Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանն ասում է, որ օրեր շարունակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած հանրահավաքը ինքնաբուխ է, դրա հետևում քաղաքական որևէ ուժ կանգնած չէ: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ արցախցիներին մտահոգել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Ազգային ժողովում արած այն հայտարարությունը, թե պատրաստվում է ցավոտ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել:
-Մի քանի օր է ինչ հանրահավաքներ են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Հավաքվածների հիմնական պահանջը ո՞րն է:
-Այո, հանրահավաքները շարունակվում են, եւ հիմնական պահանջը, ինչպես կար, մնում է եւ մնալու է այն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս ամենը լոկ խոսքեր չեն, եւ Արցախի քաղաքացին դուրս է եկել փողոց, որպեսզի պաշտպանի իր իրավունքները: Քաղաքացիները ոչ թե ներքին ինչ որ խնդիրներ լուծելու, այլ ամբողջ աշխարհին ցույց տալու համար են փողոց դուրս եկել. այստեղ ապրում են մարդիկ, ու որեւէ մեկն իրավունք չունի ու չպետք է ոտնահարի նրանց իրավունքները:
-Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությու՞նն է անհանգստացրել արցախցիներին, երբ ասում էր, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրել, ինչն էլ իր հերթին կարող է ենթադրել Ադրբեջանի կողմից առաջ քաշված հինգ կետերի իրագործում, այդ թվում նաեւ` Արցախի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս դիտարկելը կամ ճանաչելը։
-Այո, դա նույնպես պատճառներից է, սակայն մինչեւ այդ էլ տարբեր խոսակցություններ կային՝ ներքաղաքականից մինչեւ միջազգային հարթակներում հնչող։ Էլ չասած, որ ադրբեջանցիներն էլ մյուս կողմից են անդադար խոսում այդ մասին։ Այդ ամենը հասնում էր Արցախ ու արցախցիներին, իսկ վերջիններս, առաջին հերթին՝ մեզանից էին պահանջում ասել, թե ինչ է կատարվում, ինչպիսի գործընթացներ են ընթանում: Մենք` որպես ժողովորդի կողմից ընտրված անձինք, եկել ենք Հայաստան ու երկու օր է փորձում ենք հանդիպումներ կազմակերպել տարբեր քաղաքական գործիչների հետ` փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ավելի կոնկրետ ասած` մեզ հուզող հարցերի պատասխաններն ենք ուզում ստանալ։
-Արդյոք փարատվեցի՞ն ձեր ու նաեւ արցախցու մտահոգությունները երկօրյա հանդիպումներից հետո, քանի որ խաղաղության պայմանագիրն ըստ Ադրբեջանի դրույթների` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է:
-Մտահոգությունները կփարատվեն այն ժամանակ, երբ կտեսնենք փաստաթուղթ՝ հօգուտ Արցախի, իսկ նման փաստաթուղթ այսօր չկա: Ինչ էլ կա, լոկ հայտարարությունների մակարդակում է, ու, ցավոք սրտի, քաղաքական որեւիցե գործընթաց չի սկսվել Արցախի կարգավիճակի եւ ճակատագրի վերաբերյալ: Կրկնում եմ ` բոլորիս մտահոգությունները կփարատվեն այն ժամանակ, երբ հստակ փաստաթուղթ կլինի՝ հօգուտ Արցախի:
-Այսինքն, Ստեփանակերտում շարունակվելու են հանրահավաքները:
-Անկեղծ ասած, այդ ամենը մենք չենք վերահսկում, դա ժողովրդի կամքն է. ինքնաբուխ հավաքներ են, որոնց մենք, միանշանակ, ողջունում ենք։ Իմ կարծիքով դա կշարունակվի այնքան շամանակ, քանի դեռ արցախցին կզգա` կա դրա կարիքը։
-Իսկ ի՞նչ կասեք արցախա-ադրբեջանական սահմանների մասին։ Ի՞նչ իրավիճակ է այս պահին։
