ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել մի շարք կրթական եւ մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարման, նախագծման եւ գույքային հագեցվածության ապահովում: Այդ նպատակի համար նախատեսվում է պետբյուջեում կատարել 146,413.9 հազար դրամի վերաբաշխում: Նախատեսվում է գումար հատկացնել՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ջեռուցման համակարգի տեղադրման, Երեւանի N 9 արհեստագործական պետական ուսումնարանի պատուհանների և դռների փոխարինման, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքի նորոգման, Երեւանի Բ. Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցի արտաքին կոյուղու ցանցի կառուցման համար: Նախատեսվում է նաեւ գույքով ապահովել Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Գումար կհատկացվի նաեւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մարմանը:

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 24 մլն դրամ հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Երեւանի թենիսի եւ բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման «Նախագիծ» փուլի ծառայության ձեռքբերման համար: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թ. ապրիլի 10-23-ը Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը անցկացնելու հանգամանքով: Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճի նախագծային լուծումները կներառեն հիմնական պահանջներ՝ օբյեկտի սեյսմակայունության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, ներքին հաղորդակցման ուղիների (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման), օդափոխության, օդորակման, տեսահսկման համակարգերի   կառուցման/հիմնանորոգման, տարածքի բարեկարգման, գոյություն ունեցող շենքի եւ շինության հատակագծային լուծումների արդիականացման եւ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարման միջոցառումներ եւ այլն:

Կառավարության որոշմամբ՝ կմիաձուլվեն Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը եւ Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը»՝ վերակազմակերպվելով «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաեւ ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող եւս 3 ստեղծագործական խումբ, որոնք այժմ գործում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ներքո՝ Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական համույթը եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը: Արդյունքում՝ 6 մշակութային կազմակերպությունների համար կստեղծվեն աշխատանքային եւ ստեղծագործական բարենպաստ պայմաններ, ինչն էլ իր հերթին կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը: Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի նաեւ մեկտեղել եւ կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները:

 

 

 

 

 

ՀԱՅ-ՍԼՈՎԱԿՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Գործադիրը հավանություն է տվել  2022 թ. ապրիլի 8-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սլովակիայի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

 

Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա՝ երկու երկրների միջեւ զարգացնել եւ խորացնել երկարատեւ տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը եւ անտառային տնտեսությունը, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաները, թվայնացումը եւ այլն։ Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագրով նախատեսվում է նաեւ հայ-սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի  ստեղծումը՝ երկկողմ տնտեսական համագործակցությունը համակարգելու եւ խթանելու նպատակով:

Հավանություն է տվել 2022 թ. հունիսի 10-ին Նուր-Սուլթանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Եվրասիական տնտեսական միության շրջանակում առողջապահության բնագավառում բազմակողմ համագործակցությունը հետաքրքրություն է ներկայացնում փոխշահավետ գործակցության հաստատման տեսանկյունից, որը  կօգնի կողմերի միջեւ համագործակցությունը զարգացնել առողջապահության կազմակերպման, բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի շրջանառության, ինչպես նաեւ վերջիններիս գրանցման գործընթացի դյուրացման տեսանկյունից: Արձանագրությամբ ներկայացված դրույթներով՝ նախատեսվում է ակտիվ համագործակցություն կողմերի միջեւ, ինչը ենթադրում է առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացում:

 

 

 

 

 

2023/2024 ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա)  2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական եւ ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդները հանձնում են ընդունելության առնվազն 2 քննություն: Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան:

Ըստ ընդունված որոշման՝ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը եւ մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:

Ըստ այդմ` նույն մասնագիտության դիմորդները պետք է հանձնեն ընդունելության նույն քննությունները` անկախ ընտրած բուհից:

Նշենք, որ 2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել եւ հանձնել 2 անգամ: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի այս տարվա դեկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 15-ը):

Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

 

 

 

 

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Համալսարանական հիվանդանոցի մուտքային մասնաշենքի՝ ձախակողմյան հատվածի առաջին հարկի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:

Շենքային պայմանների ընդլայնման անհրաժեշտությունն առաջացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ Զինվորի տանը բուժվող զինվորների քանակի ավելացմամբ պայմանավորված: Առաջին հարկում, որտեղ նախատեսվում է իրականացնել վերականգողական բուժում, զինվորները հնարավորություն կունենան ֆիզիոթերապեւտիկ եւ այլ տեսակի բուժումներ ստանալու:

Նոր բաժանմունքի հիմնանորոգման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 120 մլն դրամ:

 

 

 

 




Լրահոս