ԿՏՐԵԼ ԵՆ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՈՏՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին:

 

Ճեպազրույցում ԳՇ պետը նրանց ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա: «Վայրագություններ են իրագործել մեր մարտական դիրքերում՝ մեր զինծառայողների, այդ թվում՝ նույնիսկ կին զինծառայողների նկատմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ նկարները, տեսանյութը բջջային հեռախոսում ունի, ըստ ցանկության կարող է ցուցադրել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին:

ԳՇ պետը զգուշացրեց սակայն, որ այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ նույնիսկ  կարող է չկարողանան դիտել:

Դիվանագիտական ներկայացուցիչները խնդրեցին ներկայացնել, թե կոնկրետ ի՞նչ դաժանությունների են դիմել ադրբեջանական ուժերը:  ԳՇ պետը խոստացավ ճեպազրույցի ավարտից հետո ցույց տալ ապացույց հանդիսացող տեսանյութը: «Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են նրանք մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել, վայրագության վերջին աստիճանն է»,-ասաց Ասրյանը:

ԳՇ պետը շեշտեց՝ ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, ստորաբաժանում, զինծառայող իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նմանատիպ վայրագրությունների դիմել: Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:

Պատերազմական հանցագործությունները, ըստ նրա, իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով:

Անրադառնալով այս ամենին՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել կոչով, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայկական մամուլի միջոցներով եւ սոցիալական ցանցերով ակտիվ տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Այդ տեսանյութը, զինծառայողի սեռն ու էթնիկ պատկանելիությունը թիրախավորելով ու արատավորելով, ակտիվ տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի «հիացմունքն ու գովեստը»։ Ադրբեջանական մեդիա տիրույթի դեպքում սա իհարկե ունի իր ակնհայտ բացատրությունը՝ էթնիկ հայի նկատմամբ ծայրահեղ ատելությունը, որը գեներացվել ու սնուցվում է ի թիվս այլնի նման ագրեսիվ հարձակումներով ու տասնամյակների համակարգային քաղաքականությամբ։

Մյուս կողմից, ծայրահեղ մտահոգիչ եմ համարում հայկական մեդիա տիրույթում ու սոցիալական ցանցերում այդ տեսանյութի տարածումը լրագրողների ու օգտատերերի կողմից։ Կին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամներն ունեն չթիրախավորման ու անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք՝ որպես յուրաքանչյուրիս իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմք։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս արարքները փաստագրված ու վերլուծված են մեր կողմից, ներկայացվելու են միջազգային մասնագիտացված կազմակերպություններին, բացի այդ, նշված նյութերը նաեւ մեր իրավապահ մարմինների քննության առարկան են։

Կոչ եմ անում լրագրողներին, տարբեր սոցիալական ցանցերի օգտատերերին, հեռացնել իրենց հրապարակումներից, էջերից, հարթակներից համանման տեսանյութերը։ Հարգե՛ք մեր զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների արժանապատվությունը։ Մի՛ օգնեք ադրբեջանական ատելության քարոզչամեքենային։

Խոնարհում մեր տղամարդ ու կին հերոսներին»:

 

 

 

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։ Այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել.

խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է եւ տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ՝ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաեւ գերիների մասով)։ Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել այս մոտեցման փոփոխության։

Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։

«Հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակում ենք գործընկեր կառույցների հետ, որոնց արդյունքները պարբերաբար լրացնում ենք Եվրոպական դատարան ուղարկված մեր դիմումներով»,-ասված է հայտարարությունում:

 

 

 

ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ եւ մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչեւ 7,5 կմ խորությամբ։ Այս մասին հայտնել է ԶՈՒ ԳՇ պետը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, եւ դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաեւ շրջափակումների մեջ»,- նշել է նա։

Էդվարդ Ասրյանի խոսքով՝ ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։

«Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաեւ ճոպանուղուն, որը, որպես առողջարանային կենտրոն, ունենալով տարբեր պետություններից, երկրներից այստեղ հանգստացող անձնակազմ, նաեւ ճոպանուղուն հարվածի հետեւանքով՝ ներկա դրությամբ տարբեր պետություններից, երկրներից ներկայացուցիչներ չկան։

Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան, քանի որ տարհանում իրականացված չէր, ժողովուրդը, եւ տարբեր երկրներից ներկայացուցիչներ քաղաքում էին»,- նշել է նա։

 

 

 

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ

Կառավարությունն իր երեկվա նիստում որոշեց ՀՀ ԱԱԾ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երեւանի Պարոյր Սեւակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը օտարել դասական աճուրդով։

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 1 944 367 500 ՀՀ դրամ, անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 1 579 135 000 դրամ. հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 309 497 262 դրամ,

Գնորդը պարտավոր է վճարել նաեւ Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 726 860 ՀՀ դրամը։

 

 

 

ԴԻՄՈՒՄՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԻԵԴ

Հայաստանը վերջին երկու օրվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել մի քանի իրար համադրող դիմումներ` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով:

Այդ մասին կառավարության նիստում ասաց ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով` արդեն պատասխաններ ստացվել են: «Խոսքը վերաբերվում է նաեւ գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Այս պահի դրությամբ հավաքագրվում են վնասների հետ կապված ավելի լայնամասշտաբ ապացույցներ, որոնք մեր ընթացիկ տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակներում ներկայացնելու ենք»,.-ասաց նա:

Նա նշեց, որ մարդու իրավունքների խախտումների եւ պատերազմական հանցագործությունների դեպքերի, ինչպես նաեւ քաղաքացիական օբյեկտների վնասվելու ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետ կապված արդեն իսկ բոլոր պատկան, իրավասու մարմինների հետ աշխատում են:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ հավելեց, որ արդեն իսկ հարուցված են քրեական գործեր կան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ փաստեր:

«Լայնածավալ քննչական գործողություններ են այս պահին տեղի ունենում, որոնց մասին քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,-ասաց նա:

 

 

 




Լրահոս