Ռուսաստանից դեպի Հայաստան ավիատոմսերի գները շարունակում են բարձրանալ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գրեթե սպառվել են մինչեւ սեպտեմբերի վերջ նախատեսված չվերթների տոմսերը, իսկ եղածներն էլ բավական թանկ են:
ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ կատարող բոլոր ընկերությունների պարագայում պատկերը նույնն է եւ նվազագույն արժեքը տոմսերի այս պահին կազմում է 800 հազար դրամ, իսկ օրինակ բիզնես դասի պարագայում արժեքն անգամ աստղաբաշխական կարող է լինել: Օրինակ, սեպտեմբերի 23-ի համար կարելի է տոմս ձեռք բերել 800 հազար դրամից մինչեւ 1,4 մլն դրամ արժեքով: Իսկ արդեն սեպտեմբերի 24-ին Մոսկվայից Երեւան կարելի է հասնել անգամ 2 մլն դրամով:
Ավելի մատչելի տոմսեր կան սեպտեմբերի վերջին օրերի թռիչքների համար։ Սեպտեմբերի 28-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների գները տատանվում են 70 հազարից դրամից մինչև 200 հազար դրամի սահմանում։
Նկատենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք հայտարարելու որոշումից հետո տեղի ունեցավ ավիատոմսերի կտրուկ թանկացումը: Ավելին, երեկվանից ՌԴ քաղաքացիները փորձում են լքել երկրի տարածքը եւ մեկնել այն երկրներ, որտեղ թույլատրելի է մուտքն առանց վիզայի: Եվ հենց դա է պատճառը, որ ՌԴ սահմաններին խոշոր խցանումներ են: Ավելին, Ֆինլանդիան կարող է փակել իր սահմանը ՌԴ քաղաքացիների համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.