«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողներից մեկի մոր մատն է կոտրվել, մյուսի՝ ձեռքը վնասվել. սա ցավոք հատված է ոչ թե հայկական, այլ արդեն ադրբեջանական լրատվամիջոցների պատրաստած ռեպորտաժից: Հակառակորդի աչքից, որ ուշի ուշով հետևում է Հայաստանում ու Արցախում կատարվող իրադարձություններին, չի վրիպել նաև ոստիկանների «ծեփենք պատերին», «փռենք ասֆալտին» անմարդկային օպերացիան:
Անգամ ադրբեջանցիներն են զարմանում, որ Ջերմուկում կամ Վարդենիսում կռվելու փոխարեն՝ սև ու կարմիր բերետավորները «Եռաբլուրում» զոհվածերի մայրերին ու քույրերին են քարշ տալիս, բերման ենթարկում: Մեր հարևանները տեղի ունեցածը որպես խայտառակություն են որակում:
Օրվա իշխանությունները, որ ընդիմադիրներին մեղադրում էին պետության, պաշտպանության նախարարության մասին հարցեր բարձրաձայնելու միջոցով թշնամու ջրաղացին ջուր լցնելու մեջ, այս դեպքից հետո ձկան պես լուռ են:
Դեռեւս 2021 թվականի մայիսի 3-ին այն ժամանակ դեռ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց վարչապետ Փաշինյանին հարց էր ուղղում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, սփոփող պատասխանի փոխարեն, հոխորտում էր, թե բավ է հակառակորդին հուշեք մեր բնագծերի տեղը: Ավելին՝ Փաշինյանն ինքնավստահ հայտարարում էր, թե կահավորվում է առաջնագիծը, պարզապես մենք՝ քաղաքացիներս, չենք տեսնում դա:
Այդ հայտարարությունից ընդամենը 9 օր անց ադրբեջանական զորքը մտավ Հայաստանի սուվերեն տարածք: Իսկ արդեն տասն օր առաջ՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին, լայնամասշտաբ հարձակում սկսեց Փաշինյանի ասած կահավորված դիրքերի վրա:
Ընդդմությանը հակառակորդին հուշումներ տալու մեջ մեղադրող իշխանականներին հորդորում ենք ամեն օր նայել «Եռաբլուրի» խայտառակությունն ու դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցների պատրաստած ռեպորտաժները, խորը շունչ քաշել, մի բաժակ սառը ջուր խմել ու լիքը բերանով նորից գոռալ, թե ապագա կա:
Սևակ Վարդումյան