ՀՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԷՐ ԴԻՄԱՎՈՐԵԼ ՓԵԼՈՍԻԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի ասուլիսը շարունակում է քննադատությունների եւ քննարկումների առիթ լինել: Ինչ էլ որ ասելու լինենք, այս հարցում թերակատարումն ակնհայտորեն ԱԺ արարողակարգի վարչությանն է: Այդ վարչությունը պետք է կազմակերպի՝ ով որտեղ կանգնի, երբ խոսի, ինչից հետո ինչն է սկսվելու եւ այլն:

 

Հիշեցնենք, որ լրագրողների հետ ունեցած բարձրաստիճան ճեպազրույցի ընթացքում թարգմանության հետ կապված խնդիր առաջացավ։ Նախ՝ կեսից սկսեց չաշխատել հենց Նենսի Փելոսիին տրամադրված թարգմանության սարքը: Այն փոխելուց հետո խնդիրը դարձյալ չլուծվեց, թարգմանությունը, ինչ-որ մի պահից սկսած, այլեւս չէր լսվում նաեւ լրագրողների համար։ Իսկ ինչի՞ց սկսվեց այս ամենը. նախ՝ ֆիքսենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ սկսեց իր բացման խոսքը, ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչները դեռ շարունակում էին աստիճանների վրա քայլել, տեղավորվել: Արարողակարգում չէր կազմակերպվել, թե ով որտեղ պետք է կանգնի, ով ում կողքին կամ թիկունքին: Հետեւաբար նաեւ տեխնիկապես հնարավոր չեղավ նախապես ստուգել սարքերը՝ աշխատո՞ւմ են թարգմանչական ականջակալները, թե՞ ոչ: Սակայն ֆիքսենք՝ ասուլիսից ժամեր առաջ ԱԺ նախագահի աշխատակազմի եւ հենց խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներն այս ու այն կողմ էին վազվզում, անընդհատ ստուգումներ իրականացնում՝ մեկ-մեկ, երկու-երկու:

Այսպիսով, վայրկյաններ անց, երբ պարզվեց, որ թարգմանությունը չի լսվում, ԱՄՆ դեսպանության աշխատակիցները դուրս բերեցին թարգմանչուհուն եւ կանգնեցրեցին Փելոսիի կողքին, որպեսզի նա տեղում թարգմանություն իրականացնի: Սակայն, նկատենք, որ Տիգրանուհուն ոչ ոք այդ պահին անգամ թուղթ ու գրիչ չտվեց, որպեսզի կարողանար աշխատել: Հետեւաբար սպասելի էր, որ անգամ ԱՄՆ դեսպանատան երկարամյա թարգմանիչը, որը հենց ԱՄՆ դեսպանի անձնական թարգմանիչն է, կարող էր սխալվել եւ չմտապահել երկար նախադասությունները: Այսպիսով, ստացվում է՝ սխալը սկսվեց առաջին հերթին՝ ԱԺ արարողակարգի խախտումներով, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, առանց սպասելու, սկսեց իր խոսքը, ինչից հետո էլ սկսվեցին տեխնիկական խնդիրները:

Արարողակարգային կոպտագույն խախտումներ են արձանագրվել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցի ընթացքում: Սկսենք ՀՀ Ազգային ժողովից. նախ՝ ովքեր էին գնացել դիմավորելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան: Ի՞նչ սկզբունքով էին ընտրվել այս մարդիկ: Եթե ԱԺ մեծամասնության խմբակցության ղեկավարը կար, ինչո՞ւ չէին հրավիրել նաեւ մյուս երկու խմբակցությունների ղեկավարներին: Անհասկանալի է. եւ այցի մնացյալ օրերին նույն մարդիկ կան բոլոր լուսանկարներում: Ծիծեռնակաբերդ այցելությանը, արդեն, ՔՊ երկու պատգամավորներ էին միացել՝ Սոնա Ղազարյան, Մարիա Կարապետյան, ովքեր միացել էին՝ դարձյալ անհասկանալի ընտրությամբ:

Այնուհետեւ Ազգային ժողովի շենքի առջեւ արված լուսանկարն ենք նայում, եւ ի՞նչ. պալատի նախագահի եւ նրան ուղեկցող հայամետ կոնգրեսականների՝ Ֆրանկ Փալոնի, Ջեքի Սփիերի, Աննա Էշուի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինսի Թրեյսիի կողքին դարձյալ Սիմոնյանն է կանգնած:  Կանգնած են Ռուբինյանը, ԱԺ նախագահի ընկեր Հայկ Կոնջորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը եւ, անհասկանալի կերպով, կադրում հայտնվել է Ալեն Սիմոնյանի օգնականը: Այս պատկերից  քննադատվեց միայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի հայտնությունը:

Մինչդեռ արարողակարգային մնացյալ սխալները բազմաթիվ էին: Դառնանք Կառավարությանը. վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անձամբ է դիմավորում Փելոսիին: Բայց տարակուսելին այն է, որ հետո մասնակցում է նաեւ Կառավարության ղեկավարի հանդիպմանը: Կառավարությունում են նաեւ Ռուբինյանը, Աղաջանյանը, Կոնջորյանը: Ինչո՞ւ էին նրանք նաեւ Կառավարություն գնացել. հարցն ունի մեկ բացատրություն, որովհետեւ ՔՊ-ական են: Ահա այսպես, սիրողական մակարդակով կազմակերպվեց բարձրաստիճան ընդունելությունը, որը դեռ երկար կհիշվի արարողակարգային սեմինարներում, թե ինչպես չի կարելի աշխատել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ հետ քաշել զորքերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը՝ ներկայացնելով Էնթոնի Բլինքենի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսային խոսակցության մանրամասները։

«Պետքարտուղար Բլինքենն երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա նախագահ Ալիեւին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, հետ քաշել զինված ուժերը եւ աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ՄՈՍԿՎԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Երեւանի եւ Բաքվի միջեւ կարգավորման տանող քայլերը։

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Երեւանի եւ Բաքվի միջեւ կարգավորման տանող քայլերը։ «Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով եւ ո’չ բարձրաձայն, ո’չ պոպուլիստական, այլ իրականում՝ անաղմուկ ու գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, կարող է նպաստել սահմանին իրավիճակի կայունացմանը, սա կարելի է ողջունել: Արդյո՞ք նման աղմկահարույց գործողություններն ու հայտարարությունները իրականում կարող են նպաստել այս նորմալացմանը, մենք կտեսնենք: Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա»։

 

 

 

 

ԴԵՍՊԱՆ՝ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»։

 

 

 

ԼՈՒՌ ՈՒ «ԳԱՂՏՆԻ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ից սկսած Ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունները խառնել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերը: Բանն այն է, որ սեպտեմբերի 18-ին պետք է տեղի ունենար կուսակցության համագումարը, որի ժամանակ վարչության նոր անդամներ էին ընտրվելու: Սակայն վերջին օրերի իրադարձությունների ֆոնին համագումարն անորոշ ժամանակով հետաձգվել է:

Սեպտեմբերի 25-ին, այնուամենայնիվ, Հայաստանի մի քանի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ լինելու են: Ավելին՝ այս ընթացքում շատ կուսակցություններ, այդ թվում՝ նաեւ ՔՊ-ն, շարունակել են բակ առ բակ, տուն առ տուն քարոզարշավ անել, բայց չեն հանրայնացրել:

Այսպիսով, այս կիրակի ընտրությունները տեղի կունենան, սակայն իշխող ՔՊԿ-ի համագումարի օրվա մասով դեռ որոշում չկա:

 

 

 

 

ՀԱՄԱԺՈՂՈՎ

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացավ հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը: Սակայն համաժողովի ընթացքն ամբողջությամբ փակ էր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Սակայն նկատենք՝ դեռ սեպտեմբերի 15-ին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը լրատվամիջոցներին համաժողովը լուսաբանելու հրավեր էր ուղարկել՝ ներկայացնելով հավատարմագրման կարգը: Սակայն դրանից երկու օր անց՝ սեպտեմբերի 17-ին, լրատվամիջոցներին այս անգամ իրազեկում են, թե որոշում է կայացվել համաժողովն ամբողջությամբ փակ անցկացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Ամեն դեպքում, ArmLur.am-ի թղթակիցը որոշեց գնալ համաժողովի վայր, փորձել  զրուցել ռուսական կողմի ներկայացուցիչների հետ: Ընդգծենք՝ սովորաբար նման համաժողովները միշտ էլ փակ ֆորմատով են անցկացվել, եւ լրագրողները հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվել եւ հետեւել հենց դահլիճում, սակայն, նախորդ դեպքերում, օրինակ, օպերատորներն են կարողացել ներսում կադրեր անել, կամ էլ տարբեր ճեպազրույցներ են կազմակերպված եղել: Այս անգամ երկու հնարավորությունն էլ բացակայում էր, եւ մեր թղթակցին ի սկզբանե զգուշացվեց՝ համաժողովի սրահ այցելել չի կարելի: Այս անգամ համաժողովի մասնակիցները, այդ թվում՝ մեր լրատվամիջոցի ներկայացուցիչները համալիր մուտք գործեցին այլ մուտքից, որտեղից հնարավորություն չունեցան հանդիպել ռուսական պատվիրակության առանցքային ներկայացուցիչներից որեւէ մեկին. նրանք այլ մուտքով էին մտել եւ դուրս եկել, ինչպես, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւս: Այնինչ՝ այս իրավիճակում, երբ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են, կարեւոր կլիներ լսել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի տեսակետը, որը նաեւ հայ-ռուսական-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի անդամ է, սակայն նրան եւս առհասարակ տեսնել չհաջողվեց:

 

 

 




Լրահոս