-Բնականաբար լարվածությունը նկատվում է նաեւ Արցախում, բայց համեմատելով, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ սահամաններին, ապա համեմատության մեջ դիտարկելով կարող եմ ասել` ավելի հանգիստ է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀԵՐԹԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Միջազգային հանրության կողմից իրավաքաղաքական մեխանիզմների գործարկումը դարձել է կենսական անհրաժեշտություն՝ կանխելու հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի եւս մեկ ցեղասպանություն։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իմ միջազգային բոլոր գործընկերներին հերթական նամակներով ահազանգել եմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ՀՀ քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների, խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Սեպտեմբերի 13-ից սկսած` բազմաթիվ գրություններ եմ հասցեագրել աշխարհի տարբեր կառույցների եւ գործիչների՝ ահազանգելով, թե ինչպես են 21-րդ դարում հայերը միայն հայ լինելու համար խոշտանգվում միջազգային հանրության աչքի առաջ, ինչպես են թիրախավորվում կանայք, երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես է հայ խաղաղ բնակչությունը ստիպված լինում լքել իրենց տները, որպեսզի փրկեն իրենց կյանքը Ադրբեջանի հրետակոծությունների պայմաններում։ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի, այդ թվում նաեւ՝ միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումներն այնքան ակնհայտ եւ փաստարկված են, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանցագործությունների ուղղությամբ իրավաքաղաքական մեխանիզմների գործարկումը դարձել է կենսական անհրաժեշտություն։
Հարգելի՛ միջազգային գործընկերներ,
Ձեր հրատապ եւ գործնական քայլերը կարող են փրկել Ադրբեջանի հերթական ցեղասպանությունը հայերի նկատմամբ։
Վիճակն օրհասական է, գործե՛ք»։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆՈՐՄ
«Զինվորական ծառայության մասին սահմանադրական նորմը հանել են վաճառքի 24 մլն դրամով: Երկու տարվա մեջ սա՛ է փոխվել բանակում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ մեկնաբանել 24 մլն-ի նախագիծը, որ ենթադրում է մոտ 60 հազար դոլար վճարել ու ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, կնշանակի բանակը քանդելու հերթական մեխանիզմը մշակել:
ArmLur.am-ի դիտարկմանը, թե օրվա իշխանությունը նախկիններից եկած կաշառքով ազատվելու պրակտիկան է ցանկանում կնիքով ամրագրել, արձագանքում է, որ կաշառքով ազատվելու պրակտիկան օրինականացնելը ֆարս է: «Կաշառքի դեմ պետք է պայքարել, դատել, ոչ թե դա օրինականցնել: Չեն կարողանո՞ւմ դատել, այսինքն՝ ընդունում են, որ այսօր էլ կա այդ երեւույթը: Կաշառակերներին 4.5 տարի չեն կարողանում զսպել, հիմա, փաստորեն, ստիպված օրինականացնում են այդ երեւույթը: Եթե Իսրայելի Քնեսեթում (այդ երկրի խորհրդարանն է- հեղ.) որեւէ պատգամավոր նման նախագծով հանդես գար, ապա բառիս բուն իմաստով կդատափետվեր այն»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գումար կստանա՝ կուսակցություններին աուդիտի ենթարկելու համար: Նշենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահված կուսակցությունների՝ ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների աուդիտորական ծառայությունների ձեռքբերման գումարը կազմում է 10 մլն 84 հազար դրամ:
Իսկ պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետեւյալ կերպ. «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցություն՝ 4 մլն 800 հազար դրամ, «Հանրապետություն» կուսակցություն՝ 810 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 960 հազար դրամ, «Հայաստան դաշինք»՝ 3 մլն 514 հազար դրամ (որում ներառված են՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 2 մլն 320 հազար դրամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ 1 մլն 194 հազար դրամ), իսկ մյուս կուսակցություններինը՝ 9 մլն 300 հազար դրամ, որից «Հայաստանի դեմոկրատական»՝ 1 մլն 170 հազար դրամ, «Մեր տունը Հայաստանն է»՝ 1 մլն 230 հազար դրամ, «Հայրենիք»՝ 1 մլն 455 հազար դրամ, «Ապրելու երկիր»՝ 1 մլն 485 հազար դրամ, «Հայաստանի Հանրապետական»՝ 3 մլն 120 հազար դրամ եւ «Լուսավոր Հայաստան»՝ 840 հազար դրամ: