ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2021 թվականի դեկտեմբերի 05-ին կայացած Ամասիա խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները չընդունելով՝ 2022 թվականի հունվարի 4-ին Ամասիայի համայնքապետարանի կողմից ձևավորված ընդունող հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ, 2021 թվականի դեկտեմբերի 05-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների Ամասիա համայնքի ավագանու ընտրությունների արդյունքներով և համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 3 –Ա որոշմամբ համայնքի ղեկավար ընտրված, Ջեմմա Հարությունյանի հետ այցելել են Բերդաշեն բնակավայրում գործող նախկին Արփի խոշորացված համայնքի համայնքապետարան՝ հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու նպատակով, որը տեղի չի ունեցել, քանի որ նախկին Արփի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանը օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ուղղակի դիտավորությամբ հրաժարվել է կազմակերպել գործընթացը, դրա փոխարեն ինքնակամ իրականացրել է իր ենթադրյալ իրավունքները՝ խաթարելով Ամասիա խոշորացված համայնքի բնականոն գործունեությունը:
Այնուհետև, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Մերգել Ղարիբյանը 2022 թվականի փետրվարի 3-ին Ամասիա համայնքից ժամանած ընդունող հանձնաժողովի անդամների պահանջներին դեմ գնալով, գիտակցելով, որ գործում է սահմանված կարգի խախտմամբ, ինքնակամ իրականացնելով իր ենթադրյալ իրավունքները որպես նախկին Արփի խոշորացված համայնքի նախկին ղեկավար, կրկին ուղղակի դիտավորությամբ, հրաժարվել է իրականացնել հանձնման գործընթացը և հանձնել իր մոտ առկա նախկին Արփի խոշորացված համայնքին վերաբերելի փաստաթղթերն ու գույքը, խաթարելով Ամասիա խոշորացված համայնքի բնականոն գործունեությունը, այն է՝ Ամասիա խոշորացված համայնքի ներկայիս ղեկավար Ջեմմա Հարությունյանը տևական ժամանակ է, ինչ զրկված է նախկին Արփի համայնքի վերաբերյալ փաստաթղթերին տիրապետելուց, հետևաբար նաև պատշաճ ընթացակարգով նախկին Արփի համայնքի մեջ ընդգրկված վարչական բնակավայրերին վերաբերող պաշտոնեական պարտականությունները լիարժեք իրականացնելուց՝ դրանով էական վնաս պատճառելով համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի իրավունքներին և համայնքի օրինական շահերին:
Բացի այդ, 2021 թվականի օգոստոսի 20-ին «Վեդի Պլաստ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո, 2021 թվականի դեկտեմբերի 17-ից Արփի համայնքի ղեկավարի պաշտոնում լիազորությունները դադարեցված լինելու պայմաններում, 2021 թվականի դեկտեմբերի 22-ին կազմել և շինարարության օբյեկտը շահագործման հանձնելու ընդունող հանձնաժողովի ակտը հանձնաժողովի անդամների հաստատմանն է ներկայացրել, որից հետո իր ենթադրյալ իրավունքներն իրականացնելով, ուղղակի դիտավորությամբ, ստորագրել և Արփիի համայնքապետարանի կլոր կնիքի դրոշմով հաստատել է այն, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել «Վեդի Պլաստ» ՍՊ ընկերության իրավունքներին ու օրինական շահերին, այն է սուբվենցիայի ծրագրով նախատեսված 18․823․660 ՀՀ դրամը մինչ այժմ չի փոխանցվել ընկերությանը։
Բացի այդ, թիվ 22150322 քրեական գործով վարույթի ընթացքում 2022 թվականի մարտի 27-ին որոշում է կայացվել առգրավել նախկին Արփի խոշորացված համայնքին վերաբերելի գույքը, փաստաթղթերը, իսկ որոշմանը ծանոթանալու նպատակով այն ներկայացվել է Մերգել Ղարիբյանին և առաջարկվել հանձնել որոշմամբ նշված, առգրավման ենթակա փաստաթղթերը, ով իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով,ուղղակի դիտավորությամբ, հրաժարվել է հանձնել առգրավման ենթակա փաստաթղթերը, գույքը և կնքիները, այդ կերպ էական վնաս պատճառելով համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի իրավունքներին և համայնքի օրինական շահերին:
Այսպիսով` Մերգել Մուրադի Ղարիբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքները մեղավորությամբ կատարելու համար:
Ք.Մ.