Երեկ Նյու Յորքում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Այն տեղի է ունեցել Նյու Յորքի «Փալաս» հյուրանոցում՝ պետքարտուղարի միջնորդությամբ եւ մոտ մեկ ժամ է տեւել: Հանդիպման մեկնարկին լրագրողների ներկայությամբ ուղերձով հանդես է եկել միայն պետքարտուղարը:
Նա գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ եւ ասել է, թե եւ՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հետ հեռախոսազրույցներում փոխանցել են, որ պատրաստ են խաղաղության: Ապա եռակողմ քննարկումները շարունակվել են դռնփակ ռեժիմով:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից: Նա հայտարարել է, որ ուժի կիրառումը, ինչպես նաեւ դրա սպառնալիքն անընդունելի են:
Միրզոյանի խոսքով՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար անհրաժեշտ է գործադրել միջազգային մեխանիզմներ։
Նախարարը կարեւորել է հումանիտար խնդիրները, այդ թվում՝ ռազմագերիներին շուտափույթ հայրենադարձելու անհրաժեշտությունը:
Նախօրեին Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ վերջին բախումների հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասել է 207-ի, երկու քաղաքացիական անձի գտնվելու վայրը հայտնի չէ, 20 զինծառայող գերեվարվել է:
Արարատ Միրզոյանը եռակողմ հանդիպման ընթացքում նաեւ վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։
Իսկ ահա ըստ «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության, Ջեյհուն Բայրամովը վերջին բախումների համար մեղադրել է հայերին, ասելով, թե հայկական կողմը դիմել է սադրանքների, ինչին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է անցկացրել:
Բայրամովի փոխանցմամբ՝ տարածաշրջանում վերականգնողական լայնածավալ ծրագրեր իրականացնող եւ նախկին փախստականներին վերաբնակեցնող Ադրբեջանին իրավիճակի սրումը ձեռնտու չէ:
Բայրամովը պնդել է, թե Ադրբեջանի տարածքը 30 տարի ապօրինի զավթված էր, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առաջարկել է խաղաղություն կնքել եւ բացել կոմունիկացիաները:
Բայրամովը նաեւ նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է լուծել հումանիտար հարցերը, սահմանազատման ու սահմանագծման աշխատանք իրագործել, սակայն Հայաստանն, իբր, խոչընդոտում է այդ գործընթացներին եւ կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները:
Ադրբեջանի ԱԳ նախարարը Նյու Յորքում ընդգծել է եռակողմ հայտարարություններին եւ բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքներին համապատասխան կայուն խաղաղություն ապահովելու նպատակով՝ երկու երկրների ղեկավարների միջեւ հրատապ բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները «քննարկել են հաջորդ քայլերը, եւ պետքարտուղար Բլինքենը կողմերին խրախուսել է՝ կրկին հանդիպել մինչեւ ամսվա վերջ»: Այլ մանրամասներ Նեդ Փրայսը չի փոխանցում՝ նշելով միայն, որ սրանք կողմերի միջեւ առաջին ուղղակի բանակցություններն էին վերջին մարտերից հետո:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՐԶՈՅԱՆ ԵՎ ԲԱՅՐԱՄՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։
ՀՀ ԱԳ նախարարը կարեւորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։
ՈՐՈՇՈՒՄ Է ՀԱՍՏԱՏԵԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որում նշվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերը՝
Կարեն Համլետի Սարգսյանին 2022 թվականի սեպտեմբերի 19-ից նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,-նշվում է որոշման մեջ։
ՎՐԱՍՏԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՄԻՋՆՈՐԴ
Վրաստանը նախկինի պես պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման համար, իսկ Թբիլիսին առաջարկում է՝ որպես բանակցությունների հարթակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում է գտնվում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում:
«Եթե անհրաժեշտ լինի, որ մեր երկիրը ներգրավվի գործընթացին որպես միջնորդ, մենք միշտ պատրաստ ենք», – ասել է Դարչիաշվիլին։
Նա հավելել է, որ Վրաստանն այդ կապակցությամբ ոչ մի նախապայման չունի։ Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Վրաստանի վարչապետի ջանքերի շնորհիվ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 զինծառայող, իսկ Երեւանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ:
Վրաստանի միջնորդության եւս մեկ օրինակ է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Թբիլիսիում:
ՀԻՄՆԱԴՐԱՄ Է ՍՏԵՂԾՎԵԼ
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հասարակական գործունեությամբ կզբաղվի։ Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ իր փորձն այս դաշտում կներդնի։
Նա հիմնել է «Թաթոյան իրավունքի եւ արդարության» հիմնադրամը։
«Ակտիվ հանրային գործունեւթյամբ եմ զբաղվելու։ Հիմնադրամի հիմնական նպատակը մարդու իրավունքի գերակայության ապահովումը, ՀՀ-Արցախ կապերի ապահովումն ու ամրապնդումն է եւ այլն»,- ասաց նա` նշելով, որ որեւէ մի մեծահարուստի ֆինանսավորումից չեն օգտվում։
«Հիմադրամը հիմնադրել ենք սփյուռքի մեր բարեկամների աջակցության շնորհիվ»,- նշեց նա։
ՄԻ ՇԱՐՔ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Սեպտեմբերի 15-ին ստանձնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն Աննա Վարդապետյանը մի շարք նոր նշանակումներ է արել: Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից:
Վարդապետյանի` սեպտեմբերի 16-ի հրամանով պաշտոնից ազատվել են նաեւ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը եւ նրա տեղակալ Արսեն Սարդարյանը։ Սեպտեմբերի 16-ի մեկ այլ հրամանով՝ մինչեւ Գլխավոր դատախազի տեղակալի նշանակումը, զինվորական դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալի պարտականությունների կատարումը դրվել է զինվորական դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանի վրա:
Մեկ այլ հրամանով՝ մինչեւ Երեւան քաղաքի դատախազի նշանակումը պարտականությունների կատարումը դրվել է Լիլիթ Գրիգորյանի վրա։
Աննա Վարդապետյանի սեպտեմբերի 16-ի մեկ այլ հրամանով էլ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը նշանակվել է գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին:
Զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել Սեւակ Հովհաննիսյանը:
ArmLur.am-ը գրել է, որ կադրային ջարդը Գլխավոր դատախազությունում սկսված է:
ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԱԶԱՏՈՒՄԸ
Երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զինդատախազ Վահե Հարությունյանը ազատվեց պաշտոնից. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստորագրեց նրա ազատման դիմումը, պաշտոնից ազատվել է նաեւ նրա տեղակալ Արսեն Սարդարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մերժել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի ազատման դիմումը ստորագրել: