Չենք լռելու-ն կատարել է առաջին այցլությունը զորամաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության` բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը նախօրեին անակնկալ այցելել է Երևանին մերձակա սերժանտների պատրաստման ուսումնական զորամասերից մեկը:
Խմբի անդամները առանձնազրույցներ են ունեցել մի խումբ ժամկետային զինծառայողների հետ: Վերջիններս նշել են, որ զորամասում առկա են խտրականության դեպքեր` կապված ազատ արձակումների տրամադրման, ինչպես նաև վերակարգի նշանակման հետ: Մնացած առումներով զինվորները գոհ են եղել զորամասից: Զինվորականության մեջ առկա, այսպես կոչված, արժեքային համակարգի պատճառով տղաները խնդրել են որևէ տեղ չնշել իրենց անունը, ինչը Չենք լռելու-ի անդամներն արել են:
Զորամասի հրամանատարը, ով բավականին պատշաճ մարդու տպավորություն է թողել, հայտարարել է, թե տեղյակ չէ խտրականության դեպքերի վերաբերյալ` մեղքը գցելով ստորադաս սպաների վրա: Չենք լռելու-ն հորդորել է առավել աչալուրջ գտնվել իր ենթակաների հանդեպ` հիշեցնելով, որ, ամեն դեպքում, զորամասում առկա արատավոր երևույթների համար պատասխանատու է հրամանատարը, իսկ թերությունները նրա ուշադրության պակասի հետևանք են: Այցելության արդյունքների մասին հաղորդվել է պաշտպանության նախարարությանը: Նախաձեռնությունը որոշ ժամանակ անց ևս մեկ անգամ անսպասելիորեն կայցելի նույն զորամաս` տեսնելու փոփոխությունները:Հարկ է նշել նաև, որ նյութատեխնիկական հագեցվածության իմաստով որևէ թերություն զորամասում չի հայտնաբերվել, սակայն զինվորների միջև առկա խտրականությունը լուրջ խոչընդոտ է նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման համար:
Այցելության ընթացքում Չենք լռելու-ի անդմաներին ուղղակի ապշեցրել է Հայաստանի և Արցախի անջատ (առանց ազատագրված տարածքների) քարտեզների պատկերով զորամասի ամենատեսանելի վայրերից մեկում գտնվող ահռելի ցուցատախտակը: Հրամանատարը խոստացել է շտապ շտկել այդ խայտառակությունը` ավելացնելով ազատագրված տարածքները, որոնք մեր հայրենիքի անբաժան մասն են:Հայտնում ենք նաև, որ նախաձեռնությունում գործող թեժ գծին զորամասերից մեկում ծառայողներից մեկի մայրը ահազանգել է, որ հրամանատարները` հղվելով գլխավոր շտաբի պետի հրամանի բացակայության վրա, թույլ չեն տալիս զինվորներին ձմեռային հանդերձանք կրել, ինչի պատճառով նրանք մրսում են: Չենք լռելու-ն այդ մասին անհապաղ հայտնել է ՊՆ-ին, որը լուծել է խնդիրը:
Նախաձեռնությանը կոչ է անում բոլորին, ովքեր ունեն կոնկրետ տեղեկություններ բանակում առկա խնդիրների մասին, զանգահարել (055) 211-529 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով:Չենք լռելու-ն ևս մեկ անգամ հորդորում է իր մարզային ներկայացուցիչներին և համախոհներին` հասցնել թեժ գծի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն զինվորներին, նրանց հարազատներին և նոր զորացրվածներին:

Չենք լռելու, որ մեր տղերքը ծառայեն հանգիստ:





Լրահոս