Հակառակորդի հրետակոծության հետևանքով սեպտեմբերի 13-ից 14-ը Սյունիքի մարզում վնասվել են բազմաթիվ բնակելի տներ: Բացի այս, վնասվել է Նորավան գյուղի գերեզմանոցը, Քարաշեն գյուղի մշակույթի տունը:
ArmLur.am-ին մարզի բնակիչները փոխանցեցին, որ ադրբեջանցիները առեւանգել են ավելի քան 6000 գլուխ ոչխար: Սյունիքի մարզպետարանից հետաքրքրվեցինք, թե ինչ չափի փոխհատուցում է տրվելու այն բնակիչներին, որոնց ունեցած մանր եղջերավորները գողացվել են: Սակայն մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ աշխատանքային խումբը գույքագրում է իրականացնում եւ դեռ պետք է հավաքվեն տվյալներ: Պարզվում է՝ մարզպետարանը ստացել է հեռախոսազանգեր նաեւ այն մասին, որ բնակիչները սարերում տեխնիկա են թողել:
Տեղեկացնենք, որ Սյունիքի մարզին եւս հատկացվել է 50 մլն դրամ գումար՝ Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերի տեղահանված բնակիչներին դրամական օգնություն՝ առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով։ Բայց նշված գումարը բավարար չէ, որպեսզի մարդկանց կրած կորուստները փոխհատուցվեն:
Օրինակ, հայտնի է, որ մեկ գլուխ ոչխարի արժեքն այսօր կազմում է 40 հազար դրամ, իսկ ադրբեջանցիների կողմից առեւանգված ոչխարների ընդհանուր արժեքը գերազանցում է 200 մլն դրամը: Էլ չենք խոսում այն մասին, որ մանր եղջերավոր կենդանիները նրանց եկամտի միակ աղբյուրն են: Եւ մարզի բնակիչները հույս են հայտնում, որ կառավարությունն առաջիկայում լիարժեք կփոխհատուցի իրենց կրած վնասները:
Բացի այս, նկատենք, որ Վերիշեն համայնքում վնասվել է 3 բնակելի տուն, մեկ բնակարանի ապակիներն են ջարդվել: Ակներում վնասվել է 1 բնակելի տուն, Քարաշենում հանդիսությունների սրահն է հրետակոծվել: Նորավանում քաղաքացու ավտոմեքենա վնասվել: Իսկ Կապանի բժշկական կենտրոնի երկու շտապ օգնության մեքենա է վասվել Կապան–Ճակատեն ճանապարհին:
Ս.Հ.