Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում:
«Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,- խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Այս ու ռազմական ոլորտին վերաբերող հարակից այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթրը զրուցել է ռազմական փորձագետ, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանի հետ:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ թեեւ Հայաստանն ունի բավարար ֆինանսական միջոցներ, բայց հաճախ մեզ հրաժարվում են զենք վաճառել:
-Ազգային ժողովի հարթակից նման բան հայտարարելն անլրջություն է: Մեր երկիրը որեւէ մեկի սեփականությունը չէ, որեւէ մեկի հայրական տունը չէ: Իշխանության եկած ուժի գերխնդիրը պետք է լինի մարդկանց հարցերը, խնդիրները լուծելը նրանց մտահոգությունները լսելը: Իսկ եթե ի վիճակի չես դրանք անել, ուրեմն պետք է հեռանաս. եթե հայտարարում ես, որ մեզ զենք չեն վաճառում, ուրեմն անկարող ես: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մինչեւ ձեզ (օրվա իշխանությանը նկատի ունի- հեղ.) ՀՀ-ին զենք վաճառում էին, հիմա չեն վաճառում:
-Նման բան առհասարակ հանարավո՞ր է, որ ցանականաս զենք գնել, ու դա վաճառող չլինի:
-Առանձին անհատներ են նույնիսկ զենքի վաճառքով զբաղվում, հոգում, որ դա հասնի պատվիրատուին: Ամբողջ աշխարհի առաջնային բիզնեսներից մեկը զենքերի վաճառնքն է, Էլ չասած, որ պատերազմները հրահրում են հենց զենք վաճառելու համար: Փաշինյանի այդ հայտարարությունը վկայում է, որ կա՛մ զենք գնելու ցանկություն չունեն, կա՛մ ապաշնորհ են: Ուրիշ բան դրա տակ տեսնել հնարավոր չէ:
-Այնքան ապաշնորհ, որ անգամ զե՞նք չեն կարողանում ձեռք բերել:
-Կարծում եմ, որ ոչ թե չեն կարողանում, այլ չեն էլ ցանկանում ձեռք բերել: Իրենց հրապարակած տվյալներն ուսումնասիրելով, համենայնդեպս, ես այդպիսի տպավորություն ունեմ: Եթե գաղտնի ինչ-որ գործընթացներ են կան, որոնց մասին չի բարձրաձայնվում, դա ուրիշ հարց է:
-44-օրյա պատերազմի ժամանակ ամենից հաճախ հնչող հարցը, մտահոգությունը հետեւյալն էր՝ «ինչո՞ւ օդը փակ չէ» կամ «գոնե օդը փակեք»: Այսօր՝ պատերազմից երկու տարի անց արդեն ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի օդը փա՞կ է:
– Իհարկե ռազմական գաղտնիքից ելնելով այդքան էլ ճիշտ չէ այդ մասին մանրամասն խոսելը, բայց այն, որ ՀՕՊ ոլորտի համալրումն ու վերազինումն այսօր մի շարք հարցեր է առաջացնում, փաստ է: Ոչ միայն օդը փակ լինելու հարցն է մտահոգիչ, այլ նաեւ սահմանների ու բնագծերի ոչ ամբողջական, թերի կահավորումը: Բայց սրան զուգահեռ ուզում եմ նշել, որ Հայաստանն ու հայ մասնագետները թե՛ գիտելիքներ, թե՛ պոտենցիալ ունեն ոչ միայն հակաօդային պաշտպանության միջոցներ, այլեւ տարատեսակ զենքեր ու ռազմական նշանակության իրեր արտադրելու համար: Ավելին՝ առանձին անհանտները սեփական նախաձեռնությամբ են հաճախ զենքեր նախագծում, բայց դրա արտարդության համար, պետությունից անհրաժեշտ աջակցություն մարդիկ չեն ստանում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՄԵՐ ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ իմ եւ գործընկերներիս հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը»: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Բնականաբար, ես առիթը չէի կարող բաց թողնել՝ հանդիպելու եւ ԱՄՆ ազդեցիկ պաշտոնյայի մոտ բարձրաձայնելու Ադրբեջանի հանցանքների մասին՝ սկսած պատերազմական հանցանքներից /զորամաս է թիրախավորել, խաղաղ բնակավայրերի է հարվածել, թիրախավորել է տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները/, վերջացրած մեր զինծառայողների, կանանց խոշտանգումներով, դիակների մերկացումներով, դիակապտության այլ դեպքերով… պատերա՞զմ է սա, թե՞ բարբարոսություն։ Աշխարհի լռությունը, երկակի չափանիշների կիրառումը մարդու իրավունքների ոլորտում անթույլատրելի է:
Պատվիրակության նախագահին ներկայացնելով կոնկրետ տեղեկություններ՝ հատուկ խնդրեցի, որ օգնի մեր այդ դիրքերում մնացած զինծառայողներին կամ նրանց դիերը վերադարձնելու հարցում իր ազդեցությամբ ճնշի Ադրբեջանին՝ կատարելու միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունները, եւ վերադարձնի մեր բոլոր գերիներին:
Տիկին Փելոսիին միաժամանակ հայտնեցի, որ Ադրբեջանի հանցավոր վարչակազմը 2022թ. հունվարից արգելել է Արցախի շրջաններում անհայտ կորած հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների որոնողական աշխատանքները, որոնք արդյունքում դադարեցվել են։ Ահազանգեցի, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով՝ խախտվել է հայերի կյանքի, խաղաղ եւ երջանիկ կյանք վարելու, կրթության եւ մյուս իրավունքները. ունենք զոհեր եւ վիրավորներ ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում։
Ասացի, որ իր հանցավոր գործողություններով Ադրբեջանը զավթել է մեր ջրի ակունքները, պղծում է մեր պատմամշակութային հուշարձանները, քանդում՝ գերեզմանները եւ գործարան կառուցում… շատ այլ թեմաներ, որոնց կանդրադառնամ՝ ըստ անհրաժեշտության:
Հիմա մեր խնդիրը մինչ այս վերջին պատերազմը գերեվարված եւ նոր գերիներն են, անհայտ կորածները, դիերը (իհարկե Կարմիր խաչի հետ մշտական կապի մեջ եմ) եւ Հայաստանի դեօկուպացիան քաղաքական կամ այլ ճնշումների գնով: Մնացածը՝ առաջիկայում»։
Ե՞ՐԲ ՀԱՊԿ-Ը ԿԺԱՄԱՆԻ
ՀԱՊԿ նախագահությունը Երեւան կժամանի, բայց նոյեմբեր ամսին միայն: Այս մասին անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է տեղեկացրել:
«2022 թվականի նոյեմբերին Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենամյա գագաթնաժողովը»,- ասել է ՌԴ նախագահը՝ երիցս շեշտելով, որ ՀԱՊԿ-ը գործուն միջոցներ է ձեռնարկում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրացումը նվազեցնելու ուղղությամբ:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ից՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների վրա հարձակվելու օրվանից սկսած, ամբողջ հայ հասարակությունը սպասում է, թե ՀԱՊԿ-ը կամ դրա առաձին ստորաբաժանումները ե՞րբ են Հայաստան ժամանելու, որեւէ տեսակի օգնություն, միջամտություն ցուցաբերելու համար:
Հավելենք նաեւ, որ ՀԱՊԿ առաքելության խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, օրեր առաջ է ժամանել Հայաստան ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել: Այժմ, փաստրեն, Վլադիմիր Պուտինի փոխանցմամբ՝ նոյմեբերին ամբողջ ՀԱՊԿ նախագահությունը Երեւանում կլինի:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի պետական տուրքի գծով բեռը:
ArmԼur.am-ը տեղեկացավ, որ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից՝ յուրաքանչյուր 100 մլրդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմելու է 300 մլն դրամ: Իսկ տոտալիզատորի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 30 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմելու է 100 մլն դրամ:
Նշենք, որ 2017-2019 թվականների ընթացքում ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման համար պետական տուրքը կազմել է 500 մլն դրամ, իսկ 2020 թվականից 600 մլն դրամ է:
Բացի այս, 2017 թվականին ոլորտի կողմից ընդունվող խաղադրույքների ծավալը կազմել է 138,5 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին` 3.931 մլրդ դրամ:
Չնայած այն հանգամանքին, որ 2020 եւ 2021 թվականներից ոլորտը սկսել է հարկվել շահութահարկով, ոլորտի կողմից վճարվող հարկերը եւ տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի եւ ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ:
Բայց մյուս կողմից, կատարված խաղադրույքների ծավալների աճը սկսել է մտահոգել գործադիրին եւ որոշում է կայացվել տարբեր գործիքներով, այդ թվում՝ հարկային, զսպել խաղադրույքների կատարումը: