Գործադիրը նախատեսում է օգնություն տրամադրել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի՝ հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ յուրաքանչյուր մարզին կհատկացվի 50 մլն դրամ գումար։ Այսինքն, Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերի տեղահանված բնակիչներին դրամական օգնություն կտրամադրվի՝ առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով։ Խոսքը 6 համայնքի բնակիչների մասին է։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ միայն լինելու է դրամական օգնություն, այլեւ՝ իրականացվելու են տուժած բնակիչների տների նորոգման, կառուցման ծրագրեր։ Տեղեկացանք, որ այս պահին վնասների գնահատման, գույքագրման աշխատանքներ են իրականացվում․ արդեն մի քանի օր է՝ մարզպետարանի, համայնքապետարանի համապատասխան աշխատակիցները տեղում գնահատման աշխատանքներ են իրականացնում։
ArmLur.am-ի հարցին՝ հնարավո՞ր է փոխհատուցման չափը փոփոխվի, մարզպետն արձագանքեց՝ նշելով․ «Եկեք չշտապենք, գնահատման աշխատանքներ են իրականացվում։ Իհարկե, կփոխվի, գնահատման աշխատանքներն ավարտելուց հետո կհասկանանք, թե մեզ ինչ չափի գումար է անհրաժեշտ։ Այս պահի դրությամբ մեզ տրվել է այդ չափի գումար, որպեսզի տուժածներին կարողանանք որոշակի աջակցություն ցույց տալ»։
Ի դեպ, տեղեկացնենք, որ Սոթքի բնակիչների մի հատվածը, որոնց տները լուրջ վնասվել են եւ հնարավոր չէ այնտեղ ապրել, գիշերել են ավտոմեքենաներում։ Սակայն մարզպետի խոսքով, այս պահի դրությամբ ավտոմեքենաներում գիշերող մարդիկ չկան․ «Նման մարդիկ չկան, արդեն մեզանից աջակցություն են ստացել եւ ապրում են մարզպետարանի, համայնքապետարանի կողմից վարձու բնակարաններում։ Գուցե առաջին օրը գիշերել են ավտոմեքենաներում, բայց հիմա չկան»։
Սյունէ Համբարձումյան