Այս ծանր օրերին Հայաստանում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ իրենց մտահոգությունն են հայտնել եւ միջազգային կառույցներին կոչով դիմել աշխարհում հայտնի հայեր, եւ ոչ միայն` փորձելով անտարբեր աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա: Հայաստանում կատարվող ծայրահեղ լարված դրությանը չեն անդրադարձել ռուսաստանաբնակ մեր հայտնի հայրենակիցները:
ArmLur.am-ը ստորեւ ներկայացնում է նրանց:
Այս օրերին քար լռություն են պահպանել եւ Ադրբեջանի մասին ոչ մի դատապարտող գրառում չեն արել՝ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, դերասան, հումորիստ Միխայիլ Գալուստյանը, մոդել Կարինա Գալստյանը, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Նշենք, որ համացանցում օգտատերերը եւ հայկական շոոուբիզնեսի ներկայացուցիչները բուռն քննադատության են ենթարկում նրանց:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ-ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄ
Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին՝ Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է ռեժիսոր Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։
Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Այժմ, առավել քան երբեւէ, կարեւոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան»,-ասվում է տեքստում:
Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուի գիտական աջակցությամբ եւ Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։
«Արշալույսի լուսաբացը» ստեղծվել է «Բարս Մեդիա»-ի կողմից (Հայաստան), Gebruder Beetz Filmproduktion-ի (Գերմանիա) եւ Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա) հետ համատեղ արտադրությամբ։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Eurimages-ին, Հայաստանի Ազգային կինոկենտրոնին, Լիտվայի կինոկենտրոնի, Arte/ZDF-ին, ինչպես նաեւ բոլոր այլ ֆոնդերին, դրամաշնորհներին եւ հիմնադրամներին, ովքեր օգնել են այս ֆիլմի արտադրությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
ԵՐԿՈՒ ՄԵԾ
ՊՐԵՄԻԵՐԱ
Այս պահի զբաղվածությունս բացառապես կապված է Գյումրու դրամատիկական թատրոնի հետ, առջեւում սպասվում են երկու մեծ պրեմիերաներ:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Տաթեւ Ղազարյանը՝ անդրադառնալով ներկա գործունեությանը:
«Իհարկե ստեղծագործական գործունեությունս միայն Գյումրու թատրոնով չի սահմանափակվում, Երեւանում նույնպես ունեմ կիսատ թողնված շատ գործեր, արդեն սկսել են թատերական ինսիտուտում դասերը, ինչպես նաեւ դասավանդում եմ մի քանի թատերական այլ դպրոցներում, հեռուստատեսություններում, զբաղվում եմ կրկնօրինակմամբ, ինչպես նաեւ թատրոնում ունենք «թատերական ընթերացնություն» ձեւաչափ, որով հիմնականում զբաղվում եմ ես, եւ անում եմ փոքրիկ դահլիճում փոքրիկ բեմադրություններ, եւ մինչեւ տարվա վերջ կունենանք երեք նոր պրեմիերաներ»,-ընդգծեց դերասանուհին:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆՎԵՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Երեւանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում «Սլովան»-ի դեմ խաղում տոնած հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած հայ զինվորին:
«Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին: Տղաներ, մենք ձեզ հետ ենք: Մենք կփորձենք ինչ-որ դրական բան փոխանցել հայ ազգին: Միասնական պետք է լինենք տխության եւ ուրախության պահերին»,-խաղից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մելիքյանը: Անդրադառնալով խաղին` մասնագետը շեշտել է, որ ճիշտ վերլուծություն էր կատարվել հակառակորդի խաղի վերաբերյալ, եւ գտել էին «Սլովան»-ի ուժեղ եւ թույլ կողմերը: ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երեւանի «Փյունիկ»-ը Երեւանում հաղթեց Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբին։ «Փյունիկ»-ը, ընդհանուր առմամբ, անցկացրեց կազմակերպված ու գրագետ խաղ, ինչի արդյունքում էլ արդեն առաջին խաղակեսում կարողացավ երկու գոլի առավելություն ստանալ։ Նախ՝ 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածքով գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը, ապա՝ երկու րոպե անց ոչ պակաս փայլուն հարվածով թիմի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Սեպտեմբերի 16-ին Սերբիայում մրցագորգ են դուրս գալու 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից` Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ պայքարով: Ալիխանյանն էլ 1/16-ում կմրցի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ:
ՀԱՂԹԵՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, երկրի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթեց աշխարհի երիտասարդական առաջնությունում: Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը սեւ խաղաքարերով մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Մարտինա Վիկարի հետ եւ հաղթանակ տարել՝ ժամանակից շուտ ապահովելով աշխարհի չեմպիոնի կոչումը: Մարիամ Մկրտչյանը 10 տուրերում էլ հաղթել է եւ 10 միավոր ունի իր ակտիվում: Առաջնության ավարտին 1 տուր է մնացել: Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես են գալիս մինչեւ 14, մինչեւ 16 եւ մինչեւ 18 տարեկանների խմբերում: Աշխարհի պատանեկան առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 17-ին: