ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 93

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ, եւ նաեւ այս համատեքսում, իհարկե ոչ անմիջականորեն, բայց շատ կարեւոր եմ համարում մի քանի օր առաջ հրապարակված՝ տնտեսության ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան»:

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-ին խորհրդարանում ունեցած ելույթից հատված է: Մեր երկրի առաջնորդը, չգիտես ինչ տվյալների վրա հիմնվելով, համոզված է, որ ՀՀ-ն միջազգային տնտեսական վարկանշային աղյուսակում թռիչքաձեւ աճ է ունեցել: Բայց ինչ է իրականում պարզվում. Փաշինյանի կողմից նշված՝ «տնտեսության ազատության ինդեքսի» տվյալների համաձայն՝ 11-րդ տեղում ոչ թե Հայաստանը, այլ Շվեդիան է: Վերոնշյալ ցուցակում Հայաստանը 58-րդ տեղում է: Փաստորեն, հերթական մանիպուլացնող հայտարարությամբ ու փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ՝ Փաշինյանը խաբել է:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ իրավապահ համակարգը կանգնեցրել է քրեական վարույթներով սպասվող որոշակի գործողություններ: Օրինակ, օրերս տեղի ունեցած աղմկահարույց քրեական վարույթներից մեկով նախաքննական մարմիններից մեկը պետք է գործողություն իրականացներ, սակայն, պատերազմով պայմամանավորված, գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ թե կոնկրետ ո՞ր աղմկահարույց գործով, նախաքննությանը չվնասելու համար այս պահին քրեական վարույթը չենք նշում: Այսինքն, ստացվում է՝ վերջին օրերին իրավապահ համակարգը չի զբաղվում ներկայումս առկա քրեական գործերով, եւ սա այն դեպքում, երբ հենց երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պետության բնականոն գործունեության կարեւորության մասին: «Մենք որեւէ պարագայում չպետք է մոռանանք պետության բնականոն գործունեության եւ գործառույթային դեր կատարելու անհրաժեշտությունը: Խոսքը վերաբերում է նաեւ տնտեսությանը, եւ սա չափազանց կարեւոր է: Իհարկե, մենք պետք է ամեն ինչով աջակցենք Զինված ուժերին»,- նշել էր նա: Ստացվում է՝ Փաշինյանը մի կողմից խոսում է պետության բնականոն գործունեությունն ապահովելու մասին, բայց մյուս կողմից իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել:

 

 

 

Մինչ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, ՀՀ Ազգային ժողովում որոշել են շարունակել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է հանդես եկել համապատասխան նախաձեռնությանբ եւ առաջարկում է Ազգային ժողովի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել: Նկատենք՝ ստեղծման օրվանից մինչեւ այժմ այս հանձնաժողովն արժեքավոր որեւէ աշխատանք չի կատարել եւ միայն ձեւականորեն նախկին 1-2 պաշտոնյայի է հրավիրվել խորհրդարան: Ընդգծենք, որ անգամ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը որեւէ բացահայտմամբ աչքի չէր ընկել, այնինչ՝ նույն Անդրանիկ Քոչարյանն աղաղակում էր, թե բազմաթիվ փաստեր կան՝ նախկին իշխանությունների դեմ: Հիմա էլ, չկարողանալով սեփական իշխանությունների սխալները քողարկել, Քոչարյանն անընդհատ երկարաձգում է հանձնաժողովի աշխատանքները. մինչդեռ Հայաստանը կրկին պատերազմի մեջ է:

 

 

 

 

Սեպտեբերի 13-ին հակառակորդի կողմից սկսված լայնածավալ պատերազմական գործողություններից հետո Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ էին եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել էին՝  իրավիճակով պայմանավորված: Տարհանումից հետո նրանց բնակարանների մոտ վերահսկողություն էր իրականացնում ոստիկանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ սակայն, որ որոշ բնակիչների բնակարաններում գողություն է կատարվել: Խոսքը հատկապես վերաբերում է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչների բնակարաններին: Ստացվում է՝ ոստիկանության վերահսկողությունը արդյունք չի տվել, կամ էլ, առհասարակ վերահսկողություն չի եղել: Իսկ թե ով կամ ովքեր են բնակարաններում գողություններ կատարողները, հուսանք՝ գոնե կկարողանան պարզել իրավապահները, եւ նրանց պատիժը չի ուշանա: Անգամ այս դժվարին իրավիճակներում անտուն մնացած քաղաքացիների բնակարանները թալանում են, եւ պատկան մարմինները ոչինչ չեն կարողանում անել:

 

 




Լրահոս