ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում չաթ բոթերի միջոցով ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների sticker-ներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

 

«Ստիկերները ստեղծվել են 2022 սեպտեմբերի 14-ին, բայց մենք այն հայտնաբերել ենք սեպտեմբերի 18-ին։ Ստեղծվելուց անմիջապես հետո դրանք դարձել են լայն հասանելի՝ ցանկացած անձի հնարավորություն տալով բեռնել եւ օգտագործել հաղորդակցության ժամանակ։ Մենք արձանագրել ենք 119 լուսանկար, այսինքն՝ 119 sticker, որը 5 օրում ունեցել է առավել, քան 20 000 ներբեռնում: Այսինքն՝ 20 000 ադրբեջանական օգտատեր ընդամենը 5 օրվա ընթացքում ներբեռնել է լուսանկարները «Տելեգրամի» իր հաշվին»,- այս մասին գրել է Թաթոյանը:

Իրավապաշտպանը նշել է, որ մասնագետի ջանքերով, «Տելեգրամը» փակել է այդ հնարավորությունը, բայց ակնհայտ է, որ այս նոր գործիքն ադրբեջանական հարթակներն օգտագործելու են հայ հասարակությանն ահաբեկելու, ծաղրելու նպատակով:

Sticker-ներում օգտագործվել են վայրագությունների լուսանկարներ, որոնք տեղի են ունեցել ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի, այնպես էլ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ժամանակ:

«Մեր ուսումնասիրությունը վկայում է, որ ադրբեջանական օգտատերերը, որոնք ներբեռնել են այդ լուսանկարները, մեծ ցնծությամբ են ընդունել հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգումների, մարմինների մասնատումների լուսանկարները՝ դրանք առօրյա հաղորդակցության, տարբեր քննարկումների ժամանակ օգտագործելու հնարավորության համար»,- նշել է նախկին պաշտպանը:

Թաթոյանն ընդգծել է` այս հանցավոր արարքը եւս մեկ ապացույց է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնամյակներով հովանավորվող հայատյացության քաղաքականությունն արմատավորվել է ադրբեջանական հասարակությունում, եւ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրության կոչերն ուղղակի շղարշ են միջազգային հանրության աչքերի համար, որով թաքցնում են իրենց իրական մտադրությունները։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաեւ ԱԹՍ-ներ:

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան:«Հայկական մամուլի միջոցներով եւ սոցիալական ցանցերով ակտիվ տարածվում է զոհված հայ կին զինծառայողի՝ կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Այդ տեսանյութը, զինծառայողի սեռն ու էթնիկ պատկանելիությունը թիրախավորելով ու արատավորելով, ակտիվ տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի «հիացմունքն ու գովեստը»։ Ադրբեջանական մեդիա տիրույթի դեպքում սա իհարկե ունի իր ակնհայտ բացատրությունը՝ էթնիկ հայի նկատմամբ ծայրահեղ ատելությունը, որը գեներացվել ու սնուցվում է ի թիվս այլնի նման ագրեսիվ հարձակումներով ու տասնամյակների համակարգային քաղաքականությամբ։

Սեպտեմբերի 14-ից՝ ժամը 20։00-ից, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։

 

 

 

 

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՐԻՔԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով՝ ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների կարիքներն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված՝ «Առաջնային կարիքի հավաքագրման հարթակի» միջոցով շարունակվում են գույքագրվել և բավարարվել։

 

Նախարարությունից հայտնում են, որ թեպետ պատասխանատու գերատեսչությունների կողմից տարածված հայտարարություններին այն մասին, որ այս պահին առկա ռեսուրսները բավարար են,  այնուամենայնիվ, մի շարք սոցիալական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ հավաքագրել են որոշ աջակցություն կամ ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել՝ որպես օգնություն։

Այսպիսով, առկա ռեսուրսները գույքագրելու եւ դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» (հղումը՝ https://bit.ly/3BuiVL4 ), որը ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին հնարավորություն կտա մեկտեղել ռեսուրսները՝ դրանք գրանցելով համակարգում։ Հավաքագրված տվյալները հասանելի կլինեն մարզպետարանների, ՏԻՄ-երի եւ ԱՍՀՆ համար` ըստ անհրաժեշտության՝ աջակցությունը համակարգելու եւ ըստ նպատակի տրամադրելու համար:

Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am պաշտոնական կայքի «Սոցիալական աջակցություն» բաժին եւ ընտրել «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» պատուհանը։

Համապատասխան դաշտերում պահաջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցում» կոճակը, որից հետո աջակցություն առաջարկողի օգտահաշվի ակտիվացման տվյալները կուղարկվեն նշված էլեկտրոնային հասցեին. հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է սեղմել նամակում առկա հղումը:

Օգտահաշիվը ակտիվացնելուց եւ համակարգ մուտք գործելուց հետո անձը կամ կազմակերպությունը հնարավորություն կունենա լրացնել առաջարկվող աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս դեպքում՝ անհրաժեշտ է սեղմել «Ավելացնել» կոճակը, բացված ձեւաթղթում լրացնել պահանջվող բոլոր տվյալները, ապա ընտրել «Հաստատել» սեղմակը: Մեկից ավելի մարզերում աջակցություն տրամադրելու դեպքում անհրաժեշտ է սեղմել «Կանաչ պլյուս» կոճակը եւ կրկնել նույն գործողությունները։

«Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» միջոցով համատեղ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ պատրաստ ենք լսել սոցիալական նախաձեռնությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկներն ու դիտարկումները։

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության ավագանու թեկնածուների 58 հոգանոց ցուցակի առաջին համարը՝ միասնական սոցիալական ծառայությունների Բերդի կենտրոնի տնօրեն Վահրամ Սուքիասյանը, 2017 թվականի նոյեմբերից մինչեւ 2022 թվականի մայիսի 19-ը   եղել է Բերդ խոշորացված համայնքի ավագանու անդամ, սակայն չգիտի, որ սեպտեմբերի 25-ի ընտրություններում Բերդ համայնքի բնակիչները ընտրելու են ոչ թե Բերդի քաղաքային, այլ համայնքային իշխանություն։ Իշխանամետ  civic. am  ինտերնետային կայքի  պատրաստած նախընտրական, ՔՊ կուսակցությանը գովաբանող  11 րոպեանոց տեսանյութում 3 տեղ Վահրամ Սուքիասյանը խոսել է՝ ընտրություններով Բերդի  քաղաքային նոր իշխանության ձեւավորման մասին, եւ ոչ մի տեղ չի խոսել համայնքային իշխանության ընտրության վերաբերյալ։  Նշված տեսանյութում Վահրամ Սուքիասյանը ներկայացված է որպես 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած  44-օրյա պատերազմի մասնակից, մինչդեռ նա 2020 թվականի աշնանը  չի եղել Արցախում, այլ  պատերազմի 44 օրվա ընթացքում՝ ՄՕԲ-ի կազմում՝ Բերդի տարածաշրջանի անտառներում, հերթապահություն է իրականացրել։

 

 

 

 

5-10 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Հարություն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի ժամկետային զինծառայող, 2022 թվականի հուլիսի 12-ից ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, 2022 թվականի հուլիսի 14-ին՝  ժամը 14:00-ի սահմաններում, գտնվելով հանգստացող հերթափոխում, օգտվելով համածառայող զինվորի  քնած լինելու հանգամանքից՝ սեքսուալ բնույթի  գործողություն է կատարել վերջինիս նկատմամբ, այն է՝ իր սեռական կրքին հագուրդ տալու նպատակով, ձեռքով շոյել է  համածառայողի հետույքը։ Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Սույն հոդվածը՝ որպես պատիժ, նախատեսում է 5-10 տարի ազատազրկում: Հ. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողության հանձնումը։ Սեպտեմբերի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մարտիրոսյանը որոշել է ստանձնել նշված քրեական գործի վարումը եւ նախնական դատական լսումներ է նշանակել 2022թ. սեպտեմբերի 14-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում այդ գործով հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 27-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

 




Լրահոս