ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 60 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ 2022-2023 ուսումնական տարում կիրականացվեն նախադպրոցական կրթական համալիր ծրագրերի փորձարկումները, որոնք մշակվել են՝ ըստ նախադպրոցական նոր չափորոշչի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

 

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որով սահմանվում են երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, կրթական ծրագրերի բովանդակությունը, երեխաներին ներկայացվող որակական պահանջները, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության եւ զարգացման վերջնարդյունքի ապահովման հիմքերը:

Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն Է, որը ներառում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները եւ դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները, երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը, երեխաների զարգացման ընթացքի եւ առաջադիմության մակարդակի դիտարկման ձեւերը:

Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի` նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետները պետք է շարունակական վերապատրաստումներ անցնեն:

Այդ նպատակով «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից մշակվել են նաեւ վերանայված ծրագրերին համապատասխան վերապատրաստումների մոդուլներ: Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար նշված մոդուլներով 2022 թ. օգոստոսին կազմակերպվել են վերապատրաստումներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում նոր չափորոշիչը ներդնելու նպատակով 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը, որոնք Տավուշի մարզում փորձարկվելուց հետո լրամշակվել են:

Նշվել է, որ Տավուշի մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ շարադրված հանրակրթության պետական չափորոշչի եւ դրա հիման վրա մշակված ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2021 թվականի ապրիլ եւ մայիս ամիսների համապատասխան հրամաններով հաստատված առարկայական նոր չափորոշիչների եւ ծրագրերի ներդրման փորձնական ծրագիրը:

Հումանիտար եւ հասարակագիտական առարկաների մասով փորձարկման ընթացքը համակարգել է «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը, իսկ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների մասով՝ «Այբ» կրթական հիմնադրամը: Իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, ինչպես նաեւ տրամադրվել է մենթորական աջակցություն:

Չափորոշիչը հիմնված է ութ կարողունակությունների վրա, որոնք հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանումպետք է զարգացնել ուսումնառության ընթացքում, իսկ հետագայում՝ կրթական այլ հաստատություններում եւ ողջ կյանքի ընթացքում։ Կարողունակությունների զարգացման ուղղությունները նկարագրելու համար չափորոշչում սահմանվել են տարրական, հիմնական եւ միջնակարգ կրթության վերջնարդյունքները, որոնք վերառարկայական են:

2021-2022 ուսումնական տարվա ավարտին փորձարկման արդյունքների հիման վրա լրամշակվել են ծրագրերը, որոնք ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում պետք է ներդրվեն 2023-2024 ուսումնական տարում:

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում առաջին կարգի մասնագետների, ինչպես նաեւ իրավախորհրդատուների թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարվում է ընդունելություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը:

Դիմումատուներին ներկայացվում են հետեւյալ հիմնական պահանջները.

բարձրագույն կրթություն (իրավախորհրդատուների համար՝ իրավաբանական կրթություն),

հայերենի գերազանց իմացություն,

օտար լեզվի իմացություն /ցանկալի է/,

աշխատանքային փորձ /ցանկալի է/։

Ցանկացողներին խնդրում ենք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, որից հետո վերջիներս կհրավիրվեն մասնակցելու նախնական ընտրությանը։

«Մասնակիցներին խնդրում ենք նախապես ուսումնասիրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն 25.12.1998թ. թիվ 821-Ն որոշումը՝ անձնագրային ծառայությունների գործունեությունը կանոնակարգող հիմնական իրավական ակտերի շրջանակում ընդունելության օրը հարցադումներին պատասխանելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

 

 

 

ՓՈԽԱՆՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ադրբեջանական կողմն երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանին է փոխանցել 95 հայ զինծառայողի դի։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը եւս 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

 

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՃՆՇՈՒՄՆԵՐ

Բերդ քաղաքից հայտնում են, որ Երեւանից, ՊԵԿ-ից ստուգողների խումբ է գնացել Բերդ, որը ստուգումներ է կատարել սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ խոշորացված համայնքի ընտրություններում՝ անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածուների, ակտիվիստների օբյեկտներում, սակայն էական խախտումներ չեն հայտնաբերել։ ՈՒժային կառույցների Բերդի ստորաբաժանումների ղեկավարները ճնշումներ են գործադրում, առանձնազրույցներ են ունենում «Զորավոր համայնք»   դաշինքի անդամների, ակտիվիստների վրա, որպեսզի վերջիններս ընտրությունների հետ կապված ակտիվություն չցուցաբերեն։ Բերդի համայնքի բնակիչները հայտնում են, որ խորհրդային տարիներին Բերդի տարածաշրջանը Հայաստանի սահմանամերձ շրջաներից միակն է եղել, ուր ադրբեջանցիներ չեն բնակվել։ Բերդ համայնքի բնակիչները սեպտեմբերի 25-ի ընտրությունները դիտարկում են, որպես ադրբեջանցիների մուտքը Բերդ, նրանց տարածքներ զիջելը կանխելու միջոց, այդ պատճառով իշխանական ճնշումներին հաստատակամ դիմագրավում են։ Նրանք չեն  կասկածում, որ սեպտմբերի 25-ի ընտրություններում « Զորավոր համայնք» դաշինքը ստանալու է ընտրողների քվեների մեծամասնությունը։

 

 

 

 

ԲԺԻՇԿՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ

Սեպտեմբերի 18-ին Նոյեմբերյանի ԲԿ-ից առողջական ծանր վիճակում Երեւանի «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի 40-ամյա բնակիչ, Նոյեմբերյանի թիվ 2, հիմնական դպրոցի  ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Ամիրաղյանը։  Նա վատ է զգացել իրենց տանը, տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ ռեանոմոբիլով Երեւան։   Տղամարդը  անչափահաս 4 երեխաների հայր է։ Նոյեմբերյանի ԲԿ-ից հայտնեցին, որ տղամարդու առողջության կտրուկ վատանալու պատճառը հայտնի չէ, դա պարզելու համար նա «Էրեբունի» ԲԿ-ում պետք է հետազոտվի։  Ա. Ամիրաղյանի հարազատները հայտնեցին, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում Ա. Ամիրաղյանը ուշքի է եկել,  սակայն իր   հարազատներին չի ճանաչել։ Հարազատները կարծում են, որ նրա վատանալու պատճառը թունավորումն է, Ա. Ամիրաղյանը իր ունեցած փեթակների մեղուներին տզի դեմ պայքարի սրսկում է արել  եւ կարող էր դրանից թունավորվել։ Ա. Ամիրաղյանի հարազատների վկայությամբ՝ հիվանդի   առողջական վիճակի կտրուկ վատանալու  պատճառը պարզելու համար «Էրեբունի» ԲԿ է հրավիրվելու հատուկ մասնագետ, որի կատարած հետազոտությունը եւ դրանից բխած մասնագիտական եզրակացությունը կարեւոր  է   հիվանդի ապաքինման համար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս