջակցող գործընկերը՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում։

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը և Ձեր պահանջկոտ աշխատանքում հաջողության լավագույն մաղթանքներս»:

***

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հիմնված են հավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։

Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում հաստատված երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի ողջ ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն»։

***

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն։

Օգտվելով առիթից՝ վստահություն եմ հայտնում, որ հայ-տաջիկական բարեկամության և կառուցողական համագործակցության հարաբերությունները կշարունակեն շարունակաբար զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների, ինչպես նաև երկու պետությունների հիմնարար շահերին համապատասխան։ Ակնկալում եմ այս ուղղությամբ Ձեզ հետ հետագա սերտ համագործակցություն», – նշված է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում:




Լրահոս