«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանը մերն» է վանկարկող ու այդ կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ոստիկանությանն իսկապես իրենով է արել: Նախկին իշխանության գործելաոճը քննադատող Փաշինյանը, թե. «Հայաստանը ոստիկանապետության են վերածել, ու ոստիկանությունն անմիջապես երկրի առաջնորդի հրահանգներն է կատարում», այժմ ճիշտեւճիշտ նույն գործեալոճն է իրականացնում: Ապացույցը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների «փռեմ ասֆալտին, ծեփեմ ասֆալտին» իրականացրած գործողություններն են՝ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը, որ 2018-ի իշխանափոխությունից երեք ամիս անց՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու հանրահավաքին, ոստիկաններին առանձնահատուկ ուշադրության էր արժանացնում ու «ոստիկանը մերն է վանկարկում», այժմ, փաստորեն, իր անվտանգությունն ապահովելու համար պատրաստ է անցնել բոլորի վրայով՝ անկախ նրանից, թե դիմացինն ով է ու ինչ է տվել պետությանը, հայրենիքին: «Եվ, այո, ոստիկանը մերն է, որովհետեւ նա ծառայում է ՀՀ ժողովրդին ու քաղաքացուն»,- բարձրագոչում էր ՀՀ փաստացի ղեկավարը: Բայց ինչպես ինքն էր ասում՝ իրավիճակ է փոխվել, ու ոստիկանությունը նորից ծառայում է օրվա իշխանությանը: Հասարակական կարգը հսկողներն այժմ էլ Փաշինյանի անվտանգության համար են մեծաթիվ ուժեր կենտրոնացնում, հսկում նրա տեղաշարժն ու բիրտ ուժ կիրառում անգամ նրանց նկատմամբ, ովքեր հայրենիքին ամենաթանկը՝ որդուն են տվել:
Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության մասին տարաբնույթ հայտարարություններ անելով ու համոզելով, թե. «ոստիկանը քաղաքացուն է ծառայում», հերթական անգամ ստել է:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում