«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 20 հազար 963 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 15 հազար 726 դեպք: Այսինքն, հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 5237 դեպքով: Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները:
Անցած տարվա յոթ ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 8 հազար 265 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 12 հազար 519: Այս տարվա յոթ ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 136 դեպք է գրանցվել: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա յոթ ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: Անցած տարվա 3 հազար 287 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել են 5 հազար 956 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ:
Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրանցված հանցագործությունների մեծ մասը՝ 11 հազար 822 դեպք, արձանագրվել է Երեւանում, հաջորդը՝ Արարատի մարզն է: Միայն Կոտայքի մարզում հունվար-հուլիսին գրանցվել է հանցագործության 1526 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1282-ի դիմաց:
Հավելենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել այդ առնչությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. «2022թ.-ի յոթ ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների դեպքերի քանակական աճի պատկերը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես քրեական դատավարության նոր օրենսգրքի իրավակարգավորումներով:
Այդ իրավակարգավորումներով վերացել է նյութերի նախապատրաստման փուլը, և ցանկացած այնպիսի հաղորդման կապակցությամբ, որով փաստվող դեպքին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, նախաձեռնվում է քրեական վարույթ և իրականացվում նախաքննություն: Նման կարգավորումների պայմաններում բոլոր այն դեպքերով, որոնցով նախկինում նախապատրաստվել են նյութեր, այժմ նախաձեռնվում են քրեական վարույթներ և այդ դեպքերը գրանցվում են ՀՀ ոստիկանության ԻԿ (ինֆորմացիան կենտրոն) -ում՝ որպես հանցագործության դեպք:
Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առերևույթ իրական սպանության դեպքերի թիվը հակառակը՝ նվազել է 4-ով կամ 12.1 %-ով: Սպանության փորձի դեպքերի թիվը նույնպես նվազել է 5-ով կամ 17.2%-ով /29-24/, : Բացի այդ 2021 թվականի օգոստոսի 30-ից ՀՀ քրեական նախկին օրենսգրքում ավելացել էր նոր հանցատեսակ՝ նախատեսված 137.1 հոդվածով, որն էականորեն ազդել է հանցավորության վիճակն արտացոլող թվական ցուցանիշների վրա»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում